07 12 2018

Ընտրարշավում հիմնավոր մտահոգությունների առիթներն ընդգծվեցին․ «Հայոց աշխարհ»

Ընտրարշավում հիմնավոր մտահոգությունների առիթներն ընդգծվեցին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Նախընտրական քարոզարշավն իսկապես էլ սրընթաց ստացվեց: Ու դա միայն ժամանակային եւ տեխնիկական խնդիր չէ: Կամ՝ որքան էլ որ տեխնիկական խնդիր համարվի, անկասկած դա իր ազդեցությունը թողեց ընտրարշավի որակական կողմի վրա, անկախ նրանից, որ ժամանակը հավասարապես կարճ էր բոլոր մասնակից 11 ուժերի համար:   

Ինչ վերաբերում է կոնկրետ թեկնածու-կուսակցություններին, ապա չնայած ընդհանուր թվին՝ 11, պարզորոշ ընդգծվեց, որ իրական պայքարը կամ հիմնական քաղաքական հակադրությունը Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլի» եւ ՀՀԿ-ի միջեւ է ծավալվում:  

Ընթացքում պարզորոշ ուրվագծվեց, որ պայքարի մեջ մտած մյուս կուսակցությունների մեծ մասի հիմնական ասելիքը եւս սահմանափակվում է «նախկին հանցավոր ռեժիմ» քարոզչաչարչար ջուրծեծոցով, իսկ այս ընտրապայքարում բուն անելիքն ու առաքելությունը, Նիկոլ Փաշինյանին երկրորդելով, ՀՀԿ-ին «վրա տալն էր»:   

Դա, ի դեպ, միանգամայն ցայտուն դրսեւորվեց ու ամրագրվեց նախօրեին Հանրային հեռուստաընկերության նախաձեռնած քաղաքական բամավեճին՝ բոլոր 11 ուժերի ցուցակները գլխավորող գործիչների մասնակցությամբ, ինչի հետեւանքով, ի դեպ, ավելի շուտ բազմավեճի տպավորություն էր ստեղծվում:   

Հաճախ է գործածվում «1+9» թվաբանական ձեւակերպումը: Դրա բառային վերծանումն այն է, որ մի կողմից ընտրապայքարում Նիկոլ Փաշինյանն է, իր գլխավորած դաշինքով, նրան կցվում են ընտրապայքարի մեջ մտած մյուս 10 ուժերից 9-ը, որոնք, մեկ-երկու դրվագից բացի, մնացած բոլոր հարցերում, ըստ էության, իշխանության կողմից են: Իսկ մյուս կողմում, որպես իրական ընդդիմադիր, գործող իշխանությանը հստակ ու սուր քննադատող ուժ հանդես է գալիս ՀՀԿ-ն:   

Ճիշտ է, այն մյուս 9 ուժերի դեպքում արժե որոշ դասակարգում այնուամենայնիվ անել: Օրինակ, Նիկոլ Փաշինյանից կամ նրա կառավարությունից բառացիորեն վերջերս առանձնացած ուժերի մեծ մասը, այդ թվում՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», «Մենք» դաշինքը, ԲՀԿ-ն խնդիր ունեն թափանցել խորհրդարան՝ «տանելով» սահմանադրորեն երաշխավորված ընդդիմությանը հասանելի 1/3 պատգամավորական մանդատների մեծ մասը, ըստ այդմ դառնալով «Իմ քայլի» հարմարավետ, բովանդակային առումով ձեւական ընդդիմությունը:   

Մյուս ուժերի շարքում, օրինակ, «Քաղաքացու որոշում» կամ ««Ազգային առաջընթաց» նորակազմ կուսակցություններն ուշադրություն գրավեցին այն առումով, որ իրենց հիմնական ասելիքն ու առաքելությունը համարում էին ՀՀԿ-ին «հարվածելը»: Ու դա առավել քան պարզորոշ երեւաց նույն հեռուստաբանավեճում, այդ կուսակցությունների ցուցակները գլխավորող Սուրեն Սահակյանի ու մանավանդ՝ Լուսինե Հարոյանի հայտարարություններով:  

«Ազգային առաջընթացի» ներկայացուցչուհին, ինչի մասին էլ խոսքը լիներ, ամեն կերպ ձգտում էր այն շրջել ՀՀԿ-ի դեմ: Առաքելությունն այնքան ցցուն էր, որ անհնար էր դա չարձանագրել: Ըստ որում, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ այդ կերպ մարմնավորված ու միավորված հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանին սոցցանցերում քարոզող «ֆեյքերը»: «Ձայներ տանելու» կամ իշխանության մրցակից ուժերից մեկին հարվածելու առաջադրանքների առումով միջին դիրքում է ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի լեգենդով ու նաեւ մասնակիցների մի մասի ներգրավմամբ ձեւավորված «Սասնա ծռերը», որքան էլ ձգտում են ցույց տալ, թե իրենց «խաղն են տանում»:  

Ինչն է հատկանշական: Չնայած գրեթե բոլոր մեկնաբանների կարծիքով Նիկոլ Փաշինյանի ու իր «քայլականների» հաջողությունն այս արտահերթ ընտրություններում գրեթե լիովին երաշխավորված է համարվում, չնայած բոլոր հնարավոր ռեսուրսներով գերակտիվ քարոզչությանը, գործող իշխանությունը, պարզվեց, որ «կողքից աջակցող» լրացուցիչ ու նորակազմ կուսակցությունների, այսինքն՝ մրցակիցների, ավելի ճիշտ մեկ մրցակցի՝ ՀՀԿ-ի դեմ քարոզող հավելյալ գրանցված թեկնածուների կարիք ունի:   

Երբ հետադարձ հայացք ես նետում ավարտվող քարոզարշավի ընթացքում արձանագրված մի քանի հիմնական դրվագների, հասկանալի է դառնում, թե ինչու էր մտահոգված Նիկոլ Փաշինյանը:   

Ամենից առաջ, ինչպես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ ԱԳ փոխնախարար, «Իմ քայլի» նկատելի դեմքերից Ռուբեն Ռուբինյանի, այնպես էլ՝ Արփինե Հովհաննիսյանի (ՀՀԿ) եւ Լենա Նազարյանի (ՔՊ, «Իմ քայլը»), նաեւ՝ նույն Արփինե Հովհաննիսյանի ու Էդուարդ Աղաջանյանի բանավեճերից ակնհայտ դարձավ, որ պատրաստվածության, խնդիրներին տիրապետելու, քաղաքական ասելիքը բանավեճի կուլտուրայի շրջանակներում ներկայացնելու առումներով Նիկոլ Փաշինյանի թիմակիցները բազմապատիկ զիջում են իրենց ընդդիմախոսներին:   

Բացահայտ երեւաց «Իմ քայլի»՝ հիշատակված ու նաեւ մի շարք չհիշատակված ներկայացուցիչների թուլությունն ու սնանկությունը՝ քաղաքական առումով ու պատրաստվածության տեսանկյունից:   

Ու ցավով պետք է դա արձանագրել: Ցավով, որովհետեւ վաղը, մյուս օրը, ամենայն հավանականությամբ, հենց ա՛յդ «անձնակազմն» է լինելու իշխանությունը, ինչպես գործադիր, այնպես էլ՝ օրենսդիր, նրանց ընդունած որոշումներից եւ օրենքներից են կախված լինելու պետության ճակատագիրն ու հասարակության վիճակը:   

Ու այդպիսով ընդգծվեցին հիմնավոր մտահոգությունների առիթները: Մտահոգություններ, որ անհնար է չունենալ թե՛ տնտեսական վիճակի, թե՛ սոցիական խնդիրների, թե՛ պաշտպանության եւ անվտանգության առանցքային հարցերի հետ կապված, թե՛ մարդու իրավունքների, օրենքի եւ օրինականության առումներով, տեսնելով, թե՛ ինչ «զորակազմ» է Փաշինյանի դրոշով ու դիմանկարով պատրաստվում գալ իշխանության, ավելի ճիշտ՝ վերարտադրվել՝ լինելով փաստացի իշխանություն:   

Ի վերջո, ամրագրվեց քարոզարշավի մեկնարկային հատվածում Արմեն Աշոտյանի ասածը, որ եթե «Իմ քայլի» ցուցակի առաջին համարը ոչ թե Նիկոլ Փաշինյանը լիներ, այլ նրա ուսապարկը կամ սելֆիի ձողիկը, միեւնույն է, ընտրություններում հաջողության էր հասնելու:  

Հիմնականն այն է, որ Փաշինյանի թիմում, ըստ էության, միայն Փաշինյանն է: Եթե նա մի կողմ կանգնի, ապա իր ներկայացրած ամբողջ ցուցակը կիմաստազրկվի, իսկ այդ թեկնածուական «թավշյա հավաքականն» էլ պարզապես կդառնա անօգնական:  

Քարոզարշավի ընթացքն ու բովանդակությունը թեպետ կանխատեսելի էր, բայց կանխատեսվող ամենից բացասական տարբերակն էր, որն էլ ընտրեց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն իր ընտրարշավը կառուցեց գերազանցապես ՀՀԿ-ի դեմ կատաղի հակաքարոզչություն իրականացնելու վրա: Պատճառը, այդ թվում՝ կատաղի մոտեցման խթանը, ակնհայտ է. ՀՀԿ-ն կետ առ կետ բացահայտում էր ու բացահայտեց Փաշինյանի, ինչպես նշել են՝ ստերը, լինի ԵԱՏՄ-ի հետ կապված թե կուտակային կենսաթոշակայինի:   

Բայց բանը հակաքարոզչությամբ չսահմանափակվեց, իհարկե: Արցախի ու Հայաստանի պետականության վերաբերյալ ՀՀԿ ներկայացուցիչների արտահայտած մտահոգություններին, առանձնապես ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու Դավիթ Շահնազարյանի քաղաքական գնահատականներին հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի, կարելի է ասել՝ հրապարակային կարգադրությամբ՝ քննադատողներին ԱԱԾ «հրավիրելու», նրանց դավաճան պիտակավորելու «քայլեր»:   

Դա, իհարկե, խայտառակ վատ պահվածք էր փաստացի իշխանության կողմից: Եվ դրա հետեւանքները, անկասկած, դեռ տարբեր հարցերում ու տեղերում դրսեւորվելու են:   Ստեղծված իրավիճակում թերեւս տրամաբանական կլիներ, որ բանավիճեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: Թեկուզ՝ Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Շահնազարյանը: Եվ չնայած որ ՀՀԿ ներկայացուցիչները արեցին նման հրապարակային առաջարկություններ, բայց Փաշինյանը անհամոզիչ պատճառաբանություններով խուսափեց նման տարբերակից:   

Ամենակարեւորը: Հանրայինի հեռուստաբանավեճի ընթացքում հստակ երեւաց, թե՝ ինչու էր խուսափում Փաշինյանը: ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի մի քանի դիտարկումն ու հարցերը, այդ թվում՝ տնտեսական վիճակի վերաբերյալ, Արցախի խնդրի հետ կապված, ավանդական արժեքների թեմայով եւ այլն, բավական էին, որ միջոցառման սկզբում միտինգային «բոցաշունչ» պահվածքը հեուստատաղավարի մուտքի մոտ թողած Նիկոլ Փաշինյանը արագորեն վերադառնա նույն միտինգային բառապաշարին ու պահվածքին:   

Ըստ էության, թեկուզ նույն, երեկ այդքան չարչրկված ԼԳԲՏ թեմայի շուրջ իրեն տրված հարցերին պատասխանելու փոխարեն նա անցավ մեղադրանքներ «ցայտելու», դիմացինի խոսքը շուռ տալու եւ իրեն բնորոշ այլ հնարքների: Ընդհանուր առմամբ, բուն հարցը՝ արդյոք ինքը՝ Փաշինյանը, ինչ-որ պարտավորություն ունի՞ ԼԳԲՏ անձանց շրջանակի հանդեպ, եթե այդ շրջանակի ակտիվիստներից մեկը ընդգրկված է իր թիմում, մնաց անպատասխան:   

Նա միայն հաստատեց, որ կա նման անձ (դա հնարավոր էլ չէր հերքել): Ու դատելով այն բանից, որ իշխանական «ֆեյք» ու բացահայտ քարոզիչները, անգամ նախարարի կարգավիճակ ունեցող մեկը կատաղի թափով Վիգեն Սարգսյանին վարկաբեկելուն նպատակաուղղված շինծու նկարներ ու արտահայտություններ էին շրջանառում, պարզորոշ հուշում է, որ հասկացել են՝ ՀՀԿ ներկայացուցչին հաջողվեց նույնիսկ այդ բազմամարդ բանավեճում ցույց տալ Նիկոլ Փաշինյանի թուլությունը, իսկ վերջինիս մերկությունն էլ տեսանելի դարձավ բոլորին, անկախ նրանից, թե քանիսն է ուզում տեսնել, իսկ քանիսն է չտեսնելու տալիս:   

Ի դեպ, «սարքած» նկարները «սարքած» նկարներ էլ մնում են՝ ի տարբերություն իրական փաստերի եւ իրողությունների, այդ թվում՝ ՔՊ հոգաբարձուների խորհրդի կազմում ԼԳԲՏ նկատելի ակտիվիստի առկայությունը, այդ թվում՝ առանձին նկատելի ՔՊ-ականների՝ մարիխուանայի օրինականացման կողմ լինելը, չհաշված մնացյալը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ