23 02 2019

Պետք է պարզել Ալեքսանդր Սարգսյանի՝ պետությանը գումար տալու դրդապատճառը. Արա Ղազարյան. 168.am

Պետք է պարզել Ալեքսանդր Սարգսյանի՝ պետությանը գումար տալու դրդապատճառը. Արա Ղազարյան. 168.am

168.am-ը գրում է. «Օրերս Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանն անհատույց տվել է 18,5 մլն դոլար։ Դրանից հետո սկսվեցին ակտիվ քննարկումներ, թե ինչու է Սարգսյանը գումար նվիրում պետությանը: Հաշվի առնելով այն փաստը, որ վերջինիս նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ այս «նվիրատվությունն» այնքան էլ միանշանակ չի դիտվում։ Ավելին՝ որոշ իրավաբաններ, այդ թվում՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, պարզաբանումներ պահանջեցին իշխանություններից՝ ակնկալելով, թե կստանան այն հարցի պատասխանը, թե ինչու հանկարծ Ալեքսանդր Սարգսյանը որոշեց պետությանը հենց այնպես գումար նվիրել։

Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը փոխանցել է ևս 11,5 մլն դոլար, որը չկատարված հարկային պարտավորություն է եղել, և այն գանձվել է ակտերով։

168.am-ի հետ զրույցում Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը նշել է, որ, եթե Ալեքսանդր Սարգսյանը 18,5 մլն դոլարը պետությանը տրամադրել է իր կամքով, ապա որևէ խնդիր չի առաջանա, իսկ եթե նրա նկատմամբ եղել է ճնշում, հնարավոր է՝ առաջ գան խտրականության հետ կապված խնդիրներ։

«Հարցն այն է, որ դա տեղի է ունենում քրեական դատավարությանը զուգահեռ, որին դժվար է իրավաբանական գնահատական տալ, քանի որ այս պահին դեռևս անհայտ է՝ նրա վրա ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ։ Կոնկրետ պետք է պարզել՝ ինչն է դրդապատճառ հանդիսացել, որ նա գումար է տվել պետությանը, արդյո՞ք այդ գումարը քրեական դատավարության հետ առնչություն ունի։ Մենք ուղղակի չգիտենք, թե կուլիսներում ինչեր են կատարվում, որպեսզի հստակ գնահատականներ տանք»,- ասել է Ա. Ղազարյանը։

Հարցին՝ եթե հանկարծ Ալեքսանդր Սարգսյանի գործը հայտնվի ՄԻԵԴ-ում, արդյո՞ք այս ամենը պետությանը խոցելի չի դարձնի, Արա Ղազարյանը պատասխանել է, որ նման դեպք պրակտիկայում դեռևս չի գրանցվել, երբ քրեական դատավարության ընթացքում մեղադրյալը պետությանը գումար նվիրաբերի, և պարզ չլինի՝ դա վնասի փոխհատուցո՞ւմ է, բռնագանձո՞ւմ, թե՞ մեկ այլ բան։

«Այն փաստերը, որոնք մեզ հայտնի են, դեռևս բավարար չեն, որպեսզի գնահատականներ տրվի, պետք է հասկանանք, ի վերջո, ինչ է կատարվում կուլիսներում»,- շեշտել է Արա Ղազարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ