16 02 2019

Սամվել Ալեքսանյանի ընկերությունը կտրուկ նվազեցրել է հարկերը․ «168 Ժամ»

Սամվել Ալեքսանյանի ընկերությունը կտրուկ նվազեցրել է հարկերը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է անցած տարվա խոշոր հարկատուների ցանկը։ Այս ցանկը հետաքրքիր է նրանով, որ իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունը պատերազմ հայտարարեց օլիգարխներին և ստվերային տնտեսությանը։ Ենթադրվում էր, որ դա բերելու է՝ ինչպես ընդհանրապես, այնպես էլ՝ խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարվող գումարների կտրուկ ավելացման։ Առավել ևս, որ կառավարության ու Պետեկամուտների կոմիտեի ղեկավարները խոստանում էին էապես ավելի շատ հարկ հավաքել։

Իրականում ի՞նչ տեղի ունեցավ։ Բյուջեն թերակատարվեց։ Նախատեսվածի համեմատ՝ գրեթե 4 մլրդ դրամով պակաս հարկային եկամուտ հավաքվեց։

Իհարկե, հարկային եկամուտները գերազանցեցին նախորդ տարվա ցուցանիշը, բայց դրանք այն չէին, ինչի մասին տարիներ շարունակ խոսում էր ընդդիմությունը, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ իշխանության գալը նա խոստանում էր բյուջեի մուտքերն ավելացնել տարեկան առնվազն 800 մլն դոլարով։ Վարչապետի պաշտոնում նրան ոչ միայն չհաջողվեց կատարել այդ խոստումը, այլև նույնիսկ մոտենալ դրան։

Նախկինում մշտապես թիրախում պահելով որոշ հայտնի օլիգարխներին՝ այժմ արդեն Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարում խոսել նրանց կողմից վճարվող հարկերի մասին։ Ժամանակին այդպիսի օլիգարխներից էր, թերևս, Սամվել Ալեքսանյանը, որը մշտապես համարվել է իշխանությանը սպասարկող խոշոր գործարարներից մեկը՝ ունենալով ստվերում գործելու արտոնյալ պայմաններ։ Իշխանափոխությունից հետո, երբ հայտարարվեց նախկին հարաբերությունների վերացման մասին, թվում էր, թե դա պիտի հանգեցներ Ս. Ալեքսանյանի կողմից պետական բյուջեի վճարվող հարկերի ավելացմանը։ Սակայն հակառակն է եղել։

Գործարարին պատկանող հայտնի «Ալեքս Հոլդինգը» նոր իշխանությունների օրոք անհամեմատ ավելի քիչ հարկ է վճարել։ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ ընկերության կատարած հարկային պարտավորությունները նախորդ տարվանից պակաս են եղել 24,5 տոկոսով։ Տարբերությունը կազմել է 5 մլրդ 279 մլն դրամ։ Եթե 2017թ. «Ալեքս Հոլդինգը» պետական բյուջե էր վճարել 21 մլրդ 470 մլն դրամ, ապա 2018թ.` 16 մլրդ 191 մլն դրամ։

Թե ինչո՞վ է պայմանավորվել Ս.Ալեքսանյանին պատկանող այս ընկերության կողմից պետական բյուջե վճարված հարկերի կրճատումը, հավանաբար շատերին է հետաքրքրում։ Հատկապես որ, իշխանափոխությունից անմիջապես հետո Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց մեծածախ առևտրային ցանցերում, որոնցից ամենախոշորը պատկանում է, թերևս, հայտնի գործարարին, «անհավանական» սխեմաներ և հարկային պարտավորությունները թաքցնելու դեպքերի բացահայտման մասին։

Հետագայում, իհարկե, այդ բացահայտումները նույն արագությամբ մոռացության մատնվեցին։ Իսկ ավելի ուշ սկսեցին խոսակցություններ պտտվել, որ հայտնի օլիգարխը ոչ միայն այլևս Նիկոլ Փաշինյանի վաղեմի հակառակորդը չէ, այլև խորհրդարանի ընտրություններում իր բոլոր լծակներով պայքարում է նրա իշխանության ամրապնդման և ձայներ ապահովելու համար։

Այդպես էր, թե ոչ, այնքան էլ կարևոր չէ։ Բայց որ իշխանափոխությունից հետո Ս.Ալեքսանյանին պատկանող ընկերության մոտ տեղի է ունեցել վճարած հարկերի նման կտրուկ կրճատում, որոշակի հարցերի տեղիք է տալիս։ Հազիվ թե կարելի է կարծել, որ մենաշնորհներն ամրատախիլ անելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո գործարարը կորցրել է դիրքերը։ Որ ինչպես՝ մինչև իշխանափոխությունը, այնպես էլ՝ իշխանափոխությունից հետո Ս.Աելքսանյանին պատկանող ընկերությունը գերիշխող դիրք ունի բազմաթիվ ապրանքային շուկաներում, փաստ է։ Ավելին, որոշ ոլորտներում այդ դիրքերը նույնիսկ ամրապնդվել են։

Ի տարբերություն «Ալեքս Հոլդինգի», մի շարք խոշոր հարկատուներ ավելացրել են իրենց վճարները։ Դա նկատելի է հատկապես «Գրանդ Հոլդինգի» կազմում ընդգրկված ընկերությունների դեպքում։

Մասնավորապես, «Գրանդ Տոբակոն» ստանձնել է խոշորների առաջատարի դերը` վճարելով ավելի քան 42 մլրդ դրամ։ Նախորդ տարի այս ընկերությունը կատարել էր 34,7 միլիարդի պարտավորություն։ «Գրանդ Տոբակոն» խոշորների ցանկում առաջատար է դարձել հատկապես տարեվերջին կատարված վճարումներով։

Միայն չորրորդ եռամսյակում այս ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 14,5 մլրդ դրամ։

Հոլդինգի կազմում գտնող մյուս ընկերությունները ևս տարվա ընթացքում ավելացրել են պարտավորությունները։

Կրկնակի շատ հարկ է վճարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Այն կազմել է 41 մլրդ դրամ, ինչը երկրորդ ցուցանիշն է «Գրանդ Տոբակոյից» հետո։

Նույնքան կտրուկ կրճատվել են «Լիդիան Արմենիայի» պարտավորությունները` իշխանափոխությունից հետո ընկերության գործունեության համար ստեղծված անհաղթահարելի խոչընդոտների պատճառով։

Գրեթե փոփոխություն տեղի չի ունեցել «Գազպրոմ Արմենիայի« դեպքում։ Փոխարենը` հեղուկ վառելանյութի շուկայում գործող «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշնը» 5,8 միլիարդով ավելացրել է հարկային պարտավորությունները։ «Ֆլեշի» դեպքում հակառակն է եղել` հարկերը 200 միլիոնով պակասել են։ Մի բան, ինչը հավանաբար կապված է վառելանյութի շուկայում այս ընկերության դիրքերի թուլացման հետ։ Կրկնակի ավելացել են «Մաքս Պետրոլի» վճարած հարկերը` հասնելով 6 մլրդ դրամի։

Ընդհանուր առմամբ խոշոր հարկատուներն անցած տարի պետական բյուջե են փոխանցել 926,7 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ՝ նրանց կատարած հարկային պարտավորություններն ավելացել են 119,3 մլրդ դրամով։

Շատ է, թե քիչ, դատեք ինքներդ. 2017թ. խոշոր հարկատուների վճարներն ավելացել էին 91 մլրդ դրամով։ Աճը կազմել էր 12,7 տոկոս։ Անցած տարի եղել է 14,7 տոկոս։ Տարբերությունը 28 մլրդ դրամ է։ Եվ դա տեղի է ունեցել գրեթե 5 տոկոսանոց տնտեսական աճի պայմաններում։ Եթե սա է ստվերային տնտեսության դեմ հայտարարված անհաշտ պայքարի արդյունքը, ապա դժվար չէ պատկերացնել, թե այն ինչ է տվել։

Ընդ որում, որքան խոշորների ցանկն իջնում է ներքև, այնքան հարկային ճնշումն ավելի է մեծանում։ Եթե առաջին հարյուրի դեպքում հարկային պարտավորություններն ավելացել են՝ 14, ապա վերջինինը` 18,6 տոկոսով։

Ահա այսպիսի փոփոխություններ են կատարվել անցած տարի խոշոր հարկատուների ցանկում։ Դրանց դեռ հավանաբար առիթ կլինի անդրադառնալ։ Մի բան, ամեն դեպքում, ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո խոշորների վճարներում շատ բան չի փոխվել, չհաշված, որ առանձին հարկատուներ կտրուկ փոխել են իրենց վարքագիծը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ