07 11 2018

Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ»

Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Տոյոտա Երեւան» ընկերության նախագահ, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանն ուղիղ մի ամիս է՝ կալանքի տակ է, բայց նրա նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի իրականացվում։ Այս մասին հայտարարել է Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալին մի նպատակով են պահում անազատության մեջ՝ «ստիպել, որ գործարքի գնա վարույթ իրականացնող մարմնի հետ»։   

Այսինքն՝ ցուցմունք տա, ասի այն, ինչ իրենք են ուզում։ Ո՞ւմ դեմ, թերեւս, պետք չէ բացատրել։ Ակնհայտ է, որ Մայրապետյանին ներկայացված մեղադրանքի իրական թիրախը երկրորդ նախագահն է, որին ինչ գնով ուզում է լինի՝ պետք է «փակել»։   

Ի՞նչ գործով՝ շատ էլ էական չէ։ Սկզբում դա «Մարտի 1»-ն էր, որով Ռոբերտ Քոչարյանին ներկայացված անհեթեթ մեղադրանքը քարին դեմ առավ, քանզի նույնիսկ ՀՔԾ-ն տեղը բերեց, որ նախկին նախագահին իր իրավասություններից բխող գործողությունների համար հետապնդելը սահմանադրական չէ եւ անգամ ներպետական զանգովի կամ ընտրովի արդարադատության համակարգի աստիճանները հաղթահարելու դեպքում շռնդյունով տապալվելու է Եվրոպական դատարանում։  

Դրանից հետո գործարկվեց «պլան բ»-ն։ Այն է՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրել եւ կալանավորել հիմա էլ «ապօրինի հարստացման» հոդվածով։ Այդ «պատվավոր առաքելությունն» իր վրա վերցրեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը. բռնվելով «հանցանքի վայրում»՝ Քոչարյանի կալանավորման որոշումը կայացրած դատավորին կոպտորեն ուղղորդելու մեջ։ Սա, ոչ դես, ոչ դեն՝ հայտարարեց, որ Քոչարյանի ընտանիքը «Կոնգրես» հյուրանոցն առել է հայտնի չէ՝ երբ եւ ինչ հանգամանքներում 6 միլիոն դոլար կաշառքով։ Դրանից հետո պարբերաբար խոստանում էր հրապարակել «Կոնգրեսի» մասով հայթայթած «ապացույցները», բայց մինչ օրս, չգիտես ինչու, ձեն-ձուն չի հանել։   

Քոչարյանի վրա «կեղտ բռնելու» վերջին հույսը մնացել է Սամվել Մայրապետյանը, որին բռնել են եւ ոչ մի կերպ բաց չեն թողնում, չնայած առողջական լուրջ խնդիրներին. երեւի հույս ունեն, որ չի դիմանա ու մի գեղեցիկ օր «կխոսի»՝ կասի այն, ինչ ուզում են լսել։ «Տարօրինակ» զուգադիպությամբ Մայրապետյանին էլ Քոչարյանի պես կանչել են ՀՔԾ որպես վկա, եւ Քոչարյանի պես անմիջապես փոխել են կարգավիճակը՝ ձերբակալել են։ Ավելին՝ չնայած մարդը ինքնակամ է ներկայացել հարցաքննության, բերման ենթարկվելու մասին արձանագրություն են «դեմ տվել», որը բնականաբար չի ստորագրել։   

Փաստաբանը տարակուսանքով է արձանագրում, որ դատարանը առանց աչքը թարթելու մերժել է տասնյակից ավելի ճանաչված մտավորականների միջնորդագիրը Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, մինչդեռ ՊՊԾ գունդը գրաված եւ երեք մահվան պատճառ դարձած անձինք հերթով ազատ արձակվեցին, իսկ նրանք, ովքեր չեն հասցրել օգտվել երկու-երեք պատգամավորի անձնական միջնորդությամբ ազատվելու պատեհությունից, համաներման տակ կընկնեն։ Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են։   

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք են առաջադրել իրեն գործարար համարող Սիլվա Համբարձումյանի «դոնոսի» հիման վրա (հիմա դրան ասում են՝ ցուցմունք), ըստ որի՝ ինքը կլորիկ գումար է տվել Հ2-ի սեփականատիրոջը «երրորդ անձի կամ անձանց) փոխանցելու համար։ Պարզվում է՝ տիկինը իր գործերն առաջ տանելու համար աջուձախ կաշառքներ է բաժանել, եւ հիմա առանց քաշվելու հայտարարում է այդ մասին, կարծես այդպես էլ պետք է լիներ։   

Իսկ, որ ավելի հետաքրքիր է՝ անդրադառնալով Մայրապետյանի կալանքի մեջ գտնվելու փաստին, նշել է, որ նա էլ իր պես կարող էր ազատության մեջ լինել՝ վկայի կարգավիճակ ունենար, եթե «ցուցմունք տար»։ Այսինքն՝ «համագործակցեր» իրավապահ մարմինների հետ երկրորդ նախագահի վրա գործ սարքելու հարցում։   

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արդեն հերքել է այդ անհեթեթ մեղադրանքը՝ ասելով. «Դա կեղտոտ սուտ է, քանի որ նման բան տեղի չի ունեցել: Մենք դատական գործընթաց ենք սկսելու Համբարձումյանի դեմ եւ պահանջելու ենք, որպեսզի հայտարարությունը հերքվի»:   

Նույն շրջագծում է ՀՔԾ-ի նոր «սենսացիոն բացահայտումը», որի կենտրոնում ժամանակին «Մարտի 1»-ի գործի վարույթն իրականացրած քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել գործով ձեռք բերված ապացույցները կեղծելու համար։  

«Իհարկե՝ նման բան չի եղել, լինել չէր կարող: Չգիտեմ՝ ինչ դնեմ սրա անունը, սա քրեադատավարության ոլորտից դուրս հետապնդում է իմ անձի նկատմամբ: Ինձանից ինչ-որ համագործակցություն էին ակնկալում։ Ես համագործակցելու ոչ մի բան չունեմ՝ կապված «Մարտի 1»-ի գործի քննության հետ: Այդ քրեական գործը եզակի այն քրեական գործերից է եղել, որը քննվել է հրապարակայնության ամենագերադրական մակարդակի վրա»: Գործում առկա փաստաթղթերի ամբողջ ծավալը եղել է շատ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ փաստահավաք խմբի տրամադրության տակ»։  

Ուշագրավ է, որ բուժման նպատակով Մոսկվայում գտնվող Վ.Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, այն դեպքում, երբ, իմանալով իր երեւանյան բնակավայր ուղարկված ծանուցման մասին, անմիջապես փաստաբանի միջոցով, ավելի ուշ՝ անձամբ, կապվել է քննիչների հետ եւ տեղեկացրել գտնվելու վայրի մասին, ներկայացրել համապատասխան տեղեկանք եւ իր կոնտակտային տվյալները։   Ինչպես տեսնում եք՝ նույն ձեռագիրը, մեղադրյալին նշանակելու եւ հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով մեղադրանքը «հիմնավորելու» նույն գործելաոճը, փաշինյանական «նոր Հայաստանի»՝ կառավարական ամառանոցներում «մշակվող» նույն ընտրովի արդարադատությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ