17 11 2018

Ճշմարտությունը պատգամավորի թեկնածուների մասին․ «Հայոց աշխարհ»

Ճշմարտությունը պատգամավորի թեկնածուների մասին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ժամանակն է, թանկագին հայրենակիցներ, ասելու վերջապես պատգամավորի թեկնածուների մասին ողջ ճշմարտությունը։   Իսկ ճշմարտությունն այն է, որ լիովին սուտ են պատգամավորի թեկնածուների՝ որպես հանգամանքների բերումով քաղաքականությամբ զբաղվող սովորական մարդկանց մասին մինչ օրս գոյություն ունեցող պատկերացումները։  

Ո՛չ, եւ հազար անգամ ո՛չ։ Մեր տեսությունը, որ, բնականաբար, ստուգված է գործնական եղանակով, հաստատում է. պատգամավորի թեկնածուն բնության մեջ համանմանը չունեցող միանգամայն այլ երեւույթ է։ Եվ այդ երեւույթից էլ մենք՝ ձեզ հետ, կփորձենք գլուխ հանել։  

Իհարկե, մեր տեսությունը գործում է ոչ թե որպես դոգմա, այլ ընդամենը որպես կանոն։ Եվ ինչպես յուրաքանչյուր կանոն, ունի բացառություններ։ Որոնք միայն հաստատում են կանոնը։  

Եվ այսպես. դիտարկենք բնության այդ հրաշքը տարբեր տեսանկյուններից։  

Պատգամավորի թեկնածուն եւ տրամաբանությունը անհամատեղելի բաներ են։ Այնտեղ, ուր գոյություն ունի տրամաբանությունը, բացակայում է պատգամավորի թեկնածուն, իսկ որտեղ հայտնվում է պատգամավորի թեկնածուն, այնտեղից անհետանում է տրամաբանությունը։ Ըստ որում, ուզում ենք միանգամից պարզաբանել. վերոնշյալը ոչ լավ է, ոչ էլ վատ, դա պարզապես փաստ է։    Համաձայն բժշկական վիճակագրության, նորածինների աշխարհ գալուց հետո նրանցից առաջինը, մեծ մասամբ, սկսում են խոսել ապագա պատգամավորի թեկնածուները։ Թվում է, շատ լավ, առաջինն սկսեցիք, առաջինն էլ ավարտեք։ Բայց ոչ, պատգամավորի թեկնածուն սկսում է խոսել առաջինը, բայց ավարտում՝ վերջինը։ Եթե ընդհանրապես երբեւէ ավարտում է։   

Ինչ վերաբերում է առհասարակ խոսակցություններին, ապա նորմալ մարդու եւ պատգամավորի թեկնածուի տարբերությունները պարզ են ու ակնհայտ։   

Նորմալ մարդը մտաբերում է. երեկ հանդիպեցի ընկերներիս, մի լավ խմեցինք։ Պատգամավորի թեկնածուն հայտնում է. այսօր հանդիպեցի ընտրողներիս, մի կուշտ խոսեցի։  

Պատգամավորի թեկնածուի համար աներեւակայելի շատախոսությունը նորմա է։ Նորմալ մարդու համար ավելորդ շաղակրատանքը՝ պաթոլոգիա։   

Շատախոս նորմալ մարդն ընդամենը նյարդայնացնում է։ Լռակյաց պատգամավորի թեկնածուն՝ ծայրաստիճան վախեցնում։   

Գիտական լեզվով ասած, պատգամավորի թեկնածուն բանավոր խոսքի անխոնջ գեներատոր է, բառերի արտադրության հավերժական շարժիչ։ Երբեմն՝ իմաստալից, առավել հաճախ՝ անիմաստ։ Ինչի համար են այդ բառերը՝ հայտնի չէ, ինչի մասին են այդ բառերը՝ կարեւոր չէ։   

Աշխարհի ամենաֆանտաստիկ երեւույթներից է՝ պատգամավորի թեկնածուն ու լեզվակռիվը։ Պատգամավորի թեկնածուի լեզվակռիվը հստակ իմաստավորված դրամատուրգիա չունի։ Այն կարող է սկսվել վերջից եւ ավարտվել սկզբով, իսկ կարող է եւ պարզապես ընթանալ շրջանաձեւ՝ վերադառնալով միեւնույն փաստերին ու փաստարկներին անթիվ-անհամար անգամներ։   

Պատգամավորի թեկնածուն լեզվակռվի պոետ է, նա գործում է Մոցարտի թեթեւությամբ, այլ ոչ թե Սալյերիի ռացիոնալիզմով։ Պատգամավորի թեկնածուն բնավ առաջիկա ճակատամարտի բոլոր քայլերը հաշվարկող սառնասիրտ ռազմավար չէ, այլ Նապոլեոնի՝ «Գլխավորը մարտի բռնվելն է, իսկ հետո կտեսնենք» սկզբունքով լեզվակռվի հորձանուտը նետվող մարտավար։   

Այդուհանդերձ պատգամավորի թեկնածուն, որպես կանոն, հոյակապ զգում է լեզվակռիվն ավարտելու անհրաժեշտ պահը, անդունդի եզրը, ուր կարելի է գահավիժել, վերջին սահմանը, որը պետք չէ անցնել՝ մռութին չստանալու համար։   

Գիտե՞ք ինչպես մահու չափ վիրավորել պատգամավորի թեկնածուին։   

Միգուցե ասել նրան. «Դու հիմա՞ր ես»։ Այո, վիրավորական է, բայց այնուամենայնիվ պատգամավորի թեկնածուների մեծ մասը բավական հանգիստ կվերապրի սեփական մտավոր ունակությունների թերագնահատումը։  

Այդ դեպքում գուցե ասել նրան. «Դու բարոյական մարդ չե՞ս»։ Այո, սա, անշուշտ, ավելի վիրավորական է։ Բարոյական հատկանիշների թերագնահատումը պատգամավորի թեկնածուն ընկալում է անհամեմատ ավելի հիվանդագին, քան մտավոր ունակությունների թերագնահատումը։  

Եվ այնուամենայնիվ՝ ո՛չ. պատգամավորի թեկնածուին իսկական, մեծագույն վիրավորանք հասցնելու համար պետք է ասել նրան բոլորովին այլ բան. «Դու նման ես բոլոր թեկնածուներին»։  

Այդքանը բավական է։ Եվ պատգամավորի թեկնածուն կցատկի մինչեւ երկինք. «Չհամարձակվեք համեմատել ինձ բոլորի հետ»։ Ու գնա՜ց, ու խորացա՜վ...   Ինչո՞ւ։ Ինչո՞ւ է յուրաքանչյուր պատգամավորի թեկնածու այդչափ մոլեռանդորեն ու այդչափ խելահեղ ցանկանում լինել միակն ու անկրկնելին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ