«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր երեկոյան լրանում է խորհրդարանական ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱԺ քարտուղարությունից տեղեկացավ, որ մինչեւ այս պահը որեւէ թեկնածու չի առաջադրվել: Սակայն մինչ այժմ շարունակում են վեճերը, եւ գլխավոր հարցը մնում է նույնը` արդյոք ըստ Սահմանադրության պե՞տք է վարչապետի թեկնածու առաջադրել, թե՞ ոչ:
Մասնավորապես, Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, եւ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Եվ այս առումով սահմանադրագետները վեճի մեջ են. ինչպես նշվում է Սահմանադրության մեջ, անհրաժեշտ է քվեարկություն, եւ հենց այստեղ է նրբությունը, պե՞տք է արդյոք թեկնածու լինի, որ քվեարկություն լինի, թե՞ ոչ: Մասնագիտական կարծիք կա, որ անկախ քվեարկություն լինել, չլինելուց, 14 օր անց խորհրդարանը պետք է լուծարվի:
Նշենք, որ «Ելք» խմբակցությունում նույնպես դեռ չգիտեն՝ ի վերջո վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը երեկ, մեր հարցին ի պատասխան, նշեց, թե որոշում կայացնելու համար մինչեւ այսօր դեռ ժամանակ ունեն:
Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջիններս վախենում են հնարավոր դավադրություններից` անհանգստանալով, թե միգուցե Փաշինյանն առաջադրվի՝ չընտրվելու ծրագրով, հանկարծ ՀՀԿ-ականները «Դաշնակցության» հետ նրան կրկին վարչապետ ընտրեն, եւ դեկտեմբերյան արտահերթը էլի լուծարվի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը