«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Երեկ բավական հետաքրքիր զուգահեռումներ եղան, այսպես ասենք՝ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների՝ գրեթե նույն թեմայի վերաբերյալ հայտարարություններում:
Սկսենք ընդդիմությունից: ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը մասնավորապես նշեց. «Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար:
Խորհրդարանական դիվանագիտությունը նաեւ արտաքին քաղաքականության հզոր գործիք է: Իսկ անվտանգության եւ պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ եւ լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական եւ փորձառու թիմի հետ բանավեճի եւ փոխգործակցության միջոցով»:
Նկատենք, Վիգեն Սարգսյանը առանց որեւէ անուն տալու, նաեւ առանց կոնկրետ ուժ ակնարկելու է արել իր, ըստ էության, անվիճարկելի պնդումը: Հասկանալի է, իհարկե, որ ՀՀԿ-ն ներկայացնող գործիչն առաջին հերթին նկատի ունի իր կուսակցությունը՝ նշած ուժեղ ընդդիմության դիրքում: Առավել եւս, որ ընդգծել է կառուցողականության եւ փորձառության պահը: Այնուհանդերձ ձեւակերպումը քաղաքական կոռեկտության սահմաններում է՝ առավել քան:
Բայց արի ու տես, որ ամեն ինչին իրենց ներքին ծուռ հայելիների պրիզմայով նայող որոշ մեկնաբաններ շտապել էին երկար-բարակ դատողություններ անել՝ շեղվելով ասվածի բուն շեշտադրումից: Մենք չենք շեղվի:
Իսկ բուն շեշտադրման հետ անհնար է չհամաձայնել. իսկապես էլ, ամեն մի իշխանության անհրաժեշտ է, որ ունենա ուժեղ ընդդիմություն: Վիգեն Սարգսյանը միանգամայն տեղին ընդգծել է Արցախի հիմնախնդիրը, եւ էլի՝ դժվար է չհամաձայնել:
Ի դեպ, արդեն իսկ մի քանի դեպքում դրսեւորված իրողությունները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն Վիգեն Սարգսյանի նշած էական հանգամանքով է պետք ուժեղ ընդդիմություն, այլեւ կայծակնային արագությամբ ավտորիտարիզմի ու անձնիշխանության ոչնչացնող ճիրաններում չհայտնվելու համար:
Ասենք, դա ավելի շուտ բոլորիս է պետք, պետությանը, երկրին, հասարակությանը: Հակառակ դեպքում մեկ էլ տեսար մի լուսավոր կամ ձնառատ օր վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բանից նյարդայնացավ եւ իրեն հատուկ ոճով սկսեց՝ «պառկեցրեք սառույցներին, ծեփեք պատերին» կամ էլ որոշեց, որ նորից պետք է «գրոհել խորհրդարանը»՝ սխալ են քվեարկել...
Ինչ վերաբերում է իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, ապա վարչապետի պաշտոնակատարը, Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Աստանայում ունեցած հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է. «Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետեւ ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն եւ ով` ընդդիմություն»:
Լիովին համամիտ ենք Փաշինյանի կոնկրետ այդ ձեւակերպմանը, որ ժողովուրդը, ավելի ճիշտ՝ ընտրողները կորոշեն եւ որ ընդդիմությունն ինքը պետք է իրեն ստեղծի: Արհեստական ընդդիմությունն իսկապես էլ քաղաքական գործընթացների «ձեռքի արգելակ» է:
Բայց իսկապե՞ս, օրինակ, Փաշինյանի թիմը կամ հենց ինքն առանց թիմի, չի փորձում ստեղծել կամ չի գայթակղվել «արհեստական ընդդիմություն» ստեղծելու հնարավորությամբ:
Այդ դեպքում ինչո՞վ են զբաղված դեռ երեկ չէ առաջին օրը իրեն, այսպես ասենք, ծափահարող, իր հետ դաշինք կազմած, կառավարության կազմում ընդգրկված ուժերն ու գործիչները, որ այսօր ու «հանկարծ», ընտրություններից առաջ որոշեցին, թե՝ «բա մենք ընդդիմություն ենք»: Ու սկսեցին ինտենսիվորեն հարվածներ տեղալ... միակ ընդգծված ընդդիմադիր քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի ուղղությամբ:
Նկատենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը, հասնելով իշխանափոխության, ըստ էության կամա-ակամա, ինչպես ասվում է, ստացավ ուժեղ, անցած կես տարում քաղաքականապես էլ ավելի կոփված եւ ուժեղացած ոչ արհեստական, միանգամայն բնական եւ հստակ տրամադրված ընդդիմություն՝ ի դեմս ՀՀԿ-ի:
Ճիշտ է, այս հետիշխանափոխական անցած ժամանակահատվածում ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ նրա մերձավոր թիմակիցների ներքաղաքական հիմնական «փորացավերից» մեկը ՀՀԿ-ի, ինչպես իր քաղուսուցիչ Տեր-Պետրոսյանն էր սիրում ասել՝ կազմաքանդումն էր: Ընդհանուր առմամբ նշմարվում էր, որ «հեղափոխական իշխանությունը» խնդիր է դրել ՀՀԿ-ից առանձին-առանձին կամ անգամ՝ խումբ-խումբ որոշակի անձանց պոկել, հեռացնել, այսպես ասած՝ «իրենց կողմը գրավել»: Անուններ չտանք, բայց բոլորն էլ տեսան ու հասկանում են, թե կոնկրետ՝ «արդյոք ովքեր են»:
Ու նաեւ՝ մեթոդները, որ այդ գործընթացում գործադրվում էին, ոչ մի լավ բան չեն հուշում: Մեկին առաջին փոխվարչապետն էր զանգում, մյուսները կոլեկտիվ «կապիտուլագիր» էին գրում, մի քանիսն էլ, գուցե անգամ ի զարմանս իրենց, պարզվեց, որ մանկուց աջակցում ու պաշտպանում էին Փաշինյանին:
Բայց քաղաքականությունը հետաքրքիր երեւույթ է: Նոր իշխանավորների բոլոր այդ ջանքերը ավելի շուտ հանգեցրին նրան, որ ա) ՀՀԿ-ն բնական ճանապարհով ձերբազատվեց որոշակի բալաստից, բ) արագացավ նախկին իշխող ուժի ինքնամաքրման գործընթացը եւ հանրագումարում՝ գ) ՀՀԿ-ն քաղաքական առումով ավելի ուժեղացավ:
Համենայն դեպս գործիչները, որ ճամբարափոխ չեղան, այսուայնկողմ չվազվզեցին, ի լրումն ամենի, նաեւ «մարտական մկրտություն» ստացան, որպես իրական ընդդիմադիրներ:
Ի դեպ, նույն ելույթում Նիկոլ Փաշինյանը նաեւ այսպիսի մի բան է ասել. «Մեր քաղաքական համակարգի համար ամենամեծ քայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը, իմ կարծիքով, տեղի է ունեցել 1998 թվականից հետո: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն եւ ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում»:
«Կեղծ ընդդիմության» պահը հետաքրքրեց: Հատկապես այն իմաստով, որ ըստ պաշտոնակատարի, դա սկսել է տեղի ունենալ 1998-ից հետո (այդպես չէ, իհարկե, բայց՝ ենթադրենք): Ու հիմա, հարց է ծագում, մասնավորապես այն առումով, թե արդյոք դրանից հետո «կեղծ ընդդիմության» վանող ու պիտակային շողքն ընկնում է նաեւ իր զանազան քաղաքական-կազմակերպական նախաձեռնությունների վրա: Ի վերջո, դրանք բոլորը էլի 98-ից հետո են եղել, դեռ մի բան էլ՝ ամենատարբեր գործիչներ հենց իր հասցեին, իր մասին են արել նման բնորոշում, թե՝ «կեղծ ընդդիմություն» է:
Նկատենք, որ հնչեցնողներից ոմանք այսօր նաեւ իրեն սատարողների կամ գոնե առերես աջակցողների շարքում են: Ավելին, մի դաժան «գաղտնիք» էլ արժե արծարծել, այն, որ քաղաքական անցուդարձն ու դրա մասնակիցներին կրոնածիսական տեսանկյունից ընկալող տարբեր հայրենակիցներ, որ «հեղափոխության» օրերին «գիտե՜ս, ինչ սիգնալներ են տվել», մինչեւ հիմա էլ, երբ նեղն են ընկնում, ասում են, թե՝ «էս սաղ խոսացած խաղ էր»: Ասենք, ինչո՞ւ միայն նրանք, անգամ կուսակցություն ունեցող որոշ անձինք են այդպես արտահայտվում: Սա պարզապես հիշեցման կարգով՝ արձանագրության համար»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը