25 12 2018

Երկակի ստանդարտներ. իշխանությունը՝ փողոցային դժգոհության դեմ հանդիման. «Փաստ»

Երկակի ստանդարտներ. իշխանությունը՝ փողոցային դժգոհության դեմ հանդիման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո բավական ակտիվացել են տարատեսական սոցիալական դժգոհության դրսևորումները, լինեն դրանք գործադուլ, Կաթողիկոսի, գյուղապետի հրաժարականի պահանջ, թե մեկ այլ բան:

Մի կողմից հասկանալի էր, որր երկրում կուտակված խնդիրները իշխանափոխությամբ չէին ավարտվելու և նույնիսկ համաժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ավելի լոկալ մակարդակով դուրս էին սպրդելու դժգոհության նոր դրսևորումներ:

Մեկ այլ կողմից էլ, պետք էր հեղափոխության համաժողովրդականության հանգամանքը դառնար մեկնակետ, որպեսզի իշխանությունը դուրս հաներ խնդիրների լուծումը պերմանենտ դժգոհությունների ցիկլից՝ դրանք տեղափոխելով ավելի համակարգային հուն:

Այս իմաստով իշխանությունը որոշակի կաշկանդվածություն ունի, քանի որ գալով իշխանության փողոցային շարժման միջոցով՝ դժվար է մարդկանց նախատել նույն բանի համար:

Մյուս կողմից էլ այդ փողոցային զանազան ակցիաները կաթվածահար են անում նոր իշխանությունների առանց այդ էլ բարդ աշխատանքը: Ինչ-որ պահից Փաշինյանն, ամեն դեպքում, փորձեց խնդրի լուծում առաջարկել՝ հորդորելով, օրինակ, գյուղապետի հրաժարական պահանջողներին ապահովել գոնե գյուղի բնակչության կեսի ստորագրությունները ու ուղարկել իրենց:

Ինչպես տեսանք, սակայն, նույնիսկ ընտրություններից հետո փողոցային տարբեր դրսևորումները չեն պակասել:

Ավելին, եթե սկզբում այդ դրսևորումները կրում էին հեղափոխության իներցիան, հիմա դրանք առաջանում են արդեն ընթացիկ պրոցեսների արդյունքում: Օրինակ Էջմիածնում և գլխավոր դատախազության մոտ Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման դեմ բողոքի ցույցերը: Կամ օպտիմալացման վտանգի առջև հայտնված գերատեսչությունների աշխատողների ակցիան:

Այսինքն, փաստացի ունենք առնվազն երեք մոտիվ, որոնք փողոցում ու հրապարակներում տարատեսակ ակցիաների հնարավորությունը բարձրացնում են: Կուտակված ահռելի դժգոհություններ, հեղափոխության իներցիա, ընթացիկ խնդիրներ:

Ընդ որում, սա՝ իշխանության ահռելի լեգիտիմության պայմաններում, ինչը արդեն իսկ տարօրինակ է: Տարօրինակ այն առումով, որ մի կողմից կան բազմաթիվ դժգոհության դրսևորումներ, թեկուզև ոչ ուղղակի հասցեագրված իշխանությանը, մյուս կողմից կա բավական մեծ լեգիտիմություն: Խնդիրը հետևաբար կամ հանրային տրամադրությունների և ընտրության արդյունքների որոշակի անհամատեղելիությունն է, կամ էլ փողոցային պայքարի՝ որպես քաղաքական պայքարի հիմնական գործիքակազմի պոպուլ յարիզացիան, որի «հաջողության» հեղինակները իշխանությունն ու Փաշինյանն են:

Գուցե ժամանակին փողոցն ու հրապարակը հռչակելով որպես քաղաքական հիմնական հարթակ՝ Փաշինյանն ու կողմնակիցները փորձում էին կարճատև, պահի քարոզչական ու քաղաքական խնդիրներ լուծել: Բայց փաստացի հիմա, երբ նրանք արդեն ամբողջական իմաստով իշխանություն են, փողոցը որպես քաղաքական թիվ մեկ հարթակ հռչակելը տալիս է իր պտուղները: Հետևաբար իշխանությունը վաղ թե ուշ պետք է բախվի այս խնդրին ու դիրքորոշում հայտնի:

Դիրքորոշումները, ցավոք, հակասական են: Մի դեպքում այդ դիրքորոշումն արդարացնում է ցուցարարների մոտիվացիան՝ դուրս գալ դատարանի որոշման դեմ, մեկ այլ դեպքում այդ դիրքորոշումը հեգնում է մշակույթի նախարարության աշխատակիցների հնարավոր գործադուլը:

Երկակի ստանդարտները այս հարցում ավելի վտանգավոր են, քան նույնիսկ լռությունը, որովհետև փաստացի սկսում են փողոցին թելադրել իշխանության օրակարգ, սոցիալական դժգոհության մեջ դնել արհեստական չափանիշներ, որը վտանգ ունի ոչ միայն խլացնել իրական հնարավոր դժգոհությունը, որ չի համապատասխանում իշխանության օրակարգին, այլև դաշտ է բացում զանազան քաղաքական արկածախնդիրների համար, ովքեր գերազանցիկի պես կարող են յուրացնել իշխանության համար համակրելի դժգոհության ձևերն ու բովանդակությունը և դա դարձնեն, օրինակ, քաղաքական վերելքի կամ կոմերցիայի առարկա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ