Շուտով կլրանա յոթերորդ գումարման խորհրդարանի մեկամսյակը, սակայն, որքան էլ զարմանալի է, 88 հոգանոց իշխանական խմբակցությունում դեռեւս օրենսդրական նոր նախագծեր չեն ծնվում, չնայած այն հայտարարություններին, թե նախկինից ծանր համակարգ են ժառանգել, այդուհանդերձ, իմքայլականներն այդ «ծանր» ժառանգությունը թեթեւացնելու օրենսդրական լուծումներ չեն պատրաստում։ Խմբակցությունում ընթացող աշխատանքային քննարկումների մասին «Հրապարակ»-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։
- ԱԺ-ում երբեւէ այսքան մեծ խմբակցություն ներկայացված չի եղել, սա նշանակում է, որ դուք ունեք բոլոր հնարավորությունները ե՛ւ խնդիրը ձեւակերպելու, ե՛ւ դրան լուծում տալու․ ձեր թիմում որեւէ խնդիր չի՞ ձեւակերպվել։
- Եղել են, բայց չեմ կարող մտաբերել։ Թերեւս Հարկային օրենսգրքի մասին եմ հիշում, որը վերջին քննարկման ժամանակ բուռն անցավ, բայց էլի առաջնահերթ հարցեր են եղել, որոնք չեմ հիշում։
- Պարոն Հակոբյան, Ձեր կարծիքով՝ 88 հոգանոց խմբակցությունում ի՞նչ պետք է անել, որ արագ եւ արդյունավետ աշխատանքներ ծավալեք։
- Գիտեք, մեր ֆրակցիան նոր ձեւավորված ֆրակցիա է, մարդիկ դեռ նոր են իրար ճանաչում, դժվարություն չեմ ասի, թե ներկայացնում է այսպիսի թվաքանակը, բայց դեռ ծանոթանում ենք իրար, ընտելանում ենք։
- Իսկ կարո՞ղ է ընտելանալու այդ պրոցեսը ձգվի մինչեւ հաջորդ ընտրություններ։
- Չէ, նման բան չի լինի, մենք արդեն մոտավորապես ընտելացել ենք։
-Բայց տեղեկությունները հակասական են, որ ձեր ֆրակցիայում արդեն թեւերի են բաժանվել, ազդեցիկ պատգամավորներից յուրաքանչյուրն իր շրջապատն է ձեւավորում․ սա չի՞ խանգարի օրենսդրական արդյունավետ գործունեություն ծավալելուն։
- Ես կարծում եմ՝ «Իմ քայլ»-ում պարզապես ընկերական թեւեր կլինեն, մարդիկ, որոնք իրար հետ ավելի մտերիմ են, բայց դա չի ազդի աշխատանքի վրա։ Օրինակ՝ եթե մի խումբ պատգամավորների տեսնեք սրճարանում սրճելիս, պետք չէ մտածել, որ նրանք առանձին խումբ են, նրանք ուղղակի կարող են ընկերանալ իրար հետ, դա չի ազդի մեր ֆրակցիայի գործունեության վրա, ոչ մի թեւեր, ոչ մի կլաններ չկան։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը