«168 Ժամ»-ը գրում է․ «Այն, ինչ ասվել է, ըստ էության, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, ամրագրվել է նաև ծրագրում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրին, որը քննարկվում է ԱԺ-ում:
Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը: ՀՀ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում ռազմավարական են որակվում միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ Միացյալ Նահանգների և ԵՄ-ի ու այլ արևմտյան կառույցների հետ Հայաստանը դիտարկում է համագործակցության, հարաբերությունների խորացում, ինչը մի շարք վերլուծաբանների կողմից որակվում է՝ որպես միավեկտոր արտաքին քաղաքականության շարունակություն:
Փոլ Գոբլի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները ենթադրում են նաև հեղափոխական փոփոխություններ երկրի ներքին և արտաքին կյանքում, որը պետք է տեղի ունենա ժամանակի ընթացքում: Թեև, ըստ նրա, Արևմուտքը դրական է ընդունել այս փոփոխությունները, ՀՀ իշխանությունները հենց սկզբից հստակեցրել են, որ արտաքին քաղաքականության ոլորտում շեշտակի փոփոխություններ չեն լինելու, բայց Հայաստանն աշխատելու է բոլոր ուղղություններով:
«Ի սկզբանե սա արդեն հստակեցրել էր այն սպասելիքները, որոնք կարող էին ունենալ Հայաստանը գործընկերներն արտաքին քաղաքականությունից: Այնպես էլ չէ, որ Հայաստանից որևէ երկիր ակնկալել է նման կտրուկ փոփոխություն, սակայն Հայաստանը հայտարարել է, որ ընթանալու է ժողովրդավարացման ճանապարհով, ներդնելու է արևմտյան արժեհամակարգ, ինչն Արևմուտքին ավելին ակնկալելու առիթ է տվել: Բայց այն, ինչ ասվել է, ըստ էության, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, ամրագրվել է նաև ծրագրում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, բնական է, որ այդ հարաբերությունները պետք է շարունակվեին այնպիսի խորությամբ, ինչ ենթադրում է հարաբերությունների ռազմավարական բնույթը: Սակայն վերջին ամիսներին եղել են նաև թյուրըմբռնումներ հայ-ռուսական հարաբերություններում, ինչը նաև նշանակում է, որ ինչ-որ բաներ նույնը չեն, ինչ նախկինում: Իսկ ինչը նույնը չէ նախկինի համեմատ Արևմուտքի հետ հարաբերություններում՝ լիովին հստակ չէ, դրա համար ժամանակ է հարկավոր: Բայց արտաքին քաղաքականության հավասարակշռություն հարկավոր է բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, որը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ամուր է ռուսական ներկայությունն ու ազդեցությունը նաև ԼՂ հակամարտության պատճառով: Հենց այդ պատճառով Նահանգների ներկայացուցիչը Հայաստանում ակնարկեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծել՝ ազատվելու համար արտաքին ազդեցություններից: Բայց դա երկարաձգվող հակամարտություն է, այսօր ևս չկան դրա կարգավորման ուղիները, որը հեշտացնում է ռուսական ներկայության խնդիրը»,- նման տեսակետ հայտնեց Գոբլը:
Ինչ վերաբերում է ծրագրի Ղարաբաղյան հատվածին, ապա, ըստ Գոբլի, Կառավարությունը ներառել է իր տեսլականը:
«Կարծում եմ` անկախ նրանից, թե ինչ է ներառված այդ ծրագրում Ղարաբաղի մասով, ըստ էության, հայկական կողմի մոտեցումները չեն փոխվել, ուստի, անկախ ծրագրից, հակամարտության կարգավորման հետագան ունենալու է այն տրամաբանությունը, ինչ միշտ: Բայց ծրագրում, իհարկե, այդ հարցը պետք է լինի, մանրամասն պետք է ներկայացված լինի Հայաստանի դիրքորոշումը: Դա կարևոր է»,- նկատեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ կառավարության ծրագրում չկա որևէ անդրադարձ հայ-թուրքական հարաբերություններին, Գոբլը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ այդ թեման պարզապես չկա արտաքին քաղաքական օրակարգում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը