«Ժողովուրդ»-ը գրում է. «Կառավարության կազմի և´ կառուցվածքի մասին փոփոխությունների մասին տեղեկություններն առաջին հերթին անհանգստացրել են այդ գերատեսչությունների միջին ու ստորին օղակի աշխատակիցներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին բոլոր գերատեսչությունների աշխատակիցները գտնվում են սպասողական և ճամպրուկային վիճակում՝ հասկանալով, որ օպտիմալացումից հետո կարող են զրկվել աշխատանքից: Եվ խոսքը բավականին մեծ թվով աշխատակիցների մասին է, ովքեր կմնան գործազուրկ: Ի վերջո, կրճատվելու է մեկ փոխվարչապետի հաստիք, իսկ նախարարությունների թիվն էլ 17-ից կարող է դառնալ 11 կամ 12, և այս փոփոխությունները չեն կարող չհանգեցնել կրճատումների: Ըստ տարբեր հաշվարկների՝ այս օրերին քննարկումները շարունակվում են, և իշխող ուժի ներկայացուցիչները փորձ են անում հասկանալ՝ որ գերատեսչությունը որին միացնեն, աշխատողներին ինչպես տեղաբաշխեն:
Ընդ որում, նրանք այդ ամենը քննարկելուց հաշվի են առնում և ուսումնասիրում միջազգային փորձը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փոփոխությունները միայն նախարարությունների մակարդակով չեն լինելու, և ուսումնասիրվում են նաև կոմիտեների, ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների աշխատանքները, և այստեղ ևս փոփոխություններ կարվեն: Մեր տեղեկություններով՝ այս պահին հաշվարկ չկա, թե այս փոփոխությունների արդյունքում քանի մարդ կմնա առանց աշխատանք, սակայն կառավարության ներկայացուցիչները քննարկում են այլընտրանքի ստեղծման հնարավորությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը