29 11 2018

Հնարավոր չէ ողջ քարոզարշավը կառուցել դիմակայության վրա․ փորձագետ․ «168 Ժամ»

Հնարավոր չէ ողջ քարոզարշավը կառուցել դիմակայության վրա․ փորձագետ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Հետաքրքիր է հետևել Հայաստանում ծավալվող բուռն նախընտրական պայքարին: Ներկայիս  պատկերը բացատրվում է այն հանգամանքով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ցանկանում է տեղի ունեցած հեղափոխության տրամադրություններն օգտագործել ապագա խորհրդարանում առավելագույն ներկայություն ապահովելու համար»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է եվրոպացի վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով նախընտրական պայքարին:

Միաժամանակ նա հիշեցրել է, որ կան նաև արտաքին քաղաքական խնդիրներ, որոնց մասին ևս պետք է տեսլական ներկայացնել, նշել, թե ինչպիսին է լինելու ՀՀ արտաքին քաղաքականությունն առաջիկա տարիների ընթացքում` Արցախյան հակամարտության, Ռուսաստանի, ԵՄ-ի, Իրանի և ԱՄՆ-ի, տարածաշրջանի ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախընտրական պայքարին հետևում են և հետաքրքրվում են ոչ միայն երկրի ներսում, այլ նաև գործընկեր երկրներում և կազմակերպություններում:

«Դեռ ժամանակ կա, և, կարծում եմ` պետք է լինեն գաղափարական քննարկումներ, քանի որ հնարավոր չէ ողջ քարոզարշավը կառուցել դիմակայության վրա: Դա սխալ կլինի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար»,- ասել է նա:

Իսկ գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախի կարծիքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ընտրություններից հետո չի փոխելու ԱԳ և Պաշտպանության նախարարներին՝ ուղերձ էր արտաքին աշխարհին՝ փորձելով աշխարհաքաղաքական կենտրոններին վստահեցնել, որ այս ուղղություններում ոչինչ չի փոխվելու:

«Բայց այս առումով այդքան էլ հասկանալի իրավիճակ չէ, քանի որ նշվում է, որ փոփոխություններ չեն լինելու, կտրուկ շրջադարձեր չկան, նախարարը չի փոխվելու, բայց թե ինչպիսի՞ քաղաքականություն է լինելու, ո՞ր ուղղությամբ՝ հայտնի չէ կամ հստակ չէ, քանի որ նշվում է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը կրկին խորն է, սերտ, բայց խնդիրներ են առաջանում, խնդիրներ են ի հայտ գալիս նաև ՀԱՊԿ-ում: ԵՄ-ի հետ համագործակցության հարցում ինձ ոչինչ հասկանալի չէ, այն, թե ինչ փուլում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը, արդյո՞ք այդ համաձայնագիրը կփոփոխվի, թե՞ ոչ, արտաքին քաղաքական ի՞նչ այլ առաջնահերթություններ կան… Այս հարցերը, ըստ ամենայնի, ՀՀ իշխանությունները չեն հասցնում հստակեցնել: Սակայն նախընտրական քարոզարշավն այդ հարցերին անդրադառնալու լավ առիթ է»,- ասել է Հալբախը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ