21 02 2019

Ո՞ւր մնացին աջակցության խոստումները․ «Հրապարակ»

Ո՞ւր մնացին աջակցության խոստումները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․«Զրուցակիցս ուշագրավ դիտարկում է անում․ «Եզակի ժողովուրդ ենք՝ մի տեղ ճանապարհ ենք փակում, որ հանքը չաշխատի, մեկ այլ տեղում ճանապարհ ենք փակում, որ աշխատի»։ Խոսքը, բնականաբար, առաջին դեպքում վերաբերում է Ջերմուկին՝ Ամուլսարին, որտեղ «Լիդիանի» գործունեությունը հեղափոխությունից ի վեր կասեցված է, մյուս դեպքում՝ Ալավերդուն, որտեղ պղնձամոլիբդենային կոմբինատն ու Թեղուտը կանգնած են, եւ մարդիկ ճանապարհ են փակում՝ պահանջելով աշխատեցնել հանքերը, որ ապրուստի միջոց ունենան, աշխատատեղ։

Մեր կառավարությունը, դատելով այս իրադարձություններից, կրավորական կեցվածք է որդեգրել՝ ոչնչի չի խառնվում, ոչինչ չի ձեռնարկում, ոչ մեկին չի խոչընդոտում, բայց նաեւ չի խրախուսում։ Տնտեսվարողները պատմում են, որ իրենց հետ հանդիպումներում երիտասարդ չինովնիկները՝ փոքրից մինչեւ մեծ, հուսադրում են, խոստանում են լուծել իրենց հարցերը, պայմաններ ստեղծել, որ ազատ ու անկաշկանդ գործեն։ Ամեն ինչ անել, որ նրանք նոր ներդրումներ բերեն Հայաստան, աշխատատեղեր բացեն։ Բայց դա՝ միայն խոսքով։ Գործնականում ոչինչ չեն անում, իսկ մի քանի տասնյակ մարդու բողոքի ակցիաների պարագայում առհասարակ դառնում են անհասանելի, կաթվածահար են լինում, վախենում ու հանձնվում։ Առավելագույնը, որ անում են՝ խորհուրդ են տալիս սպասել, լեզու գտնել բողոքողների հետ, փորձել համակիրների բանակ ձեւավորել եւ «ակն ընդ ական» սկզբունքով պայքարել։ Այդ դեպքում էլ ո՞ւր մնացին աջակցության խոստումներն ու կանաչ լույս վառելու պատրաստակամությունը։ Ո՞վ կարող է ասել՝ այսօր ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ կառավարությունը՝ հանքարդյունաբերության հետ կապված։ Ի՞նչ է անում, որ ե՛ւ էկոլոգիական միջավայրն ու բնությունը պաշտպանված լինեն, ե՛ւ արտադրությունն աշխատի՝ մարդկանց չզրկելով եկամտից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ