16 11 2018

Իշխանական ուժի ցուցակը խոր հիասթափություն է առաջացնում․ «Հայոց աշխարհ»

Իշխանական ուժի ցուցակը խոր հիասթափություն է առաջացնում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Նախօրեին ավարտվեց առաջադրումների փուլը եւ հրապարակվեցին Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 11 քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները, որոնցից երկուսը նախընտրական դաշինքներ են, իսկ 9-ը՝ առանձին կուսակցություններ։  

Դրանցից առաջինը «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցություններից բաղկացած «Իմ քայլը» դաշինքն է, որ ներառել է նաեւ այլ կուսակցություններ ներկայացնող անձանց եւ բազմաթիվ անկուսակցականների։ Իսկ ահա «Մենքը» ըստ էության երկու կուսակցության, կամ ավելի ճիշտ՝ երկու անհատների՝ Արամ Սարգսյանի ու Խաչատուր Քոքոբելյանի մի սովորական «անձնական ունիա» է։   

Կուսակցությունների պարագայում կարելի է առանձնացնել երեք խումբ.  

ա) նախորդ տասնամյակների ընտրություններում երկրի քաղաքական բեմահարթակում միշտ էլ առաջատար դիրքերում եղած ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ,   

բ) վերջին տարիներին որոշակի գործունեություն ծավալած նորեկներ՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Սասնա ծռեր», որոնց առաջնորդները հայտնի են հասարակությանը,  

գ) եւ վերջապես՝ երեք անհայտներ՝ «Ազգային առաջընթաց», «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։   

Եթե կարելի է հասկանալ արդեն խորհրդարանում եղած եւ հասարակության շրջանում որոշակի ճանաչում ունեցող ուժերի ցուցակներում էական փոփոխությունների բացակայության պատճառները, ապա հեղափոխություն անելով՝ արտահերթ ընտրությունները մեր հանրությանը պարտադրած «Իմ քայլի» ցուցակի գորշությունն ու միապաղաղությունն ուղղակի տխուր տպավորություն է թողնում։   

Ի վերջո, ինչպես գիտենք, Փաշինյանի դաշինքը չունի ընտրական շեմը հաղթահարելու խնդիր եւ դրանով պայմանավորված՝ «քարշակ դեմքեր» ներգրավելու անհրաժեշտություն։ Քարշակը հենց ինքը՝ Փաշինյանն է, ուստի խնդիրն այն է, թե նա արագացնելով ընտրությունները՝ ի՞նչ ինտելեկտուալ, քաղաքական ու բարոյական ներուժ է իր հետեւից տանելու Ազգային ժողով։   

Որովհետեւ հենց նա հնարավորություն ունի հավաքել իր շուրջը լավագույն քաղաքագետներին, տնտեսագետներին, գիտնականներին ու բարձրաճաշակ մտավորականներին եւ իր հետեւից տանելով խորհրդարան՝ սկզբունքորեն փոխելու նրա քաղաքական դեմքը եւ դրանով պայմանավորված՝ գործառույթների իրական բովանդակությունը։  

Սակայն այն զգացողությունը, որ պատում է մեզ, «Իմ քայլի» առաջին 4-5 տասնյակին ծանոթանալուց հետո, ավելի քան խորն ու դառը հիասթափությունն է։   

Մի՞թե սա է ազգիս ճակատագրով մտահոգ պետական գործչի ընտրությունը, մի՞թե անցած գարնանը ավտոմեքենաներից կախվող այս ջահելներն են հայ ազգի ներկա ծաղիկը, որը կարող է նրան դուրս բերել առաջադիմության ու զարգացման լուսավոր ուղի։   

Ունենալ նման եզակի հնարավորություն եւ դրանից օգտվելու փոխարեն ասպարեզ բերել Երեւանի փողոցներում անցած գարնանը իր հետ թափառած նույն գավրոշներին, նշանակում է լինել ոչ թե պետական գործիչ, այլ պարզունակ, ավելի ճիշտ պրիմիտիվ կուսակցապետ, որն իր գրասենյակի շեմից այն կողմ ոչ մեկին չի ճանաչում։  

Պատկերն է՛լ ավելի տխուր է դառնում, երբ Փաշինյանի ցուցակում նկատում ես այն չկայացած գիտնականի անուն-ազգանունը, որը օրեր առաջ միայն հետ է ստացել իր թեկնածուական դիսերտացիան՝ բացահայտ արտագրություններ հայտնաբերվելու պատճառով։ Սա խայտառակություն է, բայց, ցավոք, փաստ է։   

Փաշինյանի ցուցակի բնութագիրը ամբողջական չէր լինի, եթե այնտեղ չտեսնեինք իջեւանյան ազգանունների՝ Ղալումյան, Ճաղարյան եւ այլն, առատությունը եւ, իհարկե, մի շարք «արխիվացված» ՀՀՇ-ական գործիչների ներկայությունը։  

Ահա եւ Ընտրական օրենսգիրքը եւ այլ կարեւոր օրենքները անփոփոխ թողնելու գնով ընտրությունների արագացման արդյունքը՝ փողոցային թայֆայի, գավառական ախպերության եւ, անշուշտ, երկրի հերը մեկ անգամ արդեն անիծած «Մայր կուսակցության»՝ ՀՀՇ-ի խառնուրդը։ Եվ այս մարդիկ առաջիկա տարիներին պետք է որոշեն ազգիս ճակատագիրը։  

Ողջունելի է, որ նախորդ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն որոշակի հետեւություններ է արել՝ ազատվելով օդիոզ դեմքերից եւ դարձել է շատ ավելի ինտելեկտուալ, համենայն դեպս՝ իր առաջին տասնյակով։    Իսկ նախորդ խորհրդարաններից հայտնի մնացած կուսակցությունների ցանկերում էական փոփոխություններ չկան։  

Փոխարենը հետաքրքրական են «Լուսավոր Հայաստանի» եւ «Սասնա Ծռերի» ցանկերը, որոնք թեեւ նոր կուսակցություններ են, բայց արի ու տես, որ իրենց ինտելեկտուալ մակարդակով կամ՝ գրավչությամբ չեն զիջում, իսկ որոշ դեպքերում գերազանցում են «Իմ քայլի» անկապ ցուցակին։   

Հարց է առաջանում. մի՞թե սրա համար էին արագացվում Ազգային ժողովի ընտրությունները՝ մարդկանց փողոց դուրս բերելու, սպառնալու եւ այլ հնարքների միջոցով։ Եվ մի՞թե սա է մեր ազգի իրական հնարավորությունը, երբ այսօր ընդամենը երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել հանրապետության լուրջ տնտեսագետների անունները, որոնցից միայն մի քանիսին նկատեցինք, այն էլ նախորդ խորհրդարանում իրենց տեղն ունեցած կուսակցությունների ցանկերում։   

Ուրեմն ինչի՞ համար էր վերջին ամիսների այս ողջ ափալ-թափալը, եթե ոչ իշխանության շտապ զավթման նպատակով՝ քանի դեռ չի վարկաբեկվել հեղափոխականների պոպուլիստական թիմը։ Բայց պոպուլիզմը մի բան է, իսկ երկիր կառավարելու արվեստը՝ բոլորովին այլ։   Կարծում ենք, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր այն ուժերը, որոնք հասկանում են, թե ինչ է սպասում երկրին, պարտավոր են ընտրապայքարի սահմանափակ ժամանակամիջոցն օգտագործելով՝ ահազանգել մեր աչքի առաջ տեղի ունեցող ակնհայտ աճպարարության կապակցությամբ, ցույց տալ ներկայիս իշխանավորների կատարյալ անհամապատասխանությունը երկիրը կառավարելու գործին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ