Համացանցում, մասնավորապես` «Facebook» և «Instagram» սոցիալական կայքերում տարածվում է գովազդ, որով անհայտ անձինք ոստիկանության անունից ֆինանսական խարդախություններից տուժած անձանց առաջարկում են վերադարձնել կորցրած գումարները: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը:
Մուտք գործելով իբր գումարի վերադարձման համար նախատեսված դիմումի էջ` քաղաքացիներից պահանջում են լրացնել անձնական տվյալներ՝ կորցրած գումարի չափը, փոխանցման տարբերակը (բանկային քարտով կամ կրիպտոարժույթով), անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար:
Որոշ ժամանակ անց օտար լեզվով խոսող անձինք զանգահարում են նշված հեռախոսահամարին և կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու համար, իբր օրենքով նախատեսված կարգով, պահանջում գումար:
ՆԳՆ Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց, իսկ նշված հանցագործությունների հետևանքով ֆինանսական կորուստներ ունենալու դեպքում դիմել Ոստիկանություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը