19 12 2018

Արարիչը թուլություն ունի երեսփոխանների նկատմամբ․ «Հայոց աշխարհ»

Արարիչը թուլություն ունի երեսփոխանների նկատմամբ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Եվ այսպես. հայտնի դարձավ, որ նորընտիր խորհրդարանը իր առաջին նիստը կհրավիրի հունվարի 14-ին։   Երեսփոխաններն այս անգամ ամբողջ 132-ն են, եւ դա, որքան էլ տարօրինակ կարող է թվալ առաջին հայացքից, լավատեսություն է ներշնչում։ Համոզված դարվինիստ ու էվոլյուցիոնիստ Ջոն Հոլդենին մի առիթով հարցրին, թե ի՞նչ կարող է նա, որպես կենսաբան, ասել Արարչի մասին։ Հոլդենը պատասխանեց, որ եթե Արարիչը գոյություն ունի, ապա նրան հատուկ է «արտասովոր սերը բզեզների նկատմամբ»։ Հիշեցնենք, որ բզեզները Երկրագնդի կենդանի օրգանիզմների ամենամեծաթիվ խումբն են։   

Դատելով ամենից` Արարիչը թուլություն ունի նաեւ Նոր Հայաստանի երեսփոխանների նկատմամբ, որոնց քանակը սրընթաց մոտենում է բզեզների քանակին։   

Դե, իսկ խորհրդարանի աշխատանքն սկսելուց առաջ, հավանաբար որպես նախերգանք, «ընդդիմադիր» բզեզները իսկական ներտեսակային պատերազմ սկսեցին։ Թեեւ ե՛ւ «Բարգավաճ Հայաստանի», ե՛ւ «Լուսավոր Հայաստանի» նախորդ գործունեությունը ապացուցում է լոկ մի բան. այսպես կոչված «խորհրդարանական ընդդիմությունը» ընդամենը տեսիլք է։  

Ո՞վ է նրանց հավատում։ Ինչպե՞ս կարելի է հավատալ անդեմ մարդկանց։ Եթե մարդը դեմք չունի, ապա չի կարելի հույս դնել նրա վրա, քանզի կորցնելու ոչինչ չունի։ Մենք տեսնում ենք ոչ թե քաղաքական ուժեր եւ մարդկանց, այլ տեսիլքներ։ Գլխավորը նրանց համար սեփական մորթապաշտ շահերն են. գրասենյակ, կարգավիճակ, փող, ճաշկերույթ...   

Ի՞նչ են նրանք անում։ Քննադատում են իշխանությանն ու մատնանշում նրա անթիվ սխալնե՞րը։ Ո՛չ. համբուրվում են, շփվում, միասին ուրախանում։ Այդպիսի «ընդդիմություն» մեզանում կա։ Մեզանում ամեն ինչ կա, Նոր Հայաստանը կազմալրված է լիովին։    Այո, ցավով ստիպված ենք մատնանշել, որ ի դեմս ԲՀԿ-ի եւ ԼՀ-ի ունենք կեղծ խորհրդարանական ընդդիմություն։

Կեղծ ընդդիմությունը ասես կեղծ դեղ լինի։ Մարդը հավատում է, փող ծախսում, ժամանակն անցնում է, առողջությունը՝ վատանում, եւ ահա մահը, իսկ հարազատները գերեզմանոցում ասում են. «Բժշկությանը հավատալ չի կարելի»։ Ո՛չ, բժշկությունը լավն է, եթե իսկական է։ Դեղամիջոցները լավն են, եթե իսկական են։  

Իսկ այսօր խորհրդարանական կեղծ ընդդիմությունը պատերազմում է միմյանց դեմ։ Ինչեր ասես, որ չասացին վերջին օրերին իրար հասցեի «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը»։ Օրեցօր գնալով ավելի են հիշեցնում Բրազիլիայում ապրող տուպի ցեղի հնդկացիներին։ Նրանց հետ բավական երկար ժամանակ անցկացրած ճանապարհորդ Անդրե Տեվեի վկայությամբ, տուպիները մշտապես ուտում են թշնամիներին։  

Չնայած նրան, որ հնդկացիները բավական հող ու մթերք ունեն, նրանք անդադար պատերազմում են, ըստ որում՝ միայն պարտվողին ուտելու համար։ Երբեմն տուպիները այնքան են շտապում, որ կտրում են պարտված հակառակորդի ձեռքերն ու ոտքերը եւ խժռում հենց մարտադաշտում։   

Թեեւ, իհարկե, ավելի նախընտրելի կլիներ, եթե մեր կեղծ ընդդիմությունը գերադասեր հարաբերություններ պարզելու ավելի քաղաքակիրթ միջոցներ։    

Պատմում են, որ մի անգամ հանճարեղ մանրէաբան Լուի Պաստերը աշխատում էր իր լաբորատորիայում, երբ եկավ մի անծանոթ։ Ներկայացավ որպես ոմն ազնվականի մարտավկա, որին իբր վիրավորել է գիտնականը։  

Պաստերը պատասխանեց. «Քանի որ ինձ կանչում են մենամարտի, ապա զենքը պիտի ընտրեմ ես։ Ահա երկու փորձանոթ. մեկում ծաղկախտի բակտերիաներ են, մյուսում՝ մաքուր ջուր։ Եթե ձեզ ուղարկողը համաձայնվի խմել սրանցից մեկը՝ իր ընտրությամբ, ապա ես կխմեմ մյուսը։ Ճակատագիրը կդատի մեզ»։ Մենամարտը տեղի չունեցավ։  

Անդրադառնանք, սակայն, խորհրդարանին՝ որպես ամբողջություն։ Ինչպես արդեն նշվեց, այնտեղ կլինի արդեն ամբողջ 132 երեսփոխան։ Եվ ահա թե ինչն է տվյալ պարագայում անչափ հետաքրքրում։  

Արդարացվա՞ծ է բժշկական տեսանկյունից՝ մեկտեղ հավաքել հոգեկան հիվանդների նման քանակ։ Վարակիչ չէ՞ խելագարությունը։ Եվ բացի դրանից, եթե մարդն իր շուրջը տեսնում է միայն խելագարների, ապա չի՞ առաջանա մելամաղձություն, թախիծ եւ այլն։  

Բժիշկները պատասխանում են. ամենեւի՛ն։ Ընդհակառակը, անչափ օգտակար է տեսնել ուրիշների խելագարությունը՝ այն պայմանով, որ յուրաքանչյուր հիվանդ կարողանա նայել մյուս հիվանդներին ճիշտ այնպես, ինչպես նայում է նրանց բժիշկը։  

Այլ կերպ ասած, պետք չէ ուղղակիորեն առաջարկել հիվանդին նայել ինքն իրեն բժշկի տեսանկյունից, քանի որ նա կենտրոնացած է սեփական խելագարության վրա։ Մինչդեռ ուրիշների խելագարության հանդեպ, հակառակը, անուշադիր է։  

Հետեւաբար եթե բժիշկը բացատրի յուրաքանչյուր հիվանդին, թե ինչով է դրսեւորվում տվյալ հիվանդությունն ու իրեն շրջապատող բոլորի խելագարությունը, ապա հիվանդը, ընկալելով ուրիշների խելագարությունը միջնորդավորված, եռանկյուն հետագծով, վերջնարդյունքում կհասկանա, թե ինչ է նշանակում լինել խելագար, զառանցել, տառապել մոլուցքով կամ մելամաղձոտությամբ։   

Բայց ինչ վերաբերում է որոշումներին, որ կընդունի խորհրդարանը, ապա, հաշվի առնելով օրենսդիրի կազմը, լուրջ մտավախություն պարզապես չի կարող չառաջանալ։  

Բանն այն է, որ այս գումարման Ազգային ժողովը ձեւավորվեց միանգամայն այլ սկզբունքով։  

«Մենք մեր, նոր աշխարհը կկառուցե՛նք։  

Նա, ով ոչինչ էր, կդառնա ամեն ի՛նչ»։   «Մենք մեր...». սա վկայում է միայն այն մասին, որ երգողները զավթիչներ են։ Աշխարհը ինչ-որ մեկինն էր, իսկ իրենք կկառուցեն իրենցը։ Այս աշխարհը ամենեւին էլ ընդհանուր չէ, այլ միայն նրանցը, ովքեր զավթել են իշխանությունը։   Իսկ որտե՞ղ կլինի այդ «նորը»։ Մարսի վրա՞։ Ո՛չ, հնի տեղում։ Հինը իսպառ կոչնչացվի (հենց այդպես էլ երգում են. «հիմնահատակ»)։  

Իսկ գլխավորը՝ «նա, ով ոչինչ էր...»։ Բայց եթե մարդը խելացի էր, տաղանդավոր, կիրթ, ապա այդ ինչո՞ւ էր ոչինչ։ Նորմալ աշխարհում ոչնչություն լինում է միայն անբանը, ապաշնորհը, հարբեցողը, խուժանը։ Ահավասիկ հենց նա էլ դարձավ ամեն ինչ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ բան էին ներկայացնում իրենցից, հետ են մղվում, ոչնչացվում, նրանց համար տեղ չի մնում։ Սա 1917 թվականի պատմությունն է։    Այնպես որ, կարծում ենք, այս խորհրդարանի պարագայում անգործությունն ավելի օգտակար կլինի ամենքիս համար, քան որեւէ գործունեություն։ Քանզի երեսփոխանների գործունյա այս կազմը կդառնա բնավ ոչ նվեր մարդկությանը, այլ ակներեւ հանցագործություն բանականության ու տրամաբանության դեմ։   

Թեպետ, զուր ենք մենք հրաշքի հույսեր փայփայում։ Հունվարի 14-ից սրանք կսկսեն փոխել բոլոր օրենքներն այնպիսի կրքով ու հաճույքով, որ հպարտ քաղաքացիների շրջանում զանգվածային ուշագնացություններ կսկսվեն։  

Ի դեպ, նաեւ դրանով ենք մենք տարբերվում բարբարոս եվրոպացիներից։ Այնտեղ, օրինակ, ինչպես որ 982 թվականին իսլանդական ալտինգը (պառլամենտը) սահմանել է, որ կղզուց տարած ձիուն չի կարելի հետ բերել, այնպես էլ այդ արգելքը շարունակում է գործել մինչ օրս»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ