13 11 2018

Հանրապետականն առաջադրում է հստակ օրակարգ․ «Հայոց աշխարհ»

Հանրապետականն առաջադրում է հստակ օրակարգ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Բավականաչափ ինքնատիպ քայլ է ՀՀԿ խորհրդի վերջին նիստում քննարկված քաղաքական հայտարարության նախագծի հրապարակումը: Որոշակի իմաստով անգամ աննախադեպ է, որ քաղաքական ուժը առկա իրավիճակի, վերջին մեկ տարվա զարգացումների, առաջիկա անելիքների վերաբերյալ հայտարարության նախագիծը կուսակցական շրջանակներից դուրս դնի, մեկ շաբաթվա ընթացքում հնչած առաջարկությունները հաշվի առնելով ու ամփոփելուց հետո հայտարարությունն ընդունելու համար:   

Սովորաբար կուսակցությունները միանգամից հայտարարությունն են տարածում: Բայց նախկին իշխող ուժը, որ այժմ ընդգծված ընդդիմություն է, ինչպես ցույց են տալիս զարգացումները՝ թե՛ գաղափարաքաղաքական, թե՛ սկզբունքային մոտեցումների առումով առայժմ միակ կազմակերպված ընդդիմադիր կուսակցությունը, նաեւ տվյալ քայլով ինչ-որ տեղ ակնարկում է, որ այդ տեսանկյունից էլ խնդիր չունի:    Մյուս կողմից, հենց հայտարարության նախագիծը հրապարակելով ՀՀԿ-ն նաեւ հնարավորություն է ստանում մեկ անգամ եւս շոշափել հանրային տրամադրությունները, ներկայացված գնահատականների արձագանքներն ու հակադարձումները տեսնել, ըստ այդմ ճշգրտումներ կատարել իր մոտեցումներում եւ մարտավարության մեջ: Դա տասնամյակների պայքարի եւ փորձառության «բագաժ» ունեցող կուսակցությանը հարիր յուրատիպ շախմատային քայլ է:   

Ի դեպ, հետաքրքիր, որոշակի առումով նաեւ բնութագրական է, որ իշխանափոխությունից հետո էլ ՀՀԿ-ի դեմ բուռն պայքարի դիրքերից հանդես եկող առանձին մեկնաբաններ, թերեւս խիստ ոգեւորությունից մղված, անգամ չեն նկատել, որ հայտարարության նախագիծ է, այլ ոչ թե ՀՀԿ բանաձեւ, ինչպես իրենք են թյուրիմացաբար նշում:   

Պետք է նաեւ նկատել, որ ՀՀԿ հայտարարության նախագիծը, դրա մասին ասուլիսում ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանի հիշատակելուց գրեթե անմիջապես հետո թերեւս ամենից շատ որոնված ու ապա՝ ընթերցված հրապարակումը դարձավ:   

Անկախ նրանից, թե սոցցանցային վիրտուալ «պատերին» ու իրական անցուդարձի պատատակերին ով ինչ ու ինչեր է խոսում Հանրապետականի կամ առանձին գործիչների հասցեին, ՀՀԿ քաղաքական գնահատականների ու դիրքորոշումների նկատմամբ հետաքրքրության աստիճանը խիստ բարձր է մնում: Կրկնենք, անկախ հետաքրքրվողների վերաբերմունքից:   

Դա որոշակի առումով բնական է նաեւ այն տեսանկյունից, որ ՀՀԿ-ն որոշակիորեն կրում է իր բաժին պատասխանատվությունը ստեղծված վիճակի համար, ավելին՝ չի խուսափում այդ պատասխանատվությունից ու քաղաքական պայքարից, «ձեռքերը չի լվանում» ու մի կողմ չի քաշվում:   

Եվ երկրորդ՝ հատկապես վերջին կես տարվա ընթացքում մեր քաղաքական անցուդարձում գերիշխող դարձած հուզական-ճառախոսության պայմաններում, որ աստիճանաբար սկսում է տաղտկալի դառնալ, բնականորեն մեծանում է քաղաքական խոսքի, կշռադատված ու հիմնավորված քաղաքական գնահատականների, մոտեցումների պահանջը:   

ՀՀԿ հայտարարության նախագիծը, կարելի է ասել, որոշակիորեն բավարարում է այդ պահանջը, համենայն դեպս ներկայացնում տվյալ քաղաքական ուժի հստակ դիրքորոշումներն ու գնահատականները կոնկրետ երեւույթների եւ իրադարձությունների վերաբերյալ, լինի իշխանափոխությունը, ԱԺ-ի վրա հոկտեմբերի 2-ի «գրոհը», թե մեկ այլ բան:   

Ողջունելի, նաեւ բնութագրական է, որ ՀՀԿ-ն այդ առումով էլ պահում է նշաձողը, ներկայացված գնահատականներն ու դիրքորոշումները արտահայտելով բացառապես քաղաքական ուղեծրում ու շրջանակներում, առանց անձնավորման ու պիտակավորման, այսինքն՝ չդիմելով իր դեմ կիրառվող «զենքերին», հնարքներին:  

Էական է, որ նախկին իշխող ուժի ու ներկայիս ընդգծված միակ ընդդիմության մոտեցումներում եւ գնահատականներում չկա չարություն կամ չարախնդություն, չկա նեղացածության կամ նման այլ երեւույթի դրսեւորում: Եվ հակառակը, կա ընդգծված պատասխանատվության, առարկայական մտահոգության արտացոլում՝ քաղաքական կեցվածքով ու քաղաքական մոտեցումներով:   

Դիտարկվող հայտարարության նախագիծը, որն ամփոփում ու արտացոլում է կուսակցության ներսում եղած տրամադրությունները, ընդդիմադիր առաքելություն ստանձնելու համար հանրությանը ներկայացված լավ հայտ է:   

Գնահատելի է նաեւ, որ ՀՀԿ-ն հանգամանորեն անդրադարձել է նաեւ կուսակցության՝ իշխանություն լինելու շրջանում գործած սխալներին: Ոմանք կարող են ասել կամ ասում են, թե՝ բավարար խստությամբ չեն գնահատված սխալները:   

Տեսանկյան հարց է, իհարկե, մանավանդ որ չենք կարծում, թե ՀՀԿ-ն հրապարակային ինքնախարազանման խնդիր ունի: Թող մյուս բոլոր ուժերը, իրենց քաղաքական ուժ կամ կուսակցություն համարողները նույնքան բաց ու հրապարակավ իրենց սխալները ներկայացնեն, նույնքան քաղաքական համարձակություն ու ազնվություն դրսեւորեն, հետո կարելի կլինի այդ թեմայի շուրջ խոսակցությունը շարունակել:   

Ինչպես արդեն նշեցինք, սա ընդդիմադիր առաքելություն ստանձնելու լավ հայտ է: Ինչն, ի դեպ, հատուկ ընդգծված է հայտարարության նախագծում: Խոսքն այն շեշտադրման մասին է, որ կուսակցությունները սովորաբար ընտրապայքարի մեջ են մտնում՝ մեծամասնություն կազմելու եւ իշխանություն ձեւավորելու նպատակով, բայց ՀՀԿ-ն տվյալ դեպքում արտահերթ ընտրություններին հայտ է ներկայացնում` խորհրդարանում երաշխավորված բազմակարծություն ունենալու նպատակով:  

Ու կարեւոր է նաեւ, որ խոսքը տեսությամբ ենթադրվող ընդդիմության մասին չէ: Այն առումով, որ եթե կա իշխանություն, պիտի ընդդիմություն էլ լինի: Ու՝ վերջ: Հանրապետական կուսակցության պարագայում ստուգապես այդ տարբերակը չէ:  

Եվ այդ տարբերակը չէ, քանզի պայքարի մեջ է մտնում մի ուժ, որը ունի իր որոշակի գաղափարական, քաղաքական հենքն ու դրա վրա խարսխված ծրագիրը, որն հստակ ընկալում ու գիտակցում է իր պատասխանատվությունն ու ստանձնելիք առաքելությունը, որն առաջադրում է ծրագրային օրակարգ, ի լրումն, ունի իր պատրաստակամությունը՝ որպես քաղաքական կամք, եւ իր պատրաստականությունը՝ ի դեմս կարողունակ, բանիմաց, քաղաքական խնդիրներին հենց քաղաքական մոտեցումներ դրսեւորող գործիչների:   

Չգնահատել ու չօգտագործել այդ ներուժը, կարծում ենք, ժամանակակից Հայաստանի ու իրողությունների պայմաններում չարդարացված շռայլություն կլինի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ