«168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունները՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, մտահոգել են ոչ միայն հայաստանյան հանրությանը, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին:
«168 Ժամի» հետ զրույցում ամերիկացի քաղաքագետ Փոլ Սթրոնսկին ասաց, որ ամերիկառուսական հարաբերությունների ներկայիս խնդիրների պարագայում հաճախ են հայտնվում նմանօրինակ մեկնաբանություններ երկու երկրներում ակտիվ արտաքին ուղերձներ հղող կառույցների կողմից: Ըստ նրա՝ կարծես սովորական երևույթ է դարձել Միացյալ Նահանգներին մեղադրել այս կամ այն երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: Նրա խոսքով, շատ երկրների դեպքում ենք մենք լսել նման գնահատականներ Ռուսաստանից, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
«Օրերս Երևանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ձևավորում է հայկական կողմը, այսինքն` Միացյալ Նահանգները հայտնում է, որ պատրաստ է մի շարք ոլորտներում համագործակցել, կիսվել փորձառությամբ, աջակցել, Հայաստանն ընտրում է՝ ընթանա՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ: Բոլոր հարաբերությունները ձևավորվում են նման կերպ, սրանում միջամտություն փնտրելն անիմաստ է»,- ասաց Սթրոնսկին:
Անդրադառնալով Միլսի Ղարաբաղյան աղմուկ բարձրացրած հայտարարություններին` ամերիկացի Փոլ Սթրոնսկին ասաց, որ Միլսը բարձրաձայնել է այն, ինչ նախկինում եղել է բանակցային գործընթացում:
«Իր անդրադարձում նա շատ պարզ խոսում է այն մասին, թե ինչն է իրեն մտահոգում, որպես Հայաստանում աշխատած, Հայաստանի խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առկա տարաձայնություններին ծանոթ դիվանագետ, որ չկա հասարակությունում խոսակցություն զիջումների մասին, ենթադրվել է միշտ, որ լինելու են փոխզիջումներ: Ամերիկացի համանախագահները շատ ավելի ակտիվ են խոսել այն զիջումների մասին, որոնք կողմերը պետք է իրականացնեն նախկինում քննարկված սկզբունքների հիման վրա: Սա Միացյալ Նահանգների մտահղացումը կամ գաղափարը չէ, սա այն է, ինչ արդեն եղել է: Իսկ որոշում կայացնում են կողմերը, եթե այսքան տարիներ չեն կայացրել, ուրեմն նրանք այդ փաստաթղթերին, սկզբունքներին համաձայն չեն: Բայց համանախագահ երկրները կոչված են աջակցելու, դիսկուրս ակտիվացնելու, առանց փոխզիջումների որևէ հակամարտություն չի կարող կարգավորվել, դա միանշանակ է»,- ասաց Փոլ Սթրոնսկին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը