18 01 2019

Նոր Ազգային ժողովն ունի բազմաթիվ տարօրինակություններ․ «Ազգ»

Նոր Ազգային ժողովն ունի բազմաթիվ տարօրինակություններ․ «Ազգ»

«Ազգ» շաբաթաթերթը գրում է․ «Հունվարի 14-ին կայացավ Հայաստանի երրորդ հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը: Դեռ ամիսներ առաջ քաղաքական զարգացումները ցույց էին տալիս, որ այս խորհրդարանն ավելի ծիծաղելի ու անբովանդակ է լինելու, քան` նախորդը, որտեղ որպես կոճակ սեղմողներ նստած էին Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանն ու Մանվել Գրիգորյանը:

Դեռ անհասկանալի է` սա խորհրդարա՞ն է, թե՞ մանկապատանեկան ակումբ: Իհարկե, այդ մտավախությունը ցրում են դահլիճում երևացող մեկ-երկու տարիքոտ և փորձառու պատգամավորները, լավ է ասված` տարիքով և փորձառու, նրանցից են Գագիկ Ծառուկյանը, նրա թիկնազորի պետն ու, ասենք, Հովիկ Աղազարյանը: Այս խորհրդարանը մեր երրորդ հանրապետության պատմության մեջ այն բացառիկ խորհրդարանն է, որտեղ ընդդիմություն չկա, որտեղ երկու կարծեցյալ ընդդիմադիր ուժերն ավելի շատ ընդդիմանում են իրար, քան` իշխանությանը: Դա տեսել ենք թե՛ նախընտրական քարոզարշավի ժամանակ, թե՛ առաջին նիստի օրը, որը կարծես ոչ թե նիստ էր, այլ` ԲՀԿ-ԼՀԿ բանավեճ:

Բայց ամենածիծաղելին այն է, որ այս խորհրդարանում կան պատգամավորներ, որոնց երբևէ զբաղեցրած առաջին հաստիքային պաշտոնը պատգամավորությունն է: Պատկերացնո՞ւմ եք, բուհից հետո մարդը, ներեցեքՙ երեխա պիտի ասեի, միանգամից պատգամավոր է դառնում և մտնում խորհրդարան, ազգային խորհրդարան, և որոշում պետության քաղաքացիների նստել-վեր կենալը: Ասածներիս վառ ապացույցն էր` նորածին պատգամավորների անկարողությունը` քվեարկության ժամանակ. երեք փորձից խորհրդարանը կարողացավ մի կերպ կոճակ սեղմելու ձևը սովորել, իհարկե, բացառությամբ տասներկու հոգու, ավելին` չկարողանալով սպիտակը սևից ջոկել, և որոշեցին ձեռք բարձրացնելով հայտնել իրենց այո-ն ու ոչ-ը: Մի՞թե սա է մեր ազգին բնորոշ խորհրդարանը, որի անդամներից շատերը ծաղրում են մեր կրոնը, ազգային արժեքներն ու ավանդները: Այս պատգամավորների զգալի մասն այնքան կարիերիստ ու ցուցամոլ է, որ, ասենք, բաճկոնի վրա գրում են` պատգամավոր: Առավել ծիծաղելի է, երբ այդ ամենը գրվում է զինվորական համազգեստի վրա: Փորլուծության աստիճանի ծիծաղելին էլ այն է, որ այդ զինվորական բաճկոնները կրողներից գրեթե ոչ ոք չի ծառայել ո՛չ հայկական, ո՛չ էլ ուրիշ որևէ երկրի բանակում: Սա այն խորհրդարանն է, որի կազմում ներգրավված իշխող «Իմ քայլը» դաշինքի երևելի անդամ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ պետք է պոռնոգրաֆիական տեսանյութերի նկարահունումներն ու տարածումը, միասեռականությունը և մի շարք ամոթալի երևույթներ դառնան օրինական: Վերջին հաշվով սա այն խորհրդարանն է, որի կին դեպուտատկաներից ոմանց համար ազգ, ցեղ, գեն, հայկականություն հասկացությունները ծիծաղելի են:

Այսքանից հետո ինքներդ հարցրեք ձեզ` սա հաստա՞տ ազգային ժողով է: Տա Աստված, որ «ապ» ժխտական նախածանցի մասին չհիշեք: Եթե սա ազգային ժողով է, այդ դեպքում ովքե՞ր են մեր պատգամավորները: Ի՞նչ կարող են անել նրանք, ինչ ծրագրեր կարող են առաջարկել: Ճանաչելով նրանցից շատերին, վստահաբար կարող եմ նշել, որ նրանք իշխող խմբակցության համար ուղղակի գլխաքանակ են, կոճակ սեղմողներ, ոչ ավելին;

Այս խորհրդարանի կարևոր բացթողումներից, եթե չասեմ ամոթալի թերություններից մեկը, որ բոլորինս է, ավանդական կուսակցություններից ոչ մեկի ներգրավված չլինելն է: Ճիշտ է` հնությունը բավարար չէ խորհրդարանի կազմ մտնելու համար, բայց նրանց անցած ճանապարհը, մասնավորապես անցյալ դարասկզբին` արևմտյան Հայաստանում մղած ինքնապաշտպանական և դրանից հետո` սփյուռքում` ինքնության պահպանման դժվարին պատերազմները մեծ ասելիք են բովանդակում նրանց մասին: Բոլոր թերություններով հանդերձ, նրանք ազգային, ազգայնական կուսակցություններ են. ինչու՞ այսօր խորհրդարանում չեն:

Ստեղծված քաոսային իրավիճակում, երբ խորհրդարանը զուրկ է իրական ընդդիմությունից, կարևոր է մտավորականության, հանրային մտքի կրողների գործոնը, եթե, իհարկե, դեռ մնացել է, եթե մտավորականները դեռ չեն դարձել ներկա իշխանության կցորդները, այնպես, ինչպես որոշները կցվել էին նախկիններին: Հույս եմ հայտնում, որ նման մարդիկ կկարողանան իրենց ակտիվությամբ ստեղծել արտախորհրդարանական ազգային ընդդիմություն և իրենց ազդեցիկությամբ ուղի ցույց տալ իշխանությանը»:

Գ․ Գյուլումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ