28 02 2019

Չգնալ Օգուրցովի ճանապարհով. «Առավոտ»

Չգնալ Օգուրցովի ճանապարհով. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Վերջերս քաղաքապետարանում մասնակցում էի մշակութային կառույցների մենեջերների հետ հանդիպմանը: Հանդիպումը կազմակերպել էր փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ նպատակ ունենալով զարգացնելու լրատվամիջոցների եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թատրոնների եւ թանգարանների փոխշահավետ համագործակցությունը:

Չգիտեմ, թե որքանով կարողացա օգտակար լինել մշակութային մենեջերներին, բայց սկզբունքը ճիշտ էր ընտրված. այս տեսակի հարաբերություններում պետք է աշխատի համագործակցության, ոչ թե առճակատման մոդելը: Նույն հայեցակարգը, կարծում եմ, կիրառելի է մշակութային ՊՈԱԿ-ների բարեփոխման եւ օպտիմալացման գործընթացում: Անիմաստ է որեւէ բան ձեռնարկել առանց այդ գործընթացի շահառուների կարծիքը հարցնելու: Հակառակ դեպքում կստացվի չոր, չինովնիկական մոտեցում, որը անխուսափելիորեն արդարացի դժգոհությունների պատճառ կդառնա:

ՊՈԱԿ-ները օպտիմալացնելու գաղափարը, ընդհանուր առմամբ, ճիշտ է: Սակայն, ինձ թվում է, այստեղ պետք է գործեն որոշակի սկզբունքներ.

1. Օպտիմալացումը պետք է նպաստի տվյալ մշակութային օջախների զարգացմանը, ոչ թե դրանցից ձերբազատվելու պետության ցանկության կատարմանը: Թատրոնի, երաժշտական կոլեկտիվի կամ թանգարանի կոմերցիոն հաջողությունները կամ անհաջողությունները չպիտի լինեն օպտիմալացման միակ չափանիշը:

2.Մշակութային գործիչների հետ շփման ժամանակ չինովնիկները պետք է դրսեւորեն համբերություն եւ տակտ: Չի կարելի վերեւից կայացնել մարդկանց տաղանդի կամ վաստակի «դատավճիռը»: Ենթադրենք, ոչ բոլոր դերասաններն են Հրաչյա Ներսիսյան կամ Լոուրենս Օլիվյե, բայց կան արվեստի համեստ մշակներ, որոնք կարեւոր դեր են խաղացել եւ խաղում մեր հոգեւոր կյանքում:

3.Որեւէ որոշում ընդունելուց առաջ պետք է բավականաչափ տեղեկատվություն հավաքել տվյալ ոլորտի եւ կոնկրետ մշակութային օջախի պատմության վերաբերյալ: Օրինակ, եթե պաշտոնյան չգիտի, թե ինչ է թատերական ժանրը կամ ինչպես է ստեղծվել այս կամ այն թատրոնը, ովքեր են այնտեղ աշխատել, ապա նա նմանվում է խորհրդային կատակերգությունների հայտնի հերոսներին՝ Բիվալովին եւ Օգուրցովին:

Առաջինը, ինչպես հայտնի է, անձամբ ծանոթ էր «ընկեր Շուլբերտի» հետ, իսկ երկրորդն առաջարկում էր ստեղծել «մեծ զանգվածային քառյակ»:

4. Մշակութային օջախների անվան մեջ որեւէ բառի կամ ձեւակերպման կրկնությունը դեռեւս հիմք չէ նրանց միավորման համար: Օրինակ, «ազգային», «երաժշտական», «Կոմիտաս», «թանգարան» բառերի հետեւում կարող են կանգնած լինել շատ տարբեր երեւույթներ:

…Քանի որ Արա Աբրահամյանը եւ ես կրում ենք միեւնույն ազգանունը եւ գրեթե նույն անունը, առաջարկում եմ մեզ օպտիմալացնել եւ միավորել մեր եկամուտները: Ենթադրում եմ, սակայն, որ ռուսաստանցի գործարարը դրան դեմ կլինի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ