31 10 2018

Մայրապետյանը գուցե հրաժարվի հնարավոր համաներումից․ «Հրապարակ»

Մայրապետյանը գուցե հրաժարվի հնարավոր համաներումից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի՝ կալանա­վորման դեմ բողոքը դատարանը մերժել է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը՝ նշելով, որ միաժամանակ մերժվել է նաև խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդությունը, գրավի չափը նրանք թողել էին դատարանի հայեցողու­թյանը:

Ըստ պաշտպանի՝ կալանավորումից հետո որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել, իսկ դրանից առաջ՝ չի կարող ասել, քանի որ նախաքննության գաղտնիք է:Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ էլ դեռ չի որոշել՝ դիմելու է դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար, թե ոչ, սակայն նրա վիճակն այդքան էլ լավ չէ. նա մոտ մեկ տարի առաջ ծանր հիվանդություն է տարել՝ պանկրեատիտ, և, ըստ լավատեղյակների, ուղղակի հրաշքով փրկվել.

«Արտաքնապես որ նայում ես, շփվում ես հետը, ինքն ասում է՝ ես լավ եմ: Բայց դա այն հիվանդությունն է, որից ամեն վայրկյան մարդու մոտ կարող է ինչ-որ երևույթներ առաջանալ: Ինքը ներ­կայացնում է, ասում է՝ շատ լավ եմ, բայց դա հարաբերական է, քանի որ իմ ձեռքի տակ կա փաստաթուղթ իր հիվանդության նկարագրի վերաբերյալ, որ կարդում ես դա, հասկանում ես, որ ամեն պահի այդ հիվանդության առկայության դեպքում մարդու վիճակը կարող է լինել կրիտիկական»:

Հարցին՝ համաներումը տարածվելո՞ւ է նաև Մայրապետյանի վրա, պաշտպանը նշեց՝ եթե անգամ տարածվի էլ, հնարավոր է հրաժարվի իր պաշտպանյալը. «Ես համաներման նախագիծն եմ կարդացել, պիտի փո­փոխությունների ենթարկվի, դրանից հետո նոր մտածենք: Համաներումը հանցագործություն կատարած անձանց է վերաբերում, բայց մարդն իր մեղքն ընդհանրապես չի ընդունում: Նենց չի, որ ասես՝ լավ, գլխառադ անենք, կիրառեք, թողեք գնամ տուն: Էս մարդն էլ էդ մարդը չի, որ ասի՝ հա, ես մեղավոր եմ, եթե, իհարկե, տարածվի: Գտնում եմ, որ ինքն էնքան պատվասեր մարդ է, որ ասի՝ դե լավ, ես մեղավոր եմ: Բացի դա, նախա­գիծը դեռ նախագիծ է»: 

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեա­կան օրենսգրքի 38-311-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնատար անձին կաշառք տալուն օժանդակելը, հանցակից լինելը: Նա մեղադրանքը չի ընդունում: Հիշեցնենք նաև, որ գործարարը ձերբակալվել է հոկտեմ­բերի 6-ին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ