«Հրապարակ»-ը գրում է․ «6-րդ գումարման ընտրատարածքում (Արմավիրի մարզ) «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով թեկնածու է առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Պետրոսյանը: Նա նաև ՔՊԿ-ի համամասնական ցուցակի 138-րդ համարն է:
Արսեն Պետրոսյան անունը ոչինչ չէր ասի, եթե թավշյա հեղափոխությունը չկտրեր նրան տաքսու ղեկից ու չտաներ հասցներ Նիկոլ Փաշինյանի մոտ: Միայն նրա համար, որ երիտասարդ հեղափոխականը քայլել է Փաշինյանի կողքին, արժանացել է էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնին:
Հիշեցնենք, որ Արսեն Պետրոսյանը միջնակարգ կրթություն ունի (ճանաչողների ասելով՝ նույնիսկ 8-ամյա), Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) խաղատան դիլերներից է եղել, այնուհետև տաքսի վարել, որից հետո դարձել Էջմիածնի փոխքաղաքապետ:
Նրա գործունեության մասին Էջմիածնում ոչինչ չկարողացան ասել: Ավելին՝ մարդիկ նույնիսկ չէին էլ ճանաչում: Խնդիրներն Էջմիածնում ինչպես եղել են, այնպես էլ մնում են: Երիտասարդ գործիչն իր պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում չի էլ փորձել շփվել բնակիչների հետ՝ գոնե սեփական անձը ճանաչելի դարձնելու համար:
Հիմա էլ պատգամավոր է ուզում դառնալ: Միանգամից ասեմ՝ չի բացառվում: Չէ՞ որ միայն «ՔՊ»-ի լոգոյի տակ ներկայանալն արդեն իսկ հաղթանակ է: Եվ այս դեպքում գրագետ լինել-չլինելը կարևոր չէ: Կարևորը՝ իրավիճակ է փոխվել:
Ընտրովի մարմիններում կրթական ցենզի վրա թքած ունեցողները, պարզվում է՝ բավականին խստապահանջ են մանկապարտեզներում ու դպրոցներում: Այս հաստատություններում բարձրագույն կրթություն ունենալն ու աշխատանքային հարուստ փորձն անգամ առ ոչինչ են, եթե չունես բուն մասնագիտական կրթություն:
Սա էլ կարելի է հասկանալ: Բայց ո՞րն է օրինաչափությունը, երբ կրթական ոլորտում աշխատանքային փորձ ունեցող ու երկրորդ կրթություն ստացողին գործազուրկ են դարձնում միայն այն պատճառով, որ դեռ սովորում է:
Որտե՞ղ է տրամաբանությունը, երբ մի դեպքում բարձրագույն կրթություն չունենալը խրախուսվում է պաշտոնով, մյուս դեպքում մեկից ավելի դիպլոմը դառնում է առ ոչինչ նույնիսկ մանկապարտեզում աշխատելու համար»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում;
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը