09 01 2019

Ո՞ւր մնացին սակագների նվազեցման խոստումները․ «168 Ժամ»

Ո՞ւր մնացին սակագների նվազեցման խոստումները․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Չնայած ձևավորված սպասումներին, այնուհանդերձ կառավարությունն այդպես էլ չկարողացավ գտնել միջոցներ հանրային ծառայություններն էժանացնելու համար։ Ու հիմա սկսել է հասարակությանը համոզել, որ սակագները չբարձրացնելն արդեն լուրջ ձեռքբերում է։

Մինչդեռ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն անխնա քննադատության էին ենթարկում նախկիներին՝ հանրային ծառայությունների չհիմնավորված բարձր գների, ոլորտում ֆինանսական չարաշահումների, ծախսերն ուռճացնելու, միլիոների հասնող կորուստների համար։ Մեկ անգամ չէ, որ հայտարարվել է սակագները նվազեցնելու հնարավորությունների մասին։ Սակայն իշխանության գալուց հետո այդ խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում։

Այլևս պարզ է, որ հերթական սակագնային տարում խմելու ջրի համար սպառողները վճարելու են այնքան, որքան մինչև իշխանափոխությունը։ Իհարկե, դա չի նշանակում, որ հաջողվեց խուսափել ջրամատակարարման ոլորտում մատուցվող ծառայությունների գնի բարձրացումից։ Իրականում խմելու ջրի սակագինը բարձրացավ շուրջ 11 դրամով, ինչը բավական կտրուկ փոփոխություն է։ Պարզապես դրա կիրառումը մի քանի տարով հետաձվեց։

Այսպես թե այնպես, սպառողներն ինչ-որ պահից վճարելու են այդ գումարը։ Ու այդ ժամանակ սակագնի ծանրությունն ավելին է լինելու, քան կարող էր լինել։

Բացի խոստումներ շռայլելուց, կառավարությունը ոչինչ չկարողացավ անել գազի սակագնի հարցում։ Այն ևս չի էժանանա։ Հույսերը, որ Ռուսաստանը կնվազեցնի մատակարարման գինը, չարդարացան։ Ընդհակառակը՝ այն նույնիսկ թանկացավ 10 տոկոսով՝ նախկին 150-ից դառնալով 165 դոլար։

Ու այս պայմաններում որքան էլ հայտարարվի, թե ներքին սակագները կպահպանվեն, դա չի կարող համարվել ձեռքբերում, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Ըստ էության, դրանով հիմքեր են ստեղծվում նոր պարտքեր կուտակելու կամ ապագայում սակագները բարձրացնելու համար։

Ներմուծվող գնի բարձրացման դիմաց ինչ-որ մեկը պետք է վճարի։ Եթե դա սպառողները չեն, ապա ո՞վ է։ Այս հարցի պատասխանն առայժմ գաղտնի է պահվում։ Բայց դա մի օր հայտնի է դառնալու։ Չի կարող այնպես լինել, որ «Գազպրոմը» մի գրպանից փողը դնի մյուս գրպանը և համարի, որ հարցը լուծված է։ Այդ դեպքում ո՞րն է ընդհանրապես մատակարարման գնի բարձրացման տրամաբանությունը։

Հատկապես որ, ինչպես բազմիցս հայտարարվել է, սակագնի նախորդ իջեցումից հետո համակարգը սկսել է կորուստներ ունենալ։ Սպառման ընդլայնման միջոցով ֆինանսական մուտքերն ավելացնելու ակնկալիքները չարդարացան։ Սակագնի նվազեցումն անհրաժեշտ էֆեկտիվությունը չունեցավ, ինչի հետևանքով «Գազպրոմը» ստիպված է փոխհատուցել ձևավորվող վնասները։ Այս պայմաններում տրամաբանությունից դուրս է, երբ ներմուծումը թանկանում է, իսկ ներքին սակագները չեն փոխվում։ Այդպես չի լինում։

Անկախ դրանից, ակնհայտ է, որ գազի գնի հետ կապված հերթական թնջուկն է հասունանում։ Բայց խնդիրը միայն դա չէ։ Հարց է առաջանում, թե ի՞նչ եղան սակագների նվազեցման այն ներքին ռեսուրսները, որոնց մասին խոսում էին այսօրվա քաղաքական իշխանության ներկայացուցիչները։

Բա ո՞ւր մնացին ներքին թալանի, չարաշահումների ու ուռճացումների հաշվին սակագները նվազեցնելու՝ նախկինում արված հայտարարությունները։

Այնպիսի տպավորություն է, որ ներմուծվող գազի դիմաց սպառողներն այլևս կրկնակի թանկ չեն վճարում։ Իշխանության գալուց հետո նախկին ընդդիմությունը դադարել է այդ մասին խոսել։ Ընդհակառակը՝ կառավարությունը սկսել է հասարակությանը նախապատրաստել նրան, որ մեծ ձեռքբերում է նույնիսկ գազի ներքին սակագնի պահպանումը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ