03 10 2018

Ապակայունացումը ձեռնտու է միայն արտաքին թշնամուն․ «Հայոց աշխարհ»

Ապակայունացումը ձեռնտու է միայն արտաքին թշնամուն․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Համաշխարհային փորձը բազմիցս փաստել է, որ պատերազմական վիճակում գտնվող երկրների ապակայունացումը ձեռնտու է միայն ու միայն արտաքին թշնամուն։  

Օրինակներ կարելի է բերել անվերջ, սակայն առանց դրանց էլ ակնհայտ է. պատերազմը դեռ չավարտած եւ զինադադար չկնքած երկրում արտահերթ ընտրությունները կարող են միայն վնաս բերել, քանի որ նման լարված վիճակում ընտրությունները ենթադրում են անկայունություն, որը հենց այն է, ինչ երազում է խրամատների մյուս կողմում գտնվող հակառակորդը։  

Այդ պատճառով նման երկրներում արտահերթ ընտրությունների անցկացման մասին մտածող առաջնորդների քաղաքական պահվածքը ճանապարհ է հարթում այն երեւույթի համար, որը ժամանակին ֆրանսիացիները բնութագրել են իբրեւ կոլաբորիացիոնիզմ, այսինքն՝ սեփական երկիրը թուլացնելով՝ արտաքին թշնամու հետ համաձայնության գալու ու գործակցելու ձգտում։  

Պարտադիր չէ, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում հրահրվող քաղաքական ապակայունացումը հասնի իր հռչակած նպատակի իրականացմանը, որպեսզի դրանով վնասի սեփական պետությանն ու ժողովրդին։ Եթե անգամ դրանք ձեռնարկելու փորձերը կանխվում են իրենց հասունացման ինչ-որ հանգրվանում, միեւնույն է, դրա հետեւանքով այնպես է պառակտվում հասարակությունը, այնպես են նրա առանձին խմբերն ու շերտերը թշնամանում միմյանց հետ, որ նման հոգեբանական վիճակը առաջին հերթին կազմալուծող ազդեցություն է ունենում հենց բանակի վրա։   

Եթե վաղը իշխանությունը, ժողովրդին նորից դուրս բերելով փողոցներ, բախումների, ընդհարումների ու ծեծկռտուքի մթնոլորտ ստեղծի, ապա նման հոգեբանական վիճակում հայտնված հանրության համար ոչ միայն կխամրի արտաքին թշնամու դաժան կերպարը, այլեւ տեղի կունենա հոգեբանական որոշակի հեղաբեկում։  

Իսկ դա խորանալու դեպքում կարող է հանգեցնել կոլաբորիացիոնիստական տրամադրությունների մասսայականացմանը։ Այսինքն՝ հանուն գերնպատակի վերածվող «ներքին թշնամուց» ազատվելու խնդրի, արտաքին թշնամու հետ համաձայնության գալու մտայնության արմատավորմանը՝ զանգվածային գիտակցության մեջ։   

Ավելորդ է անգամ զգուշացնել, որ նման տրամադրությունները մեր հասարակության որոշակի հատվածին համակելու դեպքում կարելի է փակված համարել վերջին 27 տարիների պայքարի ու զրկանքների պատմությունը, քանզի այդպիսի թունավորված մթնոլորտում հայտնված երկրին հաղթելու ստույգ հնարավորության գոյությունը մի րոպե անգամ բաց չի թողնի Ադրբեջանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ