13 11 2018

Ընտրարշավը դիտարժան կլինի․ «Առավոտ»

Ընտրարշավը դիտարժան կլինի․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «ՀՀԿ-ի որոշումը՝ մասնակցել ընտրություններին, այդ կուսակցության ցուցակում Վիգեն Սարգսյանի եւ Դավիթ Շահնազարյանի հայտնվելը ընտրարշավը կդարձնեն ավելի հետաքրքիր: Անկախ նրանից, թե ով որքանով է համաձայն հիշյալ գործիչների հետ, նրանց հետաքրքիր է լսել, նրանց մասնակցությամբ բանավեճերը (եթե կազմակերպվեն) կլինեն տեսարժան:

Ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ն երկու խնդիր ունի, մեկը՝ անլուծելի, մյուսը՝ դժվար լուծելի: Անլուծելի խնդիրն այն է, որ այդ կուսակցության կողմից հնչեցրած որեւէ փաստարկ, անգամ աստվածաշնչյան ճշմարտություն, չի ընկալվի, կմերժվի, կարժանանա բուռն բացասական արձագանքի, սուլոցների, «հու»-երի: Ընդ որում, «սուլելու» են ոչ միայն «իշխանության կուսակցության» անդամները եւ նրանց համակիրները, նույնն անելու են քարոզարշավի բոլոր մասնակիցները. քաղաքացիների մեծամասնության ատելությունը վայելող կուսակցությունը շատ հարմար թիրախ է՝ քաղաքական դիվիդենդները շահելու համար:

Խոսել ապագայի տեսլականների մասին բարդ է, գիտելիքներ, մտավոր ճիգեր է պահանջում, խոսել այն մասին, թե ինչպես է ՀՀԿ-ն թալանել երկիրը, չափազանց հեշտ է: Մանավանդ, որ մեծ մասամբ նաեւ՝ ճիշտ է: Հանրապետականների համար մեկ այլ՝ դժվար լուծելի խնդիրը ժողովրդի հետ «վիզուալ կոնտակտի» մեջ մտնելն է: Դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:

Դավիթ Շահնազարյանի մասին: Եթե մարդը ձգտում է հայտնվել Նիկոլ Փաշինյանի նախընտրական ցուցակում, հասկանալի է, որ դա կարող է կասկածներ առաջացնել, որ նա ձգտում է հայտնվել «իշխանության կերակրատաշտի» մոտ կամ պարզապես երազում է պատգամավոր դառնալ (մնալ)՝ օգտվելով մեծ ժողովրդականություն վայելող լիդերի ընձեռած հնարավորությունից, չէ՞ որ այդ ցուցակից մի 50-60 հոգի կհայտնվեն խորհրդարանում: (Չնայած բացառված չէ, որ իշխանական ցուցակ մտնելու դրդապատճառները կարող են միանգամայն ազնիվ լինել):

Բայց երբ քաղաքական գործիչը մտնում է ամենաքարկոծվող, ամենաատելի կուսակցության նախընտրական ցուցակ, որի խորհրդարանական հեռանկարները, մեղմ ասած, խիստ մշուշոտ են, այդ գործչի հասցեին մեղադրանքներ հնչեցնելը տրամաբանական չէ: Իմ տպավորությամբ՝ ՀՀԿ-ն պարոն Շահնազարյանի համար այն հարթակն է, որտեղ նա կարող է հնչեցնել Արցախյան խնդրի վերաբերյալ իր հայացքները՝ ընտրություններին մասնակցող մնացած կուսակցությունները կա՛մ համամիտ են այդ հարցում իշխանությունների կողմից տարվող քաղաքականության հետ, կա՛մ էլ «ռիսկ չեն անում» քննադատել՝ հասկանալով, թե հայհոյանքների ինչ տարափ է դա առաջացնելու:

Ինչ մնում է հայհոյողներին…Այդ մարդկանց կարելի է կարեկցել: Չէ՞ որ հայհոյանքն ի վերջո օգնություն հայցող ճիչ է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ