«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը նորանշանակ թաղապետին ներկայացնելիս՝ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր. «Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետև, այո, մեծ աշխատանք է կատարվել: Միգուցե եղել են թերացումներ, բայց, միևնույն է, ծառայություն է մատուցվել բնակչությանն ու մեր քաղաքին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ»: Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում էլ նոր թաղապետին ներկայացնելիս Մարությանը շնորհակալություն էր հայտնել նախորդ թաղապետին ու թաղապետարանի աշխատակազմին կատարած աշխատանքի համար: Օրերս հայտնի դարձավ նաև, որ Մարությանը նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանին առաջարկելու է իր խորհրդականի պաշտոնը:
Հայկ Մարությանի այս հայտարարությունները հարուցել են հեղափոխության համակիրներից շատերի զայրույթը, և նախորդ օրերին այդ զայրույթը բավական հաճախ ու տհաճ կերպով դրսևորվում էր սոցիալական ցանցերում: Ինչ–որ առումով, իհարկե, կարելի է հասկանալ զայրույթի հիմքերը՝ հաշվի առնելով հեղափոխական էյֆորիան ու անցյալը մերժելու բավական մոդայիկ հռետորաբանությունը մեր օրերում: Բայց սրանով հանդերձ, Մարությանը փաստացի գործնականում անում է այն, ինչ քանիցս հայտարարվել է հեղափոխական իշխանության ու անձամբ Փաշինյանի կողմից, որ ոչ միայն վենդետա չի լինելու, ավելին, պրոֆեսիոնալ կադրերը շարունակելու են աշխատել, իսկ ինստիտուցիոնալ հիշողության բաղադրիչը ունենալու է էական նշանակություն:
Ժամանակն է, որ հենց ինքը՝ հեղափոխական իշխանությունը, հստակ մեսիջներով փորձի հեղափոխական էյֆորիայի չափաբաժինն իջեցնել, քանի որ եթե նախկինում այդ էյֆորիան գործիք էր ՀՀԿ–ին ու Սերժին մերժելու համար, ապա այժմ այդ գործիքը սկսել է աշխատել իրենց դեմ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը