23 02 2019

Մարտի 1-ի գործը ջուր է. վարչապետը ճիշտ էր, ՀՔԾ-ն՝ սխալ. Յուրի Խաչատուրովի պաշտպան. ՀԺ

Մարտի 1-ի գործը ջուր է. վարչապետը ճիշտ էր, ՀՔԾ-ն՝ սխալ. Յուրի Խաչատուրովի պաշտպան. ՀԺ

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի մեղադրանքում մինչ նախաքննության ավարտ հայտարարելը փոփոխություն է արվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Գործի նյութերը 76 հատոր են կազմում և պաշտպանական կողմը 76 օր էր նախատեսել՝ դրանց ծանոթանալու համար, սակայն քննիչը 50 օրացուցային օր է սամանել դրանց ծանոթանալու համար, ինչը պաշտպանական կողմը պատրաստվում է վիճակել:

- Պարոն Պողոսյան, ի վերջո կարո՞ղ եք ասել, ըստ մեղադրանքի՝ Յուրի Խաչատուրովը իր ո՞ր գործողություններով է տապալել սահմանադրական կարգը:

- Մեզ պարզ չի մեղադրանքի էությունը, այս 8 ամսվա ընթացքում որևէ քննչական գործողություն Խաչատուրովի մասնակցությամբ չի կատարվել: Չկատարվելուց հետո նախաքննության ավարտից անմիջապես առաջ մեղադրանքի որոշումը փոփոխվեց, իբր հստակցումներ ներկայացվեցին, սակայն մեղադրանքի մեջ կոնկրետ Յուրի Խաչատուրովի գործողությունները բացարձակապես նկարագրված չեն: Դեռ ավելին՝ Յուրի Խաչատուրովի համար անհասկանալի է նաև, թե ի՞նչն է հիմք հանդիսացել նման մեղադրանք առաջադրելու համար, որովհետև նկարագրության մեջ իր կողմից ենթադրյալ վերագրվող որևէ գործողություն նկարագրված չէ: Մեղադրանք է առաջադրվել 300.1 հոդվածով (Սահամանդրական կարգը տապալելու համար), սահմանադրական կարգը տապալվում է որոշակի գործողություններով, հիմա այդ գործողություններից որևէ մեկը որոշման մեջ չենք գտնում, թե օրինակ Յուրի Խաչատուրովի ո՞ր գործողության հետևանքով Սահմանադրության երկրորդ հոդվածը դադարեց գործել և հետո ինչպես վերականգնվեց տապալված կարգը: Այսինքն՝ մեղադրանքում ոչ թե գործողություններ, այլ՝ իրադարձություններ են նկարագրված, թե այդ իրադարձությունների հետ ինչ առնչություն ունի Խաչատուրովը, հայտնի չէ:

Օրինակ, նկարագրված է մեղադրանք՝ «հետագայում հարուցված քրեական գործով փոփոխվել են պարկուճները», հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ Յուրի Խաչատուրովը ի՞նչ կապ ունի պարկուճների ենթադրյալ փոփոխման հետ, ինչո՞ւ է մեր մեղադրանքի ծավալում նկարագրված այդ հանգամանքը ու ի՞նչ գործողություններ է դրսևորել Խաչատուրովն այդ պարկուճների ենթադրյալ փոփոխման ժամանակ, բացարձակապես որևէ նշում չկա: Կարծում եմ, որ այս մեղադրանքը, նախաքննության գործի ավարտը, պաշտպանության իրավունքի խախտումը ժամկետ չտրամադրելը եկավ ապացուցելու մի պարզ ճշմարտություն՝ դեռևս անցած տարվա հոկտեմբեր ամսին, երբ վարչապետը ելույթ էր ունենում Ազգային ժողովում, ամբիոնից հայտարարեց, որ կալանքի քննարկման ընթացքում դատավորները զանգում և ասում են՝ գործը ջուր ա, այս գործի այն մասով ինչով հասցրել եմ ծանոթանալ, հիմնավորում է գործով միակ ճշմարտությունը՝ գործը իրականում ջուր է, վարչապետը ճիշտ էր, ՀՔԾ-ն՝ սխալ:

- Պարոն Պողոսյան, Յուրի Խաչատուրովի մեղադրանքում ի՞նչ ապացույցներ են դրվել:

- Որևէ ապացույց չկա: Յուրի Խաչատուրովը հանդիսացել է բանակային ու բավականին մեծ փորձով զինվորական, ինքը այլ ելք, քան տրված հրամանը կատարելը չուներ, իսկ 0038 հրամանը ակնհայտ ապօրինի չի եղել: Ես համոզված եմ այժմյան իրադրությունում ևս եթե մի պահ ենթադրենք, որ նմանատիպ հրաման արձակվի, նույն պաշտոնատար անձինք կկատարեն և պարտավոր են կատարել տվյալ հրամանի պահանջները...: Այդ հրամանի ակնհայտ ապօրինությունը որևէ մեկը չի կարող հիմնավորել, որովհետև եթե նույնիսկ ենթադրենք, որ այն ապօրինի է եղել, ապա վարույթն իրականացնող մարմնի համար տվյալ հրամանի ապօրինությունը պարզելու համար պահանջվել է 10 տարուց ավելի ժամանակ և որևէ զինվորական հենց այդ պահին ի վիճակի չէր պարզելու այդ հրամանի ապօրինությունը: Այժմ Յուրի Խաչատուրովը հրաման կատարելու համար մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար. ենթադրենք, իրավական է այդ դիրքորոշումը, և պայմանականորեն ենթադրենք՝ Երևան քաղաքում այդ պահին եղել է 10 հազար զինվորական, ապա ինչո՞ւ մեղադրանք չեն առաջադրում հենց այդ 10 հազար զինվորականներին՝ հրաման կատարելու համար:

- Ըստ փաստահավաք խմբի՝ Խաչատուրովն է եղել նոր ձեւավորված մարմնի հրամանատարը՝ Երեւան քաղաքում նոր բանակային կառավարման մարմնի ղեկավարը:

- Նախ և առաջ նշեմ, որ նոր ձևավորված մարմին ընդհանրապես չի եղել: Յուրի Խաչատուրովը հանդիսացել է ՀՀ ՊՆ տեղակալ-Երեւանի կայազորի պետ, այսինքն՝ չի ձևավորվել նոր մարմին և Յուրի Խաչատուրովը շարունակել է իրականցնել իր կայազորի պետի լիազորությունները: Այսինքն՝ բացարձակ անհիմն է ՀՔԾ այն դիրքորոշումը, թե իբր ստեղծվել է նոր զինվորական մարմին: Նմանատիպ հանրությանը մոլորեցնելու փորձերը հաճախ են եղել սույն քրեական գործով, մասնավորապես, երբ հրապարակվեցին գաղտնալսումների վերաբերյալ ձայնագրությունները, այդ ժամանակ պաշտոնատար անձինք մամուլի ասուլիսով հանդես եկան և հանրությանը բուն գործից շեղելու նպատակով ամպագոռգոռ հայտարարություններ կատարեցին. հայտարարեցին, թե իբր հատուկ ջոկատայիններ են եղել, որոնք կրակոցներ են արձակել, Տիգրան Աբգարյանի սպանության հանգամանքներն էին վկայակոչում, բայց ժամանակը եկավ ապացուցելու, որ սա կրկին փորձ էր՝ հանրությանը մոլորեցնելու, որովհետև այդ հանգամանքները գործով չեն հաստատվել և այս առումով որևէ փաստական տվյալ էլ ձեռք չի բերվել: Սա խոսում է այն մասին, որ նախաքննությունն ըստ էության տեղի չի ունեցել ու այս գործը ոնց ջուր կար հուլիսի 26-ին, այդպես ջուր էլ մնացել է մինչ այժմ:

- Այսինքն՝ ինքը պատրաստ է եղել ցուցմունք տալո՞ւ, բայց իրեն չեն լսե՞լ:

- Երբ ակնհայտ անհիմն և ապօրինի մեղադրանք է առաջադրվել, Յուրի Խաչատուրովը, օգտվելով իր իրավունքից, խնդրել է պարզաբանել մեղադրանքի էությունը, հիմքերը, ինչը քննիչի կողմից չի կատարվել և տեսնելով, որ ակնհայտ ապօրինություն է տեղի ունենում, Յուրի Խաչատուրովը առանց պարզաբանված մեղադրանքի որևէ ցուցմունք չի տվել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ