12 12 2018

Գերկենտրոնացված իշխանություն՝ առանց հավասարակշռության․ «Հայոց աշխարհ»

Գերկենտրոնացված իշխանություն՝ առանց հավասարակշռության․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Լավ, իսկ ի՞նչ ստացանք բոլորս, որպես հասարակություն ու որպես երկիր՝ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, 48 տոկոսանոց «համաժողովրդական» քվեարկությամբ: Ավելի ճիշտ՝ ո՞րն է գրանցված ընտրողների կեսից էլ քիչ քաղաքացիների 70 տոկոսի, կամ ընդհանուրի 35 տոկոսի քվեարկության քաղաքական արդյունքը:   

Սա ասելով՝ նկատի չունենք ինքնըստինքյան ենթադրվող «ընտրվեց ԱԺ» կամ, ինչպես իշխանության ներկայացուցիչներն ու կողմնակիցներն են ասում՝ ամրագրվեց ապրիլ-մայիսին կատարված իշխանափոխությունը, եթե շատ եք ուզում՝ «թավշյա հեղափոխությունը»: Դա պարզ է, անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում ապրիլ-մայիսին կատարվածին, ով է հեղափոխություն համարում, ով՝ իշխանափոխություն, իսկ ով էլ՝ հեղաշրջում:   

Ի՛նչ ստացանք դեկտեմբերի 9-ից հետո, ի՛նչ ունենք այսօր եւ ի՛նչ ենք ունենալու վաղը: Քաղաքական առումով ունենք կամ ունենալու ենք խորհրդարան, որտեղ չկա ընդդիմություն: Ամենայն հավանականությամբ, ունենալու ենք նախորդից մոտ 30 տոկոսով ավելի շատ պատգամավոր: Ինչպես ասվում է՝ հարկատուներիս ու պետական բյուջեի «աչքը լույս»:   

Է՞լ: Սկզբունքորեն ունենալու ենք միատարր մեծամասնություն, մեկ ուժի, ավելին՝ մեկ անձի ձեռքում գերկենտրոնացած իշխանություն: Եվ այդ մեկ անձը, ինչպես ժամանակին ինքը կասեր, Նիկոլ Փաշինյանն է՝ վարչապետի պաշտոնակատարը եւ հաջորդիվ վերանշանակվելիք վարչապետը:   

Հանրային դաշտում երեւացող մարդիկ կան, որ ժամանակին խիստ էին ոգեւորվել գարնանային վայրիվերումներով, անգամ նման անձինք արդեն ինչ-ինչ մտավախություններ են հայտնում, երբ ավելի ուշադիր են նայում, թե ընդհանուր «տաշի-տուշի» տրամադրությունների ալիքի վրա ովքեր, ինչ կոնտինգենտ է գալու խորհրդարան:   

Բայց հարցը խորհրդարանը չէ: Այն, նման կազմով, կարելի է ասել, խորհրդային ժամանակների, ավելին՝ լճացման տարիների Խորհրդային Միության Գերագույն խորհրդի պես մի դեր կարող է ունենալ՝ ժամանակ առ ժամանակ «դակելով» կառավարության ու վարչապետի բերած որոշումները եւ ունկնդրելով պետության ղեկավարի իմաստուն ճառերը ԱԺ ամբիոնից: Վե՛րջ: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ՝ որպես «ժողովրդավարական ձեւավորումն» ապահովող շղարշ: Մի՞թե դա հրաշալի չէ:   

Դեռ մի բան էլ կարելի է սպասել «թողեք՝ աշխատեն»-ի արդեն երկրորդ սերիային, այս անգամ՝ ԱԺ նոր պատգամավորների հետ կապված: Դե, երեւի մի կես տարի էլ իրենց անհրաժեշտ կլինի, եթե ոչ ավելին, մինչեւ «համի գան» կամ կողմնորոշվեն՝ ինչը որտեղ է:   

Այո, կա մեծամասնություն, փաստացի՝ իշխանություն, որն ստացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների գերակշիռ մեծամասնության վստահությունը: Բայց երեւակվող հեռանկարը, այդ իշխանության ու նրա կազմով հանդերձ, առանձնապես վստահություն չի ներշնչում:   

Դա, ընդհանուր առմամբ, անձնավորված, կոնկրետ մեկ անձի ձեռքում կենտրոնացված իշխանություն է՝ առանց հավասարակշռող տարրերի, առանց իրական հակակշիռների: Անձնիշխանություն:   

Այն, որ դա ընտրողների ձայների մեծամասնությամբ ձեւավորված անձնիշխանություն է, բովանդակային առումով չի ցրում մտահոգությունները, որ անխուսափելիորեն ծագում են նման «կառուցվածքի» պատկերից:   

Ըստ էության, դա նաեւ անվերահսկելի իշխանություն է: Ո՞վ է վերահսկելու Փաշինյանի կառավարության գործունեությունը: Միայն չասեք՝ 100 տոկոսով Փաշինյանի կողմնակիցներից ու աջակիցներից կազմված խորհրդարան-գերագույն սովետը:  

Ի լրումն, պետք է նկատի ունենալ նաեւ ժամանակ առ ժամանակ հրապարակային «հեղափոխական միջոցառումներ» կազմակերպելու ներկայիս իշխանավորների շարունակական մղումը: Ու դժվար էլ է կռահել, թե հաջորդ անգամ ինչից կարող է իշխանության ղեկավարը բորբոքվել, ինքը կամ իր «առաջին շրջանի» մերձավորները որտեղ հակահեղափոխություն կտեսնեն եւ այսպես շարունակ:   

Բայց դա դեռ մի կողմ: Խնդիր է եւ այն, որ ահռելի պատասխանատվության հարցեր ու դրանց ծանրությունը եւս կենտրոնանալու են Փաշինյանի վրա: Անձնապես: Ու, որքան էլ փորձի դա բարդել, ասենք՝ Ազգային ժողովի կամ թեկուզ՝ «հրապարակի ժողովրդի» վրա, բոլորին էլ պարզ է, որ այս կամ այն հարցում որոշում կայացնելը իր վրա է ծանրանալու: Դա կողքից նայելիս, հնարավոր է, գայթակղիչ է, բայց մյուս կողմից էլ սաստիկ բեռ է:   

Թեպետ դրա համար թող իշխանավորներն անհանգստանան: Ազնիվ, անկաշառ, արդարամիտ, ժողովրդի կողմից սիրված, օրնիբուն միմիայն ժողովրդի ու հասարակության բարեկեցության մասին մտածող հայրենի իշխանավորները:   

Ձեւավորված այս պատկերի մեջ դրական կողմեր էլ կարելի է տեսնել: Այլեւս բացարձակ «թավշահեղափոխական» իշխանություն է, ներառյալ խորհրդարանը: Ու այսուհետ ամեն մի վրիպման, սխալի, ձախողման, տապալման, այդ թվում՝ վատ բերքի, անարեւ եղանակի, ձյան, ջեռուցման բարձր ծախսերի, գործազրկության, տնտեսական վիճակի ու մնացած ամեն ինչի համար կա միայն մեկ պատասխանատու եւ մեղավոր՝ իշխանությունը, հասկանալի է՝ ի դեմս վարչապետի:   

Դե, բնական արդարություն է եթե բոլոր դափնիները քեզ ես վերցնում, ասեղները եւ մախաթները նույնպես քոնն են»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ