12 10 2018

Քաղաքական դաշտի որբերի մասին․ «Հայոց աշխարհ»

Քաղաքական դաշտի որբերի մասին․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Այսօր, խորհրդարանական ընտրությունների շեմին, բազմաթիվ մանր կուսակցությունների ճակատագիրը սքողված է անհայտության շղարշով։  

Նրանք ինչ-որ տեղ հիշեցնում են քաղաքական որբերի եւ ապրում ըստ Ստանիսլավսկու։ Ոչ այն իմաստով, իհարկե, որ աշխատանքի են տեղավորվել թատրոնում։ Պարզապես որեւէ մեկին արդեն չեն հավատում։  

Բայց պետք չէ դրանից ողբերգություն սարքել։ Տիեզերքում էլ, օրինակ, նույնպես կան այդօրինակ որբեր։ Վերջերս աստղագետները հայտնաբերեցին մոլորակների խումբ, որոնք պոկվել են իրենց ծնող-աստղերից ու թափառում են տիեզերքում միանգամայն ինքնուրույն։ Ըստ որում՝ դա ամենեւին էլ ինչ-որ տիեզերական մանրուք չէ. նրանցից շատերի զանգվածը կարելի է համեմատել Յուպիտերի հետ։  

Տեսնել որբերին աստղադիտակով անհնար է, դրանք հայտնաբերվեցին տիեզերական ձգողականության միկրոլինզավորմամբ։ Հնարավոր է, որ թափառաշրջիկներն այնուամենայնիվ պտտվում են աստղի շուրջ, բայց այդ դեպքում ուղեծիրը պիտի չափազանց հեռու լինի լուսատուից։  

Գիտնականները ավելի շուտ հակված են մեկ այլ վարկածի։ Ամենայն հավանականությամբ, դրանք բիլիարդի գնդակների պես հարվածով դուրս են նետվել իրենց մոլորակային համակարգությունից կողքից անցնող խոշոր մարմնի՝ մոլորակի կամ աստղի կողմից։ Ազատություն ստանալով, փախստականները անցել են այլ՝ Գալակտիկայի կենտրոնին ավելի մոտ ուղեծրի։ Աստղագետները համարում են, որ նման վտարյալ մոլորակները Ծիր Կաթինում չափազանց շատ են։  

Չափազանց շատ են կուսակցություն-որբերը նաեւ հայրենի քաղաքական դաշտում։ Ոմանք հենց որբ էլ ծնվել են։ Մյուսներին ժամանակին ստիպել են ուղեծիրը փոխել կողքից անցնող խոշոր կուսակցությունները, իսկ հետո որպես անպետքություն դեն նետել։   Սակայն նրանք չեն կամենում հեռանալ քաղաքական դաշտից։  

Ասում են, որ կրկեսի բազմաթիվ արտիստներ, անցնելով թոշակի, միեւնույն է, չեն պատկերացնում իրենց կյանքը կրկեսից դուրս եւ ձգտում են մնալ այնտեղ հնարավոր բոլոր միջոցներով։ Համանման երեւույթի հետ գործ ունենք նաեւ մանր կուսակցությունների պարագայում։   Վերջիններս նույնպես բոլոր միջոցներով ձգտում են մնալ քաղաքական դաշտում, թեեւ քաղաքականությունը մեր խռովահույզ ժամանակներում լի է վտանգներով։ Սակայն սույն հանգամանքը, դատելով ամենից, նրանց չի վախեցնում։ Եվ դա ճիշտ է։  

Իր «Վտանգավոր սահմանագիծ» գրքում Էպտերը գրում է, որ վտանգի որոնումը ոչ միայն հաճույք է պատճառում մեզ, այլեւ անհրաժեշտ է զարգացման համար։ Եթե մարդկության գոնե որոշ ներկայացուցիչներ չփորձեին հասնել սեփական նպատակներին՝ անտեսելով վտանգը, ապա մենք մինչ օրս կապրեինք քարանձավներում։ Էպտերը վստահ է, որ ռիսկի պատճառած հաճույքը լրացուցիչ բնական ազդակ է սահմանագծին մոտենալու եւ ցատկ կատարելու համար։  

Կարծում ենք, առաջիկա ընտրությունների առանձնահատկությունը կլինի քաղաքական գործընթացին հիստերիայի աստիճան ահռելի քանակությամբ մանր կուսակցությունների եւ միավորումների մասնակցությունը։ Ըստ էության ուրախանալու բան այստեղ չկա, քանի որ դա վկայում է ավելի շուտ երկրի շփոթվածության եւ միմյանց հասկանալու նրա քաղաքացիների անկարողության, քան ողջամտության ճոխ ներկապնակի մասին։   

Մյուս կողմից, լիովին անհասկանալի է, թե ինչու են նրանք այդչափ կրքոտ ձգտում անպայման ընկնել խորհրդարան։ Որպեսզի զբաղվեն օրինաստեղծ գործունեությա՞մբ։  

Իր «Պետություն» աշխատության մեջ Պլատոնը օրենքների ստեղծմամբ զբաղվող մարդկանց անվանել է «հիվանդներ»։ Հիվանդ մարդիկ, ինչպես իսկական, այնպես էլ կարծեցյալ, բռերով դեղ են կուլ տալիս՝ հուսալով, թե իրենց վիճակը կբարելավվի։ Նույնն էլ օրենսդիրներն են. նրանք մշտապես նոր օրենքների, ձեւակերպումների եւ լրացումների որոնման մեջ են՝ հանուն (ինչին այդչափ ուզում են հավատալ) կյանքի բարելավման։  

Միակ բանը, որ պահանջվում է օրինաստեղծման մարմաջով տառապող այդ «հիվանդների» բուժման համար, լավ կրթությունն ու դաստիարակությունն է, համարում էր Պլատոնը։ Ըստ որում՝ ոչ միայն օրենքներ ստեղծողների, այլեւ դրանք կատարողների դաստիարակությունը։  

Ի դեպ, հարավային Իտալիայում՝ Լոկրիս քաղաք-պետությունում ապրող հին հույները հայտնի են նրանով, որ երկու հարյուր տարվա ընթացքում ընդունեցին միայն մի օրենք։ Ըստ որում՝ օրենքն այդ առաջարկել է ոմն միաչքանի մարդ, որի հարեւանը սպառնում էր նրա այդ միակ աչքն էլ հանել։ Միաչքանու առաջարկն այն էր, որ սպառնալիքն իրականացնելու դեպքում հարեւանը պիտի զրկվի երկու աչքից։ Այսպես ասած՝ զգացողությունների հավասարակշռության համար։  

Առաջարկելով այդ զարմանալի օրենքը՝ միաչքանին ենթարկում էր իրեն մահացու վտանգի։ Բանն այն է, որ Լոկրիսում նոր օրենքների մասին առաջարկները լսում էին միայն բառացիորեն օղապարանը վզին գցած հեղինակներից։ Եթե օրինագիծը մերժվում էր, ապա հեղինակին սպանում էին, իսկ եթե քաղաքը քվեարկում էր նոր օրենքի օգտին, ապա անդորրը խաթարողի պարանոցն ազատում էին օղապարանից։   Հասկանալի է, որ քաղաքային օրենսգիրքը թարմացնել ցանկացողներ ծայրաստիճան քիչ էին լինում, իսկ այն միաչքանու բախտը բերեց. նրա առաջարկն ընդունվեց։  

Սակայն Լոկրիսը, իհարկե, բացառություն է։ Իրականում օրենքներն օժտված են բազմանալու բացառիկ ունակությամբ։ Պատահական չէ, որ Հուլիոս Կեսարը ժամանակին ստիպված էր հրամայել. «Կրճատել օրենսգիրքը՝ հասցնելով խելամիտ չափերի։ Հոդվածների ողջ բազմությունից ընտրել լավագույններն ու առավել կարեւորները եւ հավաքել դրանք հատորների հնարավորինս փոքր քանակում»։    Բայց վերադառնանք մանր կուսակցություններին։  

Նախ, կարելի է նրանց տալ մի գործնական խորհուրդ։ Խորհուրդն այդ մերը չէ, այլ հին չինացի ռազմավար Լյու Ցզիինը, որը «Ռազմական արվեստի հարյուր օրինակ» երկում ուսուցանում էր. «Երբ, հակամարտության մեջ մտնելով հակառակորդի հետ, զիջում ես նրան զորքի թվաքանակով եւ ուժով, ապա պետք է ավելի շատ դրոշներ պարզել ու ավելի շատ խարույկներ վառել՝ ստեղծելով մեծ զորքի առկայության երեւութականություն եւ խանգարելով թշնամուն որոշել քո զորքի իրական թվաքանակն ու ուժը»։  

Երկրորդ՝ պետք է շտապ գտնել իշխանությանը մերձենալու ուղիներ եւ հավատարմության երդում տալ նրան՝ պատգամավորական մանդատի դիմաց։ Այստեղ ոչ մի պախարակելի բան չկա, դա հին սովորույթ է։  

Միջնադարում ազնվականները Եվրոպայում, ստանալով գյուղեր ու հողաբաժիններ, տալիս էին օմմաժ՝ հավատարիմ ծառայության պարտավորություն, որն ուղեկցվում էր հատուկ երդմամբ։ Օմմաժը հաճախ փոխադարձ պարտավորությունների բարդ համակարգ էր, բայց սկզբունքորեն էությունը հանգում էր ծառայության խոստմանը՝ որոշակի, հստակ նախանշված բարիքների դիմաց, ինչի համար էլ երդվում էին պատվով։   

Կարծում ենք, եթե ոչ բոլորից, ապա շատերից իշխանությունը կընդունի օմմաժն ու կնվիրի պատգամավորական մանդատներ։ Ճիշտ է, վարչապետը զօրուգիշեր խոսում է միայն խորհրդարանական ընտրությունների մասին, բայց դա ավելի շատ ձեւի համար է։ Չէ՞ որ, ինչպես մի անգամ անկեղծորեն նկատել է Ստալինը. «Իրականում երկիրը կառավարում են ոչ նրանք, ովքեր ընտրում են պառլամենտների իրենց պատգամավորներին բուրժուական հասարակարգում կամ Սովետների համագումարում՝ խորհրդային կարգերի օրոք։ Ո՛չ։ Երկիրը կառավարում են փաստորեն նրանք, ովքեր իրականում տիրել են պետության գործադիր ապարատներին, ովքեր ղեկավարում են այդ ապարատները»։  

Թեեւ հազիվ թե իշխանությունն ընտրությունների միջոցով ստանա խորհրդարան, որի մասին երազում է։ Դա օբյեկտիվ օրինաչափություն է։   

Ինչպես ասել է մի առիթով Ուիլ Ռոջերսը. «Ընտրություններից եւ ամուսնությունից հետո հազվադեպ ես ստանում այն, ինչ ուզում էիր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ