25 01 2019

Արդյո՞ք հարկային օրենսգիրքը տնտեսական հեղափոխություն կանի․ «168 Ժամ»

Արդյո՞ք հարկային օրենսգիրքը տնտեսական հեղափոխություն կանի․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Որոշ վերափոխումներից հետո կրկին շրջանառության մեջ է դրվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Չնայած հայտարարած տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհին կառավարությունը մեծ հույսեր է կապում այս փաստաթղթի հետ, ինչի մասին վարչապետը հատուկ շեշտեց նաև Դավոսի համաժողովի ժամանակ, այնուհանդերձ առաջարկված տարբերակը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, դժվար է հեղափոխական համարել։

Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո։ Տպավորություն էր, որ օրենսգիրքը ենթարկվում է համալիր վերանայման, կրճատվում է հարկերի քանակը, պարզեցվում և թեթևացվում է հարկային բեռը, ստեղծվում են անհամեմատ ավելի նպաստավոր պայմաններ։ Սակայն ամիսներ տևած քննարկումներից հետո այն, ինչ ներկայացվել է, հեռու է սպասելիքներից։ Որոշ տեղային լուծումներից բացի, փաստաթուղթն այլ բան չի առաջարկում։ Եվ, որ շատ կարևոր է, այն տանելու է երկրում սոցիալական բևեռացման խորացմանը։

Կառավարությունը մտադիր չէ Հարկային օրենսգիրքը ծառայեցնել հասարակության համեմատաբար անապահով խավերի եկամուտների ավելացմանը։ Ավելին, նախատեսվում են օրենսդրության այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնելու են հարկային բեռի ծանրացմանը և սոցիալական լարվածության խորացմանը։

Հարկային օրենսգրքի, մասնավորապես՝ եկամտային հարկի փոփոխություններով նախապատվությունը տրվել է բարձր աշխատավարձ ստացողներին, որոնց համար հարկի բեռը կնվազի։ Այլ կերպ ասած, շատ եկամուտներ ունեցողների եկամուտները կշարունակեն ավելանալ, իսկ քիչ ունեցողներինը` ոչ։

Ո՞րն է այստեղ սոցիալական արդարությունը, որը ժամանակին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը։ Սա ինչ-որ տեղ գուցե հասկանալի կլիներ, եթե մինչ այդ կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկեր գոնե ցածր աշխատավարձեր ստացողների եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։ Սակայն, ինչպես հայտնի է, նման բան պետական բյուջեով նախատեսված չէ։

Թե ինչո՞ւ է կառավարությունը համառորեն գնում այդ ճանապարհով, այլ խնդիր է։ Դժվար է հավատալ նաև նրան, որ այս մոտեցումը պայմաններ կստեղծի բարձր վարձատրվող նոր աշխատատեղերի ստեղծման համար, ինչպես կարծում է կառավարությունը։ Գերագնահատվում է համահարթեցված եկամտային հարկի կիրառման տնտեսական նշանակությունը։ Շատ ժամանակ պետք չի լինի դրանում համոզվելու համար։

Սոցիալական իրավիճակի լարվածությունը Հայաստանում կխորանա՝ պայմանավորված ոչ ամենևին միայն եկամտային հարկի առաջարկվող փոփոխություններով։ Նախատեսվում է ավելացնել ակցիզային հարկը, որը, ինչպես հայտնի է, ուղղակիորեն վճարում է սպառողը` տարբեր տեսակի ապրանքներ ձեռք բերելու ճանապարհով։ Այսինքն` դրանով կառավարությունը մտադիր է սպառողների հաշվին լրացնել այն կորուստները, որոնք բյուջեն կրելու է նույն եկամտային հարկը բարձր եկամուտներ ստացողների համար նվազեցնելու հետևանքով։

Ժամանակին անխնա քննադատելով ակցիզային հարկի աստիճանական ավելացման նախորդ իշխանությունների քաղաքականությունը՝ այժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ ավելի արմատական քայլեր է առաջարկում. Նախատեսվում է ոչ միայն պահպանել և արագացնել գործող օրենքում ամրագրված հարկային բեռի ծանրացման տեմպը, այլև ընդլայնել հարկման շրջանակը։

Այլ կերպ ասած`ավելացնել հարկի դաշտում ընդգրկված ապրանքատեսակների քանակը, ոչինչ, որ սպառողների մեծ մասը`պետությունից չստանալով եկամուտների որևէ հավելում, ստիպված է շատ ավելին վճարել դրանց դիմաց։ Ակցիզային հարկի բեռի ծանրացումը ենթադրում է դրա շրջանակներում ընդգրկված ապրանքների գների բարձրացում։

Բերենք մեկ-երկու օրինակ. այսպես` էթիլային սպիրտի 1 լիտրի համար ակցիզային հարկը նախատեսվում է ավելի քան կրկնապատկել։ Եթե գործող օրենքով առաջիկա երեք տարիների համար ամրագրված է 900 դրամ հաստատուն ակցիզային հարկ, ապա հիմա առաջարկվում է արդեն 2019թ. սահմանել 2000 դրամ։ Հաջորդ երկու տարիներին այն կավելանա ևս 1380 դրամով։ Ընդհանուր առմամբ հարկի դրույքաչափը երեք տարվա ընթացքում պլանավորվում է բարձրացնել 3,7 անգամ։ Ակցիզային հարկի բեռի կտրուկ աճ է նախատեսվում նաև սպիտրային խմիչքների դեպքում։ Երեք տարվա ընթացքում այն գրեթե կեռապատկվի` գերազանցելով լիտրի դիմաց 2000 դրամը։

Հարկային բեռի նման կտրուկ փոփոխությունը ենթադրում է սպիրտային խմիչքների նույնքան ակտիվ թանկացում։ Թանկացումը չի շրջանցի նաև գարեջրի շուկան։ Սահմանված, այսպես ասած, հաստատուն 105 դրամ ակցիզային հարկը ևս կվերանայվի և երեք տարում կբարձրանա 45 դրամով։ Ակցիզային հարկով կհարկվեն նաև գազավորված ըմպելիքները։

Հարկային օրենսգրքի փոփոխություններով կառավարությունը պատրաստվում է միկրոբիզնեսն ազատել հարկերից։ Թեև այդքան կարևորվում է դրա նշանակությունը տնտեսական հեղափոխության իրականացման գործում, այնուհանդերձ այն նախատեսվում է կիրառել հաջորդ տարվանից. Առաջարկվում է վերացնել արտոնագրային հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն՝ ներդնել մեկ միասնական` միկրոձեռնակատիրության հարկման համակարգ` սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել՝ ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները, այնպես էլ՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիներիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 24 մլն դրամը։

Հիշեցնենք, որ ներկայումս ինքնազբաղված անձինք՝ մինչև 9 միլիոն, իսկ ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները` մինչև 18 մլն դրամ շրջանառության դեպքում ազատված են հարկերից։ Շեմի բարձրացումը հազիվ թե այստեղ էական դեր ունենա, որովհետև այդ դաշտում ընդգրկվածների շրջանառությունները, միևնույն է, չեն կարող շատ մեծ լինել։

Նույնիսկ այդ պայմաններում կառավարությունն ամեն ինչ արել է դրանից օգտվողների շրջանակը հնարավորինս սահմանափակելու համար։ Մասնավորապես՝ «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս` առևտրի իրացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը»։

Նախագծով նախատեսված է պահպանել շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմը։ Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից գործող օրենքով այն այլևս պետք է լինի 58,3 մլն դրամ, որին կառավարությունը դեմ է։

Սա, թերևս, այն հիմնական առավելություններից մեկն է, որը փոքր և միջին բիզնեսին տալիս է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։

Դրանով կարծես լուծվում է նաև ավտոներկրողների խնդիրը. երկրորդ և ավելի մեքենաների իրացման դեպքում նրանք այլևս չեն հարկվի ԱԱՀ-ով։ Փոխարենը՝ կվճարեն եկամտային հարկ` ավտոմեքենայի գնի 1 տոկոսի չափով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ