«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Առաջիկա տարիներին Հայաստանը պետական պարտքի ցուցանիշների բարելավման լրջագույն խնդիր ունի։ Դրա լավագույն ճանապարհը անշուշտ ներգրավվող միջոցների պահանջարկի կրճատումն է, ինչպես նաեւ տնտեսական աճի ակտիվացումը։ Թե ո՞ր ուղղությունն է պատրաստվում ընտրել կառավարությունը, առայժմ պարզորոշ չէ։
Վերջին ամիսներին որոշակիորեն բարելավվել են պարտքի ցուցանիշները։ Տարեսկզբի համեմատ պարտքը նույնիսկ մի փոքր նվազել է։ Սակայն դեռ հարց է՝ դա լա՞վ է, թե՞ վատ։ Պարտքի նվազումը տեղի է ունեցել վարկային միջոցների հաշվին նախատեսված որոշ ծրագրերի կասեցմամբ կամ դանդաղեցմամբ։ Իշխանափոխությունից հետո կառավարությունն ըստ էության չի կողմնորոշվում իր անելիքների հարցում։
Տարեսկզբի ինը ամիսներին արտաքին աղբյուրներից ներգրավվել է նախատեսված վարկային միջոցների ընդամենը 42 տոկոսը։ Դա նշանակում է, որ բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի ի կատար ածվեին դրսի գումարներով, չեն իրականացվել։ Պատճառը հայտնի չէ։ Առայժմ դժվար է ասել, թե որքա՞ն կպահպանվի այս վիճակը։ Մի բան անկասկած է՝ ինչքան էլ վարկային միջոցների ներգրավման կասեցումը դրականորեն է անդրադառնում պարտքի ցուցանիշների վրա, այնուհանդերձ այն ունի նաեւ բացասական կողմեր։ Դրանք սովորաբար անհամեմատ էժան փողեր են, որոնք նպաստավոր ազդեցություն են թողնում տնտեսական գործընթացների եւ ներքին ակտիվության վրա։ Հայաստանը խնդիր ունի ոչ այնքան այդ գումարների ներգրավման, որքան արդյունավետ իրացման հետ կապված։
Մյուս կողմից՝ վարկերի սառեցումը առաջացնում է որոշակի տույժեր, որոնք պետությունը վճարում է նախատեսված, բայց չօգտագործված գումարների դիմաց։ Թե այս ընթացքում կառավարությունը որքան գումար է վճարել չօգտագործված վարկերի տույժ-տուգանքների դիմաց, հայտնի չէ։ Բայց փաստ է, որ դրա հետեւանքով Հայաստանը պարբերաբար ստիպված է լինում լրացուցիչ վճարումներ կատարել վարկատուներին։ Պատճառը պարտավորությունների թերացումներն են։
Վարկային ծրագրերի նկատմամբ սահմանափակումների կիրառումը գուցե թե ինչ-որ առումով արդարացված լիներ, եթե հետագայում եւս շարունակվեր այդ քաղաքականությունը։ Սակայն նոր իշխանությունները չեն պատրաստվում այդպես վարվել։ Չնայած Հայաստանի արտաքին պարտքի բարձր մակարդակին, այնուհանդերձ կառավարությունը մտադիր չէ առաջիկայում հրաժարվել նոր միջոցներ ներգրավելուց։ Դրանք կլինեն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աղբյուրներից։
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվում է, որ 2019թ. Հայաստանի պետական պարտքի բեռը կավելանա եւս 415 մլն դոլարով։ Ըստ այդմ, այն կհասնի 7 մլրդ 468 մլն դոլարի։
Պարտքային պարտավորությունների համալրումը կլինի բացառապես կառավարության հաշվին։ Ի տարբերություն կառավարության, հաջորդ տարի Կենտրոնական բանկը չի նախատեսում պարտավորությունների համալրում։ Հակառակը, դրանք նույնիսկ կնվազեն։ Մարումների հաշվին Կենտրոնական բանկի պարտքը 566 մլն դոլարից կհասնի 515 միլիոնի։ Այսինքն՝ կպակասի 51 մլն դոլարով։
Այլ կերպ ասած, պետական պարտքի ակնկալվող աճի ծանրության բեռը կընկնի գերազանցապես պետական բյուջեի վրա։ Ինչպես հայտնի է, պարտքի ռիսկերը հիմնականում այդ հատվածում են։ Կառավարության պարտավորությունները վճարվում են գերազանցապես պետական բյուջեի միջոցների հաշվին։
Չնայած նրան, որ Հայաստանի ընդհանուր պարտքը հաջորդ տարի կավելանա, այնուհանդերձ կառավարության պարտավորությունների աճը ավելի մեծ կլինի։ Այն կհասնի ավելի քան 466 մլն դոլարի։
Ըստ այդմ, կառավարության պարտքը ընդհուպ կմոտենա 7 մլրդ դոլարի սահմագծին, որի գերակշիռ մասը արտաքին ֆինանսական ներարկումներն են։ Այս հատվածում ձեւավորված միջոցները հաջորդ տարվա վերջին կհասնեն 5 մլրդ 444 մլն դոլարի։ Մեկ տարվա ընթացքում կառավարության արտաքին պարտավորությունները կհամալրվեն 324 մլն դոլարով։
Ներքին պարտքի աճը կլինի 142 մլն դոլար։ Ըստ այդմ, մինչեւ 2019թ. վերջ ներքին աղբյուրների հաշվին ներգրավված պարտքային միջոցները կկազմեն 1 մլրդ 509 մլն դոլար։
Պարտքի աճը կուղեկցվի սպասարկման ծանրացմամբ։ Հայաստանը լուրջ խնդրի առջեւ է կանգնելու հատկապես 2020թ. սպասարկումների առումով, երբ կավարտվի արժութային պարտատոմսերի առաջին թողարկման մարման ժամկետը։ Ներգրավված միջոցների դիմաց վճարումներն այդ տարի կհասնեն 850 մլն դոլարի, որից շուրջ 500 միլիոնը՝ արտարժութային պարտատոմսերի մարման գծով։
Պետական բյուջեի համար մեկ տարում այդպիսի մեծածավալ սպասարկումն անշուշտ լուրջ ծանրաբեռնվածություն է ենթադրում։ Ուստի սպասվում է, որ կներգրավվի հերթական պարտքը՝ նախորդը մարելու համար։ Դիտարկվում է ոչ միայն արտաքին, այլեւ ներքին ռեսուրսների օգտագործման հնարավորությունը։ Ընդ որում՝ նոր իշխանությունները կարծես նախապատվությունը տալիս են երկրորդին։ Թեեւ այն ունի ինչպես իր դրական կողմերը, այնպես էլ թերությունները։
Անտարակույս ներքին միջավայրից միանգամից 500 մլն դոլարի արտահանումը կարող է լուրջ ցնցումներ առաջացնել ֆինանսական շուկայում։ Դրանից անմասն չեն մնա նաեւ տնտեսական գործընթացները։ Ի տարբերություն արտաքինի, ներքին միջոցները նաեւ անհամեմատ թանկ են։
Թե որ տարբերակը կընտրվի, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պարտքի մարման հավանական տարբերակը մնում է նոր պարտքի ներգրավումը։ Հակառակ դրան, չնայած ժամանակին ձեւավորված ակնկալիքներին, այնուհանդերձ որեւէ խոսք չկա կոռուպցիոն բացահայտումների հաշվին պետական պարտքը թեթեւացնելու մասին։
Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե որքանով է հաջողվում վերականգնել այդ գումարները»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը