«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր խմբագիրները, կարծես, գտել են հեղափոխական և հեղափոխությունը սխալ ընկալած խմբերի հաշտեցման բանալին՝ նվազեցնել ատելության մակարդակը, սառեցնել կրքերը, հասարակությանը տանել դրական տրամադրությունների դաշտ:
Չհամաձայնելը դժվար է, բայց մյուս կողմից էլ տեսնում ես, որ «քաղաքական մեծամասնություն» կոչվածն ամենևին մտադիր չէ համագործակցել «մտածող մարդկանց» հետ: Այլ հարց է, թե երբ, վերջապես, այդ «մեծամասնությունը» կհասկանա, որ հայաստանյան կյանքում քաղաքականությունն ու «մեծամասնությունը» հայտնվել են միանգամայն հակառակ բևեռներում: Կարելի է ասել՝ քաղաքականությունը մնացել է փողոցում, իսկ «մեծամասնությունը» հայտնվել է խորհրդարանում:
Բայց գեղեցիկ ճառերով միայն հնարավոր չէ համերաշխություն հաստատել հասարակության մեջ: Դրա համար, նախևառաջ, իշխանությունը պետք է ցույց տա, որ աչքուականջ ունի՝ տեսնելու և լսելու մյուսներին, իր քայլերով պետք է ապացուցի, որ հասկանում է այն խնդիրները, որոնք ընկած էին իշխանափոխության հանգեցրած այս շարժման հիմքում՝ որպես «հեղափոխության պատճառներ»: Վստահաբար, այդ պատճառներից էին գործազրկությունը, աղքատությունը, ծանր սոցիալական վիճակը, որոնց մասին տարիներ շարունակ խոսել են նաև օրվա իշխանության առաջնորդները: «Հեղափոխությունից» 9 ամիս անց մենք չենք տեսնում այդ երևույթները վերացնելnւն ուղղված որևէ գործնական քայլ: Հայաստանը դադարել է լինել սոցիալական պետություն: Լիբերալ ուժերը, որոնք այսօր իշխանություն են ձևավորել, այլևս չեն թաքցնում իրենց իսկական դեմքը: Ի՞նչ հաշտեցման մասին է խոսքը, երբ ընչազուրկ մարդուն, որը, ըստ քո երկրի սահմանադրության և օրենքների, պաշտպանության և սովից «չսատկելու» իրավունք ունի, անվանում ես «անբան», զրկում ես նպաստից, թե գնա, ոչխար պահիր կամ մի փոր հացի աշխատանք արա: Ի՞նչ հաշտության մասին է խոսքը, երբ կառավարության կառուցվածքային փոփոխությունների անվան տակ հազարավոր մարդկանց ես ընտրողաբար գցում փողոց: Վերջապես, ո՞ւմ հետ հաշտվեն այդ մտածող մարդիկ, երբ երկրում իրենց փոխարեն որոշումներ է կայացնելու մի կենսազանգված, որ իշխանության է եկել ժողովրդական շարժման ալիքի վրա, սակայն ընդունակ չէ երկու էշի գարի ջոկել իրարից:
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը փորձում է հղկել սուր անկյունները. «Ի հեճուկս իմ հասակակիցների փնթփնթոցների՝ ես կարծում եմ, որ խորհրդարանի այս կազմն իր որակով ավելի բարձր է, քան նախորդները: Օլիգարխների թանակը կտրուկ նվազել է, կանանց, երիտասարդների, գիտության մարդկանց թիվը՝ շատացել: Ինձ համար հատուկ հաճույք է շփվել «սովետ չտեսած» երիտասարդների հետ՝ նրանք ինձնից տարբեր ձևով են մտածում և, զգում եմ բնազդորեն, ինձնից ավելի ճիշտ»: Բազմափորձ Աբրահամյանը չի տեսնում, արդյոք, որ օլիգարխների քանակը խորհրդարանում նվազել է զուտ տեսողական առումով, և այսօր խորհրդարանում են այդ նույն օլիգարխների հովանավորյալները: Ծիծաղելի չէ՞, երբ մի իշխանություն, որ տակավին գտնվում է նախորդների ստեղծած ուժային կառույցների վերահսկողության տակ, հայտարարում է հին համակարգի փլուզման, օլիգարխիայի, մենաշնորհների, կոռուպցիայի և անօրինականության վերացման մասին՝ որպես կատարված փաստի: Վերջապես, պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կբացատրեիք այն իրողությունը, որ «սովետ չտեսած» և «ձեզնից ավելի ճիշտ մտածող» մանդատավոր բիոմասսան Աժ նախագահ է ընտրում ձայների 100 տոկոսով:
Իմ կարծիքով՝ այսօր ատելություն և հակակրանքներ կան ոչ թե հասարակության ներսում, այլ հասարակության և իշխանության միջև: Հասարակությունն իր ներսում միշտ հաշտ ու խաղաղ է, թանի դեռ նրա մի մասին մյուսի դեմ չեն հանել, քանի դեռ նրան «սևերի» և «սպիտակների» չեն բաժանել: Եթե հասարակության բնույթը խաղաղասիրական չլիներ, հեղափոխությունները չէին դադարի, գյուղը կապստամբեր քաղաքի դեմ, շենքը՝ շենքի, հարևանը՝ հարևանի: Հասարակության դժգոհությունը միշտ ուղղված է իշխանություններին, այո, նաև այն իշխանությանը, որին այդ նույն հասարակությունն է ընտրում: Հետևաբար, երկրում ատելության մթնոլորտ չստեղծելու, հաշտ ու խաղաղ հասարակություն ունենալու հարցում քաշելիք ունի առաջին հերթին իշխանությունը:
Ավաղ, Հայաստանում այսօր չկա այն իշխանությունը, որը, թվում է, ամեն ինչ պետք է կառուցեր սիրո և համերաշխության վրա, արդարություն հաստատեր, արժևորեր ձեռքբերումները և աղբանոց նետեր նախկինների թերություններն ու հոռի երևույթները: Նախկին դեմքերին քրեական հետապնդման ենթարկելը դեռևս ապացույց չէ այն բանի, որ օրվա իշխանությունը փորձում է կատարել հեղափոխական խոստումները: Կարելի է, իհարկե, հասարակությանը որոշ ժամանակով համոզել, որ Մանվելին բռնելուց հետո միայն կարելի է հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնել: Բայց դա կարող է հանգեցնել առողջական խնդիրներ ունեցող մարդու հանդեպ ատելության խորացման և ոչ համերաշխության: Կարելի է որոշ ժամանակ հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանն է «մարտի 1» կազմակերպել և ատելություն սերմանել նախկին նախագահի նկատմամբ, փորձելով ցույց տալ, թե Մարտի 1-ի բացահայտման խոստումը կատարվել է: Իսկ ի՞նչ է լինելու վերջում, երբ պարզվի, որ մեղադրանքը սին է, Մարտի 1-ի գործը՝ չբացահայտված:
Նոր իշխանությունների պահվածքը նպաստում է իրենց հանդեպ հարգանքի ձևավորմանը: Հազիվ թե: ժամանակը չէ՞, որ իշխանության եկածները դադարեցնեն իրենց ֆեյսբուքյան հաթաթաները մտածող մարդկանց, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների, բուհերի ղեկավարների, խորհրդարան չանցած քաղաքական գործիչների և այլոց նկատմամբ: ժամանակը չէ՞, որ նոր իշխանությունները վերանայեն ազգային արժեքների, պետական անվտանգության, բանակի, հայկական ընտանիքի, հայ մարդու բարոյական կերպարի, Հայ Առաքելական Եկեղեցու, սփյուռքի, երկրի տնտեսության, մշակույթի և արտաքին քաղաքականության հարցերին իրենց մոտեցումները: Թե՞ թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել միայն այն նպատակով, որ ստեղծվի մի նոր հեծանիվ, որով տեղ հասնելու հավանականությունը, մեղմ ասած, 0-ի է հավասար:
Դատելով հասարակական հարթակներում և մամուլում ընթացող քննարկումներից՝ կարելի է միանշանակ պնդել, որ «հեղափոխական օրերի բումը» նվազել է: Ֆեյսբուքյան զոմբիների հորդաները, որոնք ապրիլ-մայիսին «մուկ էին ճղում», անհետացել են: Սա խոսում է այն մասին, որ հասարակությունն աստիճանաբար վերագտնում է իր համերաշխությունը և ունակությունը՝ ականջալուր լինել իր ներքին ձայնին: Իշխանությունը, անշուշտ, նկատում է դա, հասկանում է, որ այլևս հնարավոր չէ էյֆորիայի հաշվին հրապարակներ լցնել, բայց և քայլեր չի ձեռնարկում իր հանդեպ սաղմնավորվող «ատելությունը» սպանելու ուղղությամբ:
ՀԳ. Գալուստ Սահակ/անը կասեր՝ ժողովուրդը պարտավոր է փրկվել: Գալուստ Գրիգորիչ ջան, սկսել ենք կարոտել քեզ»:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՏԱՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը