10 11 2018

Փարավոնի երազները և քաղաքականությունը․ «Հայոց աշխարհ»

Փարավոնի երազները և քաղաքականությունը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Պատմությունը, թանկագին համաքաղաքացիներ, թվաբանության դասագիրք չէ, ոչ էլ մարտկոց, որտեղ անպայման պիտի լինեն պլյուս եւ մինուս։   

Պատմությունը բազմաչափ է։ Բոլշեւիկները, օրինակ, սկզբում երազում էին փոխել աշխարհը եւ նույնիսկ ավելին. բուծել մարդու նոր տեսակ։ Ուշ շրջանի կոմունիստները ցանկանում էին միայն մի բան. ամեն ինչ թողնել ինչպես կա։  

Հայրենի նեոբոլշեւիկները նույնպես սկզբում կամենում էին փոխել հայոց աշխարհը, կառուցել «սիրո եւ համերաշխության» հասարակություն (ամեն դեպքում՝ հայտարարում էին այդ մասին)։ Այսօր նրանց ուզածը մեկն է՝ «սեւերը» չպետք է լինեն նոր խորհրդարանում։ Ամենուր պետք է լինեն միայն յուրայիններ. նույնիսկ ընդդիմության շարքերում։   Եվ այստեղ մենք հավակնում ենք նոր խոսք ասել քաղաքագիտության մեջ։ Ողջ աշխարհում մինչ օրս համարվում էր, թե ընդդիմության ճամբարին դասվում են նրանք, ովքեր քննադատում են իշխանությանը։ «Նոր Հայաստանում» ընդդիմություն համարվելու համար անհրաժեշտ է իշխանությանն ամեն կերպ գովերգել (ինչպես դա անում են, օրինակ, «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն), իսկ քննադատել պետք է, հակառակը, իսկական ընդդիմությանը՝ ի դեմս Հանրապետականի։  

Եվ այդժամ իշխանությունը հրապարակավ կընդունի, որ՝ այո, դու իսկապես ընդդիմություն ես։ Բայց եթե պոռնիկին դպրոցական համազգեստ հագցնես՝ ճերմակ գոգնոցով ու օձիքով, նա չի դառնա անմեղ աղջնակ. կմնա նույն պոռնիկը, բայց դպրոցական համազգեստով։   Այո, զարմացրեց մեզ իշխանությունը։ Այս անգամ իսկապես շատ զարմացրեց իրականությունից լիովին կտրվածությամբ։   

Այս օրերին իշխանական «վերլուծաբանների», «քաղաքագետների» եւ այլ սպասավորների բանակը կաշվից դուրս է գալիս, որպեսզի հիմնավորի իշխանության պատկերացումներն առ այն, թե ով կարող է համարվել ընդդիմություն։ Շուտով նրանց կմիանան նաեւ սոցիոլոգները։ Ասենք, նրանք արդեն միացել են։  

Ասում են, վերջերս մեզանում բացառիկ մի գիտափորձ է անցկացվել։ Գիտնականները բռնել ու խոր նկուղում փակել են մի խումբ սոցիոլոգների, այնտեղ պահել նրանց մեկ շաբաթ, ուտելիք տալով դռան տակից։ Այդուհանդերձ սոցիոլոգները կարողացել են հարցման ենթարկել 1600 մարդու երկրի բոլոր մարզերում եւ ստանալ իշխանության աչքը շոյող տվյալներ։   

Սակայն զարմանալ այդ կապակցությամբ չարժե, քանզի սոցիոլոգները մեզանում վաղուց վերածվել են գուշակների։ Ընդհանրապես մարդկությունը հորինել է գուշակության անթիվ միջոցներ, թեեւ ներկայումս կիրառվում է դրանց սոսկ աննշան մասը։ Մարդիկ միշտ էլ փորձել են բացել ապագան պարուրող վարագույրն ու այդ անսանձ ցանկության մեջ երբեմն հասել ծիծաղելիության։  

Առավելագույն համակարգվածության գուշակությունը հասավ դեռեւս հին հույների եւ հռոմեացիների շրջանում, որոնք բարձրացրին այն պետական հաստատության մակարդակի։ Ձեռնարկվող գործողությունների արդյունքներն աստվածների օգնությամբ կանխագուշակելու հնարավորությունը չէին բացառում անգամ որոշ փիլիսոփաներ. Պյութագորասը, Էմպեդոկլեսը եւ ուրիշներ։   

Թեեւ, օրինակ, Ցիցերոնը իր «Կանխագուշակությունների մասին» աշխատության մեջ գրել է. «Նախ՝ կյանքի ոչ մի ոլորտից, որ շոշափում է գուշակը, նա սովորաբար ավելին կամ հավասարաչափ չի հասկանում, որքան իսկական վարպետը։  

Երկրորդ՝ մենք գործ ունենք տրամաբանական սխալի հետ։ Եթե ինչ-որ իրադարձություն տեղի է ունենում պատահաբար, ապա այն ի սկզբանե չի կարող կանխագուշակվել, այլապես դա արդեն պատահականություն չէ։ Իսկ եթե իրադարձությունը տեղի է ունեցել պատահաբար, ապա նույնիսկ իրենք՝ աստվածները, ի վիճակի չեն կանխատեսել այն։ Էլ ուր մնաց՝ հասարակ մահկանացու գուշակը»։    Ինչեւէ, հայրենի խորհրդարանը առանց իսկական ընդդիմության անչափ գորշ կլինի։ Պառլամենտարիզմը Հայաստանում վստահորեն կմտնի բացարձակ, կատարյալ գորշացման հիասքանչ փուլ։  

Մեծ տառապանքներով եւ բթամտորեն ԱԺ հանձնաժողովներում կստեղծվեն օրինագծեր, որոնց տաղտկալիությունից ու անիմաստությունից կինքնահոսանքազրկվեն կամ «քնած» ռեժիմի կանցնեն նույնիսկ տպիչները, որոնցով տեքստերը բազմացվում են պատգամավորներին բաժանելու համար։  

Առանց իսկական ընդդիմության Ազգային ժողովը բացահայտ հոգեվարքի մեջ կհայտնվի՝ կատարելով միայն թղթերի ծիսական խշխշացման արարողություններ ու մրցակցելով հորանջելու ուժգնությամբ եւ տեւողությամբ։  

Ի դեմս կեղծ ընդդիմության պատգամավորների, մեր առջեւ կլինեն Փաշինյանի մարտական ռոբոտները, որոնց նիստերից առաջ կհանեն պատյաններից, կյուղեն ու բաց կթողնեն դահլիճ։ Եթե նրանց աշխատանքում ինչ-որ խաթարումներ լինեն, ապա օգնության կնետվի «Քաղպայմանագրի» խմբակցության ղեկավարը՝ յուղի սրվակը ձեռքին։   

Ասենք, նման տխուր հեռանկար խորհրդարանին չի սպառնում։ Քանզի իսկական ընդդիմություն՝ ի դեմս Հանրապետականի, օրենսդիրում կլինի։ Այո, այդ կուսակցությունն այսօր դժվարին ժամանակներ է ապրում։  

Հիշո՞ւմ եք աստվածաշնչյան «Փարավոնի երազների պատմությունը». «Յոթ պարարտ երինջները յոթ տարի են եւ յոթ տռուզ հասկերը յոթ տարի են. երազը մեկ է։ Եվ դրանց հետեւից ելած յոթ նիհար ու զազիր երինջները յոթ տարի են եւ յոթ փուչ ու խորշակահար հասկերը յոթ տարվա սով է։    Ահա ողջ Եգիպտոս երկրում յոթ տարի մեծ առատություն պիտի լինի։ Եվ դրանց հետեւից յոթ տարի սով պիտի գա» (Գիրք Ծննդոց, գլուխ 41)։   

Այսպիսին է կյանքը, սպիտակ գծին փոխարինելու է գալիս սեւը, որպեսզի հետո կրկին փոխարինվի սպիտակով։ Վաղ թե ուշ գծերի փոփոխություն նորից կլինի, պարզապես պետք է եզրահանգումներ անել սխալներից, դիմանալ ու պայքարել։   Ի վերջո պատահական չէ, որ քաղաքականությունը հաճախ համեմատում են սպորտի հետ։  

Ի՞նչ բան է սպորտը։ Այն սննդի հայթայթման, սպանության, փախուստի, ունեցվածքի տեղափոխման, էգերի ուշադրությունը գրավելու տեսակի ընդունակությունների պաթոսային, այլաբանական ցուցադրումն է։  

Հասկանալի է, օրինակ, թե որտեղից են սկիզբ առնում յուրայիններին երկրպագելը եւ զանգվածային չարախնդության նույնքան ուժգին զգացումը մրցակիցների ձախողման դեպքում։ Այստեղ նույնպես ամենաիսկական կենդանաբանություն է։  

Բնական է, որ երկրպագելու պահանջմունքը գալիս է քարանձավային ժամանակաշրջանից, եւ դրա պատճառը սննդային մրցակցությունն է։ Իհարկե, այն հանգամանքը, որ հենց քո ցեղախմբի ներկայացուցիչն է դրսեւորում հատկանիշներ, որոնք թույլ են տալիս ծանր պահին հասնել բանանին, ուրախացնում է։ Քանզի հույս է պարգեւում, որ քեզ, որպես այդ ցեղախմբի ներկայացուցչի, բաժին կհասնի կլեպը։ Քեզ, այլ ոչ թե մեկ ուրիշ ցեղախմբի անդամի, որի ներկայացուցիչը չկարողացավ հասնել վերեւի ճյուղերին՝ դրանց վրա եղած պտուղներով։  

Ե՛վ սպորտը, ե՛ւ քաղաքականությունը զանգվածային կենդանաբանություն են, ինչ-որ ատավիստական երեւույթ, որը կարող է հաճելիորեն հիշեցնել մարդկությանը իր կենդանական էության մասին։  

Սպորտը եւ քաղաքականությունը որոշակիորեն արդարացնում են ապուշությունը. ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ, ցույց տալիս ինտելեկտին իր տեղը հասարակական ու տեղեկատվական լուսանցքում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ