24 01 2019

Ինչպես են հերքում անհերքելին․ «Հրապարակ»

Ինչպես են հերքում անհերքելին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Տարբեր պետական մարմինների եւ պաշտոնյաների կողմից սովորույթ է դարձել հերքել անհերքելին, թոզ փչել մարդկանց աչքերին։ Հասկանալի է, որ ոչ մեկին հաճելի չէ իր կամ իր ղեկավարած կառույցի մասին քննադատություն լսելը, բայց այդ հերքումները, որոնք սովորաբար արվում են անտեղյակ եւ դյուրահավատ մարդկանց համար, այնքան էլ անմեղ բան չեն՝ դրանք մեծ հաշվով մամուլն ու տեղեկատվությունը վարկաբեկելուն, նսեմացնելուն, իրենց մասին բացասական ինֆորմացիայի հոսքը այս պահին եւ այսուհետ կանխելուն ուղղված քայլեր են։

Այսօր երկու նման փորձ է արվել։ Մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով Դավոսում «Կերտելով Ժողովրդավարության ապագան» քննարկման ժամանակ հայտարարել է․ «Մենք մեր հեղափոխությունը սոցիալական ցանցերի միջոցով ենք իրականություն դարձրել, որովհետև մեդիան մեզ բլոկադայի էր ենթարկել, ու մենք կարողացանք ճեղքել այն՝ կիրառելով սոցիալական ցանցերը: Բայց հիմա էլ ես շարունակում եմ ուղիղ եթերներ անել իմ Ֆեսյբուքի էջում, և երբ ես փորձում եմ բացահայտել ինչ-որ կեղծ տեղեկատվություն իմ կամ կառավարության մասին, ինձ քննադատում են, թե ես մամուլի վրա ճնշում եմ գործադրում: Դա շատ հետաքրքիր իրավիճակ է»։

Մեկ նախադասության մեջ երկու, մեղմ ասած, «անճշտություն» կա։ Մեկն այն է, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը եւ Քաղպայմանագիրը հեղափոխությունից առաջ մեդիայի կողմից «բլոկադայի են ենթարկվել»։ Վերջին տարիներին մամուլը, այդ թվում անգամ հեռուստաընկերություններն, այնքան շատ եւ այնքան հաճախ են ներկայացրել իրեն, իր կուսակցությունը, իրենց խոսքը, գործը, քայլերը եւ դրա մասին ապացույցներն այնքան շատ են, որ օրինակներ բերելն անգամ ավելորդ է։ Պետք է ուղղակի համացանցում նայել եւ կարդալ մինչհեղափոխական մամուլը, ռեպորտաժները, տեսանյութերը, հարցազրույցները։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների ամենասիրելի «հերոսներից» է եղել տարիներ շարունակ։ Եւ այս պարագայում «ինֆորմացիոն բլոկադայի» մասին խոսելը ոչ միայն անիմաստ է, այլեւ տարօրինակ։

Երկրորդ միտքը՝ «երբ ես փորձում եմ ինչ որ կեղծ տեղեկատվություն իմ կամ կառավարության մասին բացահայտել, ինձ քննադատում են, թե ես մամուլի վրա ճնշում եմ գործադրում»։ Եթե խոսքը մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված մեր լուրի մասին է՝ չարչրկված «խաշի» մասին, ապա անգամ իր գրառման մեջ վարչապետը չէր հերքել այդ տեղեկատվությունը, ընդամենը «ընդվզել» էր Հանրապետականի հետ իրենց համեմատելու համար։ Իսկ համեմատությունները, կներեք, մեր լրագրողներիս իրավունքն է եւ դրանում ոչ մի ապատեղեկատվություն կամ կեղծիք չկա։ Մենք փնտրեցինք եւ իր ֆեյսբուքյան էջում չհայտնաբերեցինք այլ գրառումներ, որտեղ հերքում է կամ՝ «բացահայտում կեղծ տեղեկատվությունը»։ Եւ վերջապես․ կեղծ տեղեկատվությունը հերքելու համար կառույցներ եւ պաշտոնյաներ կան, օրինակ՝ իր խոսնակը, կառավարության մամուլի ծառայությունը, իր թերթը եւ ուղղակի անհարմար է, որ վարչապետն իր բան ու գործը թողած զբաղված է մամուլ կարդալով, մամուլի հրապարակումները հերքելով, ինֆորմացիոն «բլոկադան», իր խոսքով ասած, ճեղքելով։

Այսօր հրապարակված մյուս «կեղծ հերքումը» ՊԵԿ-ի պարզաբանումն է առասպելական պարգեւավճարների թեմայով, որտեղ առաջին նախադասությունից հետո, որտեղ ասված է․«ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են», հաջորդ բոլոր նախադասությունները գալիս են հաստատելու, որ ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ճշմարիտ է, ոչ մի սուտ այնտեղ չկա: 

Համեցեք․ «դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին»: Անգամ եթե 8-9 միլիոն դրամի մեջ ներառված է 2 ամսվա աշխատավարձը, դա չի նշանակում «առասպելական» պարգեւավճարներ չեն եղել։ Եւ եթե անգամ ինչ- ինչ ձեւակերպումներ ճշգրիտ չեն, դա չի նշանակում պետք է հերքեք ամբողջ տեղեկատվությունը եւ օգտագործեք «սուտ» բառը։ Առհասարակ՝ եթե լրագրողներից պահանջում եք ոսկերչի ճշգրտություն, ապա բարի եղեք դուք էլ մեծ պատասխանատվությամբ օգտագործել բառերն ու որակումները։ Մանավանդ, հղում անելով իբր գոյություն ունեցող իրավական սահմանափակումներին, չեք հրապարակում ողջ տեղեկատվությունը, մասնավորապես, թե ով ինչքան գումար է ստացել տարեվերջին ՊԵԿ-ում։

Իսկ «հերքման» շարունակության մեջ առհասարակ զավեշտալի մտքեր կան այն մասին, որ ՊԵԿ-ն «ի տարբերություն մյուս պետական մարմինների  ավելի շատ հնարավորություններ ունի հավելավճարներ և պարգևատրումներ տրամադրելու, որովհետև, 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքով և դրան հարակից օրենսդրությամբ ՊԵԿ-ի համար նախատեսված է եղել բավականին մեծ նյութական խրախուսումների և պարգևատրումների ֆոնդ, որի աղբյուրը եղել է Կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը»: Եւ վերջին միտքը՝ շատ ծանր մի տարեք «2019-ին այդքան մեծ պարգևատրման չափեր սահմանված չեն»: Ու «անխոցելի» մի փաստարկ․ «ՊԵԿ-ը կարծում է,  որ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ