10 11 2018

Զբոսաշրջիկների աճի տեմպն ընկել է․ «Հայոց աշխարհ»

Զբոսաշրջիկների աճի տեմպն ընկել է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Դժվար է ասել, թե «հպարտ» քաղաքացիներից քանի՞սն են կարդացել կառավարության ծրագիր կոչվող փաստաթուղթը, առավել եւս քանի՞սն են հիշում, որ զբոսաշրջությունն այդ փաստաթղթում նշվում է որպես կառավարության երեք գերակա ուղղություններից մեկը՝ գյուղատնտեսության եւ բարձր տեխնոլոգիաների հետ։   

Սակայն նրանց համար, ովքեր ծանոթ են ոչ մի կոնկրետություն եւ թվային ցուցանիշ չպարունակող այդ փաստաթղթին, հետաքրքրական կլինի, թե ինչպե՞ս են «Նոր Հայաստանում» զարգանում այս ճյուղերը։  

Առավել իրատեսական պատկերացում ունենալու համար հիշեցնենք, որ, համաձայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, զբոսաշրջիկ է համարվում յուրաքանչյուր անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամկետկով։   

Այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում կամ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում եւ այլն:  

Նախ ներկայացնենք, թե ինչպե՞ս էր զարգանում ոլորտը մինչ «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունը։   

2017 թվականին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը կտրուկ է եղել՝ 18,7 տոկոսով կամ 235 հազար մարդով շատ 2016-ի համեմատ եւ կազմել գրեթե 1,5 մլն մարդ։   

Ի դեպ, արժե հիշեցնել, որ 2001-ին Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ խնդիր էր դրված Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 100 հազարի։ Սա իմիջիայլոց եւ ի պատասխան «20 տարվա ընթացքում երկիրը քանդելու» մասին բարբաջողների։   

2017-ին արձանագրված զբոսաշրջիկների թվի աճի միտումը այս տարվա հունվար-մարտին պահպանվել է՝ այդ ընթացքում Հայաստան է այցելել մոտ 346 հազար զբոսաշրջիկ, որը 16,1 տոկոսով շատ էր անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ։  

Հիմա այն մասին, թե ինչպե՞ս են փոխվել ներգնա զբոսաշրջության ցուցանիշները ապրիլից հետո։  

Ապրիլ-հունիսին Հայաստան է եկել 340 հազար զբոսաշրջիկ՝ հունվար-մարտի 346 հազարի դիմաց 6 հազարով կամ մոտ 2 տոկոսով քիչ։ Ու թեեւ հունվար-հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ընդհանուր առմամբ եղել էր գրեթե 686 հազար մարդ, բայց աճի տեմպը նվազել էր՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ կազմելով 10,2 տոկոս։   

Տեղին է հիշեցնել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, թե ողջ աշխարհում Հայաստանը հայտնի է դարձել որպես «թավշյա հեղափոխության» երկիր. զբոսաշրջիկները կգան տեսնելու, թե դա ի՞նչ երկիր է, որ նման հեղափոխություն է արել։   

Անշուշտ սա անհեթեթություն է. ոչ մի երկիր, որտեղ ցնցումներ կամ հեղափոխություն է լինում, չի գրավում զբոսաշրջիկներին։ Կարելի է փաստել, որ զբոսաշրջությունն ու հեղափոխությունը վանում են միմյանց, ոչ թե ձգում՝ հակառակ հեղափոխական «տրամաբանության»։ Դա, ըստ էության, արտացոլվում է Հայաստանի զբոսաշրջության տվյալների մեջ։  

Ինչ վերաբերում է 9 ամիսների ընթացքում արձանագրված զբոսաշրջության ցուցանիշներին, ապա Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 275 հազար մարդ։ Հարկ է նշել, որ նվազել է մեր երկիր երկու հիմնական երկրներից՝ Ռուսաստանից եւ Իրանից եկող զբոսաշրջիկների թիվը, եւ այդ միտումը շարունակվելու է։   

Հոկտեմբերին հավանաբար այս ցուցանիշը որոշ չափով կբարելավվի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների եւ այդ առիթներով բազմաթիվ հյուրերի այցելության շնորհիվ։ Դա բնականաբար ոչ մի կերպ պայմանավորված չէ ներկայիս կառավարության գործունեությամբ։   

Այդուհանդերձ ընդհանուր կացությունը սա չի փոխի եւ տարեկան արդյունքներով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը այնպիսի բարձր աճ նախորդ տարվա համեմատ, ինչպես 2017-ին էր՝ 2016-ի համեմատ, չի ունենա։   

Ի դեպ, նախորդ կառավարության կողմից նպատակ էր դրվել մինչեւ 2022 թվականը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 մլն մարդու: Այլեւս ակնհայտ է, որ քաղաքական եւ տնտեսական պարբերական ցնցումների մատնված Հայաստանի համար սա իրատեսական չէ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ