12 12 2018

Ինչպիսի՞ էշի տեղ են դրել ժողովրդին․ «Հայոց աշխարհ»

Ինչպիսի՞ էշի տեղ են դրել ժողովրդին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Նախ՝ փոքրիկ մխիթարություն մեր այն հայրենակիցներին, ովքեր կարծում են, թե ամեն ընտրություններից առաջ իրենց անամոթաբար խաբում են. կուսակցությունները ոսկե սարեր են խոստանում ընտրազանգվածին, բայց վերջինիս ձայները ստանալուց հետո բացարձակապես մոռանում են պարտքերը խեղճ ժողովրդին վերադարձնելու մասին։  

Հայոց աշխարհում ժամանակին կար սովորություն՝ պարտքը չվերադարձրած ու մեռած պարտապանի գերեզմանի վրա էշ էին մատաղ անում՝ համոզված սպառնալիքով, որ հանգուցյալի հոգին էշ կդառնա, եթե պարտքը չվճարվի։  

Զորավոր միջոց էր. խաղք ու խայտառակությունից բացի կար իրական մոգական վտանգ, եւ մեռածի հարազատները կաշվից դուրս էին գալիս պարտքը վերադարձնելու համար։  

Էշի կարկառուն կերպարը թերթի շրջանակներում իհարկե անպարագծելի է, ուստի նրա մեկ հատկանիշը սոսկ փորձենք դիտարկել՝ հակասականությունը։ Նույնիսկ բանահյուսության մեջ էշը լիիրավ էշ չէ, իսկ առասպելի մեջ եւ ավանդույթում էշը հաճախ տրամագծորեն հակառակն է կենցաղային իր բնութագրումից։  

Եվ մարդկանց գիտակցության խորքում էլ գնահատականի հակասականության հուշը կա։ Որեւէ մեկին մարդասիրաբար օձ կամ թեկուզ խոզ անվանելու հակազդեցությունը համաձայնությունն է կամ անհամաձայնությունը, իսկ էշի բնորոշումը, թեկուզեւ որպես կանոն, առարկություններ չի հարուցում, բայց համարյա միշտ ենթադրում է վերապահություններ, թե որքանով է տվյալ անձը էշ եւ հատկապես ինչպիսի էշ է։  

Մահմեդական դիցաբանության մեջ, օրինակ, ավանակը երկնային սրբազան կենդանիներից էր։ Հին Եգիպտոսում արեւելյան աստվածության մարմնավորում էր, բայց միաժամանակ կապ ուներ նաեւ չար աստված Սեթի հետ։   

Եվ բազմաթիվ այլ օրինակներում՝ տարբեր աշխարհագրությամբ եւ պատմությամբ, էշը մերթ մարմնավորում է հիմարությունը, համառությունը, ստորությունը եւ այլն, մերթ էլ հանկարծ հանդես է գալիս որպես հեզության, համբերության, չափավորության եւ այլ դրական հատկանիշների խորհրդանիշ։  

Աշխարհընկալման եւ հայացքի խնդիր է, եւ արեւելյան հայացքը, որն անշուշտ ավելի խոհուն է ու խորաթափանց, քան եվրոպականը, ավելի բարեհաճ է նայում էշին։ Մոլլա Նասրեդինի էշը արեւմտյան շատ փիլիսոփաներից շատ ավելի խելացի էր։ Բաղաամի ճարտարախոս էշը համագործակցում էր ոչ թե պատահական մեկի, այլ Տիրոջ հրեշտակի հետ։  

Գալով մեզ, հարկ է նշել, որ հայ գրականության մեջ եւ ոչ մի կենդանի այնպիսի սիրալիր ու ջերմ պատկերման չի արժանացել, ինչպես ավանակները Մնձուրու չքնաղ արձակում։ Եվ հիմա, երբ անդադար ու հարաճուն բողոք է հնչում, թե ոչ բարով իշխանավորները ժողովրդին իշու տեղ են դրել, բնավ ոչ թե հռետորական եւ, այսպես ասած, հայեցակարգային, այլ կենսականորեն հրատապ է ճշտումը՝ ինչպիսի՞ էշի տեղ են դրել։ Հիմա՞ր, տգետ եւ ստո՞ր, թե՞, հակառակը, խոհեմ, տոկուն եւ իմաստուն։  

Եթե թվում է, թե դրանից ոչինչ չի փոխվում, ապա սխալ է թվում՝ դրանից շատ բան է փոխվում. օրինապահ քաղաքացու համար բոլորովին էլ չի կարող միեւնույն լինել, թե ինչ է նա իշխանավորների աչքում՝ իշու մե՞կը, թե՞, չինական մոտեցմամբ, սրբազան երիվար։ Եվ եթե սա էշություն է, ապա դեռ պետք է խորհել, թե ինչպիսի էշություն է։  

Բացի դրանից, հիմա ասպարեզում են տասնյակ ձայնավորներ, որոնք մանուկ ժամանակ երեւի թյուրիմացաբար կամ էլ դիտավորյալ էշի կաթ են խմել եւ ահա ձայնարկում են հրապարակում բոլորին էշի տեղ դնելով անպայման ժողովրդին առաջնորդելու իրենց ահեղ մտադրությունը։ Սա, իհարկե, էշություն է։  

Բայց դարձյալ կենսականորեն հրատապ է ճշտումը, թե դրա հատկապես որ հատկանիշներն են առաջարկվելու եւ դրսեւորվելու՝ առաքինի եւ դրակա՞ն, թե՞, կներեք, հակառակը։ Որովհետեւ, կրկին ներողություն ենք խնդրում, մեծապես նաեւ դրանից է կախված, թե հիշատակված արարածներն իրենց նման բնութագրով (կոպտությունից հաջողությամբ խուսափելով չգրեցինք՝ իրենց էշ հալով) մեզ ինչի տեղ են դրել։    Մի՞թե վերստին գովաբանելու են ժողովրդիս այնպիսի հատկությունները, ինչպես, ասենք, տոկունությունն է։  

Հիրավի էշային մի առաքինություն, որի փառաբանությունը զռռացնում են արդեն երկար ժամանակ։ Գուցե փոխե՞նք նվագը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ