01 11 2018

Նորերին իշխանություն է հարկավոր․ «Հայոց աշխարհ»

Նորերին իշխանություն է հարկավոր․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Առաջին հայացքից, որքան էլ տարօրինակ է, Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացի փակուղի մտնելու փաստն արտացոլում է առաջիկա դեկտեմբերին սպասվող խորհրդարանական ընտրությունների հանդեպ քաղաքական դաշտի հիմնական դերակատարների կոնսոլիդացված կարծիքը։  

«Քաղաքական դաշտ» ասելով՝ նկատի ունենք գործող խորհրդարանում գոյություն ունեցող փաստորեն բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ «Ելք» դաշինքին։ Անշուշտ ե՛ւ վերջինիս ներկայացուցիչները, ե՛ւ պարտաճանաչ պիոների նման քվեարկությանը ներկայացած «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները կարող են առարկել, թե իրենք ամեն ինչ արել են այդ օրենսգրքի բարեփոխման համար, բայց իրականության խորքային դիտարկումը այլ բան է փաստում։  

Ինչպես հիշում ենք, հոկտեմբերի 2-ին նոր իշխանությունները սրերով ընդունեցին խորհրդարանի հիմնական ուժերի պարզ ինքնապաշտպանական քայլը։ Բայց նույն վարչապետն ու նրա թիմը հանգիստ ու անվրդով արձագանքեցին հին Ընտրական օրենսգրքի պայմաններում դեկտեմբերյան ընտրությունները կազմակերպելու հավանականությունը, մոռանալով մարդկանց փողոց դուրս բերելու, խորհրդարանը շրջապատելու եւ բարեփոխումներ պարտադրելու իրենց «հեղափոխական պարտքի» մասին։  

Եվ սա միանգամայն հասկանալի է՝ մարդիկ ձգտում են իշխանության, իսկ սկզբունքները կարող են եւ սպասել, մանավանդ իրականում դրանք պարտադրելու լուրջ ցանկություն էլ չկա։ Իսկ ինչո՞ւ պարտադրեն, երբ փողատերերի մեծ մասն արդեն հավատարմության երդում է տվել իրենց, մարզպետներն իրենցն են, իսկ դպրոցների տնօրենները միշտ էլ պատրաստ են ծառայել իշխանություններին։  

Ուրեմն Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի ընդունման հարցում Հայաստանի ներկա ու նախկին իշխանական կուսակցությունների միջեւ սկզբունքային տարաձայնություններ չկան։ Ավելին՝ ՀՀԿ-ն հավատարիմ է մնում իր սկզբունքներին, իսկ «Ելքը» նահանջում է՝ հանուն ափալ-թափալ ընտրությունների իրականացման։  

Սա ցույց է տալիս, որ Ն.Փաշինյանի թիմը ներքնապես համոզված է, որ չի կարող երկար ժամանակ ապավինել սեփական առաջնորդի ժողովրդականությանը, ուստի հարկավոր է ինչ գնով էլ լինի ամեն ինչ ավարտել մինչեւ Նոր տարի։ Իսկ ռեյտինգայինով իրենց լուրջ մրցակից դառնալու հավակնորդներին այսօրվանից կարելի է հիշեցնել ԱԱԾ-ի գոյության մասին։ Բայց եթե լծակներն ու փողը աշխատեն հօգուտ իշխանության, ապա այդ հանգամանքը լռության կմատնվի կամ էլ կհամարվի «արջի ծառայություն։  

Սկզբունքորեն նույնը կարելի է ասել նաեւ«Բարգավաճ Հայաստանի» մասին, որն արդեն հայտարարում է ռեյտինգայինով խնդիր չունենալու մասին։ Եվ դա իսկապես այդպես է։   

Ուրեմն «Բարգավաճը» նույնպես անկեղծ չէր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցում։ Ուղղակի սկզբում հարկավոր էր հավատարմություն հայտնել նոր իշխանությանը «ասֆալտին չպառկելու» համար, իսկ հետո օգտվել ռեյտինգայինի ընձեռած հնարավորությունից ապագա Ազգային ժողովում սեփական տեղն ապահովելու համար։  

Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը լուրջ մարտահրավեր դարձավ նաեւ ՀՅԴ-ի համար, որն անկասկած կողմ էր դրա բարեփոխմանը։ Բայց երեւի այս հարցում նույնպես իրենց խոսքն ասացին «տեղական էլիտաները», որոնք խորհրդարան են անցել ռեյտինգայինի միջոցով։   

Բոլոր դեպքերում դա՛ չէր Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը բաժին ընկած տեղապտույտի պատճառը, քանի որ ներկա խորհրդարանում առկա ուժերի հարաբերակցության պայմաններում իշխանությունը կարող է շտկել կացությունը՝ ԱԺ ընտրություններն ընդամենը մեկ շաբաթով հետաձգելու եւ մի փոքրիկ «հեղափոխական զբոսանք» կազմակերպելու միջոցով։ Կարող էր, բայց չի ուզում, որովհետեւ դա ձեռնտու չէ ներկա իշխանությանը՝ անձնական ու նեղ կուսակցական շահերի տեսանկյունից։  

Առաջին առումով ժամանակն ուղղակի ոսկի է՝ երկրի կառավարման ոլորտում արդեն ակնհայտորեն տապալված «հեղափոխականների» թիմի համար։   Իսկ երկրորդ առումով, բացի վերը բերված եսասիրական հաշվարկներից, գոյություն ունեն նաեւ այլ մարտահրավերներ։ Դրանցից առաջինը այն գիտակցումն է, որ բարեփոխված օրենսգրքով հնարավոր չի լինելու ձեւավորել քիչ թե շատ կառավարելի խորհրդարան։ Հասկանալի է, որ ապագա Ազգային ժողովում Հանրապետականը մեծամասնություն չի լինելու եւ նման դերի չի էլ հավակնում։ Թեեւ, կարծում ենք, բոլոր հնարավորություններն ունի ծանրակշիռ ներկայություն ապահովելու համար։   

Ինչ վերաբերում է «Լույսի» կամ ԲՀԿ-ի հնարավորություններին՝ թո՛ղ նրանք էլ լինեն, մանավանդ որ հակակշռելու են իրար։  

Բայց ահա նոր օրենսգրքով ընտրությունների գնալու պայմաններում ի՞նչ էր անելու Ն.Փաշինյանը «Սասնա ծռերի» հետ, երբ Մոսկվայից անընդհատ իրեն զգուշացնում են նման քաղաքական ուժի Ազգային ժողովում հայտնվելու անթույլատրելիության մասին։ Հո նորից բանտ չէ՞ր նստեցնելու։ Իսկ հին օրենսգիրքը կարող է փակել նրանց ճանապարհը։ Ուստի նոր իշխանությունների համար ե՛ւ գայլերը կուշտ կլինեն, ե՛ւ ոչխարները անվնաս։  

Նույնը կարելի է ասել ընդհանրապես նոր քաղաքական ուժերի մուտքը կանխարգելելու խնդրի մասին։ Միանգամայն պարզ է, որ «հեղափոխականները» երկար չեն ձգելու, ուստի քաղաքական դաշտի արագ նորացումը արագացնելու է նաեւ նրանց այլընտրանքի ձեւավորման գործընթացը։ Հների համար դա ժամանակ է պահանջում, քանի որ նրանց կարելի է հիշեցնել նախորդ իշխանությունների ժամանակ արված քայլերը, իսկ նորերի պարագայում համեմատությունը գնալու է ներկա-ապագա հարթության վրա, որտեղ ապագան անմիջապես գերակայելու է ներկայի հանդեպ։  

Ուրեմն ավելի լավ է հները մնան խորհրդարանում, որպեսզի նորերը գոնե մի քանի տարի օգտվեն ներկա-անցյալ բանաձեւից եւ դրա միջոցով հիմնավորվող հակահեղափոխության կամ ռեւանշիզմի վտանգի կանխարգելման մասին դրույթից։ Ավելին՝ հաշվի առնելով Ղարաբաղի հարցում հնարավոր արագացումների վտանգը, ձեռնտու է ունենալ փորձված ու սկզբունքային ընդդիմություն, քան անհասկանալի արտաքին քաղաքական առաջնահերթություններով ասպարեզ իջնող նորեկներ, որոնք մեկ նալին են խփում, մեկ էլ սալին, մեկ պատերազմ են հայտարարում մեր հակառակորդներին, մեկ հարվածում մեր դաշնակիցներին։  

Այս բոլոր փաստարկների ու հակափաստարկների քննությունը մեզ հանգեցնում է այն եզրակացությանը, որ նոր իշխանավորները ամեն ինչ անելու են օգտվելու համար ռեյտինգայինի «բարիքներից»։   

Նրանց իշխանություն է հարկավոր՝ ինչպես 1990-ի ՀՀՇ-ին, որը դրան տիրանալու համար հիմնավորապես վերանայեց իր գաղափարախոսների դրույթները եւ արագորեն բուրժուականացավ՝ թաղվելով կոռուպցիայի ու ամենաթողության ճահճում։   Ցավոք, մեզ սպասվում է նույն այդ փոցխը երկրորդ անգամ տրորելու տխուր ու ցավագին հեռանկարը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ