«Հրապարակ»- ը գրել է. Ի՞նչ է իրենից ներկայացնում դավադրությունների տեսությունը: Թերևս ճիշտ կլինի ասել՝ դա իրականության խեղաթյուրված պատկերումն է մեկ այլ՝ զուգահեռ հարթության վրա: Եթե դա արվում է վարպետորեն, մարդը, որ հայտնվել է զուգահեռ հարթությունների միջև, սկսում է շփոթել, չտարբերել իրականությունը այդ նույն իրականության աղճատված պատկերից: Գործնականում հնարավոր չէ պայքարել դավադրությունների տեսության դեմ: Դա հաճախ արդյունք է այլակարծության, նույն իրադարձությանը տրված տարբեր գնահատականների, տարբեր մեկնաբանությունների:
Մեռնեմ ժողովրդավարությանը, ինչպես ասում են: Որքան մարդ՝ այնքան կարծիք, և երբեմն դժվար է լինում այդքան կարծիքների մեջ որոշել՝ որն է «դավադրություն» և որը՝ ճշմարտություն:
Խոսենք կոնկրետ օրինակներով: Նիկոլ Փաշինյանն արդեն 8 ամիս է փորձում է ինձ համոզել, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, այն էլ թավշյա, այն էլ սիրո և համերաշխության: Շատ ներողություն, բայց ես չեմ հավատում: Գուցե պատճառն այն է, որ հեղեփոխության մասին իմ պատկերացումնե՞րն են այլ: Ժամանակին, Փաշինյանի հանգույն, ինձ համոզում էին, որ Հայաստանում Շանթի հեղափոխություն է տեղի ունեցել, ավելի ուշ՝ «Սասնա ծռերի» հեղափոխություն: Մի քիչ շատ չե՞ն հեղափոխությունները: Իսկ որևէ մեկը կարո՞ղ է ցույց տալ այն հեղափոխական իրավիճակները, որ կային Շանթի, «Սասնա ծռերի», ինչու ոչ՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից առաջ: Սերժ Սարգսյանն արդեն ժողովրդի «ըստեղն» էր հասցրել, ու անհնար էր այլևս ապրել հին ձևով՝ Փաշինյանի հեղափոխությունն են մեկնաբանում Լենինից ու Մարքսից մի երկու տող կարդացածները: Հիմա ուզում եք ես հավատամ, որ «ըստեղը» հասած ժողովուրդը «թավշյա հեղափոխությունից» ոչ լրիվ մեկ տարի առաջ գնաց ու ձայն տվեց այդ նույն Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՞ն: Կներեք, բայց ես համոզված եմ, որ այս թավշյա հեղափոխությունը ավելին չէ, քան թատերական ներկայացումն իր գործող անձերով ու բեմական անհրաժեշտ ռեկվիզիտներով: Հետևաբար, ինձ համար դավադրության տեսությունը հենց այն է, երբ սրան ասում են հեղափոխություն:
Ինչպե՞ս կարող էր հեղափոխությունը երկրի ուժային կառույցները թողնել նախկին իշխանությունների, ես կասեի՝ Սերժ Սարգսյանի ձեռքին: Այն էլ ասեմ, որ ինձնից բացի այս հեղափոխությանը չհավատացողները էլի կան: Օրինակ՝ Պուտինը, Թրամփը, Մերկելը, Մակրոնը: Ողջ Աֆրիկա մայրցամաքից Նիկոլ Փաշինյանին շնորհավորող չի եղել: Հնդկաչինը լուռ է, Նոր Զելանդիան և Ավստրալիան՝ նույնպես: Նույնիսկ հարևան Իրանը չի շնորհավորել: Լավ, գոնե Բոլթոնը շնորհավորեր: Նա էլ է լուռ : Հավանաբար զարմացել է, թե ինչ մոգական ազդեցություն են ունեցել իր խոսքերը ՀՀ «նոր իշխանությունների« վրա:
«Հրապարակի» կրտսեր գործընկերս՝ Կորյուն Սիմոնյանը, մի հետաքրքիր նյութ էր պատրաստել դավադրությունների տեսության մասին ու մի քանի օրինակ էր բերել: Մի քիչ անխնամ է գրել, բայց ոչինչ, կարևորը հետաքրքիր մտահղացումն է այս դեպքում: Եվ, ահա, Կորյունը, որպես դավադրությունների տեսությունից մի նմուշ, բերել է «Լուսավոր Հայաստանը» Միքայել Մինասյանի անվան հետ կապելու օրինակը: Իմ կարծիքով, սակայն, դավադրությունների տեսություն կլիներ «Լուսավոր Հայաստանը» Միքայել Մինասյանի հետ չկապելը: Իսկ ինչո՞ւ չկապենք, երբ «Լուսավոր Հայաստանը» լիքն է հարգարժան Միքայել Մինասյանի կադրերով, երբ ԼՀ-ի առաջնորդն այնքան սիրում է հյուրընկալվել այսպես կոչված «միշիկական լրատվամիջոցներին», երբ ԲՀԿ-ից պարզորոշ ասում են, թե ով է օգնել Էդմոն Մարուքյանին՝ փոստաթղթեր կեղծելով պատգամավոր դառնալ:
Իսկ ԱԺ ընտրությունների թանկ քարոզարշա՞վը, կարո՞ղ էր որևէ «կլասիկ» քաղաքական գործիչ իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ: Սիրելի Կորյուն, կխնդրեի պարզապես հետաքրքրվել, թե օրերս ինչ գնանոց մեքենա է գնել Մանե Թանդիլյանը: Խոստանում եմ, որ այդկերպ շատ հետաքրքիր բացահայտում արած կլինես ոչ միայն մեր հանրության համար, այլև դավադրությունների տեսության մեջ ընդհանրապես:
Կարելի է կողք կողքի դնել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հեռարձակումը և Վլադիմիր Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձը: Ես հիմա ինչի՞ն հավատամ՝ Պուտինի փաստացի ուղերձի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան այցի մասին պատմություններին՝ ՀԱՊԿ-ին, գազի գնին և մյուս ռազմավարական հարցերի անդրադարձ չի եղել, իսկ Պուտինն էլ նստել ու «ձավար է արել» հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Ինձ համար պարզ է, որ Փաշինյանն է այս դեպքում դավադրությունների տեսություններ հրապարակ նետում, մինչդեռ իմքայլականները հավատացած են, որ իրականությունը հենց դա է: Դավադրությունների տեսություն չէ՞, արդյոք, արտահերթ ընտրությունները ազատ, արդար և որակով գնահատելը: Նույնիսկ Արթուր Սաքունցը դրանք լիաթոք չի ողջունել, էլ ո՞ւր մնաց՝ ես: Փաշինյանը պետք է ամաչեր այս արդյունքներից, մինչդեռ նա գոհ է, որ իր «երջանիկ և անհայտ» աներձագը Սամվել Ալեքսանյանի շնորհիվ պատգամավոր է դարձել: Եթե, այնուամենայնիվ, ցանկություն ունեք դավադրությունների տեսության գիրկը չընկնել, ապա զբաղվեք այսպիսի թվաբանությամբ. գումարեք 2017թ. ընտրություններում ՀՀԿ-ի և «Ելք»-ի քվեները, ապա ստացված թիվը համեմատեք այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քվեների թվի հետ: Տարբերությունը հաստատ մեծ չի լինի:
Ինչո՞ւ Քոչարյանի խափանման միջոցը չփոխեցին, այլ նրան էս ազիզ օրով թողեցին կալանքի տակ: Հիմա որ ասեմ՝ սա սիրո և համերաշխության հեղափոխություն չէ, կասեք՝ դավադրությունների տեսությունից է ասածդ: ՀՀ հեղափոխական իշխանությունների արածը մի ուրիշ նենգություն էր: Նորից հիշեցնեմ՝ Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից կալանավորված պաշտոնաթող նախագահ Քոչարյանին: Սա կուրյոզ է, իհարկե, և շատ վտանգավոր նախադեպ առաջին հերթին Հայաստանի համար: Բայց, խոստովանենք, որ դա նաև խիստ հետաքրքիր է դավադրությունների տեսության առումով: Ֆեսբուքն, ի դեպ, արդեն գրում է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետհաշվարկ է սկսվել: Ցույց տվեք, խնդրում եմ, ո՞րն է իրականությունը և որն այդ իրականության աղճատված զուգահեռն այս դեպքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը