28 09 2018

Նոր ցնցումների ճանապարհը․ «Հայոց աշխարհ»

Նոր ցնցումների ճանապարհը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ազգային ժողովի ընտրությունները առաջաձգելու նպատակադրումը աշնան երկրորդ կեսին կարող է լրջագույն ցնցումներ առաջացնել Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ վերստին խաթարելով երկրի բնականոն զարգացման ընթացքը։   Գարնանը հեղափոխական կատակլիզմներ վերապրած Հայաստանի համար սա դառնալու է ապակայունացման մի նոր փուլ՝ անցանկալի հետեւանքներով հանդերձ։   

ԱԺ ընտրությունների արագացման խնդիրը քննարկվել է դեռեւս գարնան ամիսներին եւ կառավարության ծրագրում ամրագրվել է դրա անցկացման մեկամյա ժամկետը։ Անշուշտ «մեկ տարվա ընթացքում» արտահայտությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, սակայն նոր իշխանությունները բազմիցս մատնանշել են նաեւ ավելի հստակ տարեթիվ՝ 2019 թվականի գարունը։   

Ուրեմն ի՞նչ եղավ, որ նրանք մոռացան իրենց իսկ որոշումը եւ Երեւանի ավագանու ընտրությունները վերածելով վարչապետի վստահության հանրաքվեի, այժմ էլ պատրաստվում են տարեվերջին անցկացնել խորհրդարանական ընտրություններ։   

Չպետք է մոռանալ, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ սահմանադրական նորմերը հարգելու անհրաժեշտությունը ոչ միայն իշխանության, այլեւ պետության լեգիտիմության չափորոշիչներից է։ Իսկ այդ նորմերով այսօր գոյություն չունի Ազգային ժողովի արձակման մի այնպիսի մեխանիզմ, որ կարող է ճանաչվել մեր հասարակության ու արտաքին գործընկերների կողմից։   

Ազգային ժողովը շարունակում է իր բնականոն աշխատանքը եւ ինքն իրեն սաբոտաժի ենթարկելու մտադրություն չունի։ Խորհրդարանը իրավունք չունի նաեւ առաջիկա մեկ տարվա ընթացքում անվստահություն հայտնել վարչապետին ու կառավարությանը։ Մինչ այդ հրաժարական տալու պարագայում կառավարությունն ինքը սաբոտաժի կենթարկի սեփական աշխատանքները՝ արհեստականորեն ապակայունացնելով երկրի ներքաղաքական կացությունը։   

Որքան էլ հիմնավոր թվան պնդումները, թե երկրում փոխվել է քաղաքական ուժերի հարաբերակցությունը, որեւէ մեկը չի կարող հիմնավորել, թե դա արտահերթ խորհրդարանական ընտրությունների գերարագացման հիմք կարող է դառնալ։ Նման պայմաններում արտահերթ ընտրություններն անխուսափելի են դառնում այն երկրներում, որտեղ իշխանության տարբեր թեւերը խոչընդոտում են միմյանց գործունեությանը, մինչդեռ Հայաստանում նման բան չկա։ Կառավարությունն ազատ է իր գործունեության մեջ եւ եթե լավ չի աշխատում, ապա այդ հարցում պետք է մեղադրի միայն ինքն իրեն։   

Ավելին՝ միջազգային պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ երկրի գործադիր իշխանությունը գտնվում է մեկ ուժի, իսկ օրենսդիրը՝ մյուսի ձեռքում, բայց դա չի նշանակում, թե ուժերի հարաբերակցության որեւէ փոփոխություն պարտադիր պահանջում է արտահերթ ընտրությունների անցկացում։   

Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ երկրում փլուզվել է քաղաքական համակարգը, ուստի ժամանակ է հարկավոր, որ քաղաքական ուժերը հարմարվեն նոր իրողություններին եւ կարողանան ձեւավորել ընդդիմադիր բեւեռ։ Հակառակ դեպքում հապշտապ ընտրությունների անցկացումը հանգեցնելու է Ազգային ժողովում սահմանադրությամբ նախատեսվող՝ տեղերի մոտ մեկ երրորդը ընդդիմությանը պատկանելու նորմի ոտնահարմանը։  

Հարց է առաջանում. ինչո՞ւ որոշեցին նոր իշխանավորները արագացնել Ազգային ժողովի ընտրությունները։ Ակնհայտ է, որ դա տեղի ունեցավ ամենեւին էլ ոչ սեպտեմբերի 23-ին։ Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ կազմակերպելով օգոստոսի 17-ի հանրահավաքը՝ իշխանությունն ու նրա առաջին դեմքը զգացին, որ երկրում սկսում են տրամադրություններ փոխվել։   

Այդ ժամանակ Ն.Փաշինյանը թեպետ կրկնեց ԱԺ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու դրույթը, բայց հավելեց, որ հնարավոր վտանգները կանխելու նպատակով հարկավոր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել։ Սակայն քանի որ այդ առումով էլ ժամանակ էր պահանջվում, որոշվեց արհեստականորեն քաղաքականացնել Երեւանի ավագանու ընտրությունները։  

Դրան հետեւած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական հետապնդման գործը շոուի վերածելու, ԱԱԾ եւ ՀՔԾ խեկավարների խայտառակ խոսակցության լուսարձակման շուրջ մթնոլորտն է՛լ ավելի սրելու քայլերը հանրային համախմբում ապահովելու նպատակ ունեին։   

Հեղափոխության թշնամիներից բխող մահացու վտանգի մասին բոլշեւիկյան կարգախոսը կատարեց իր դերը եւ ապահովեց գործող վարչապետի` նորից ձիու վրա հայտնվելը։ Երեւանի ավագանու ընտրություններն ընթացան այն կարգախոսով, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի բոլոր հակառակորդները «սեւ ուժեր» են, ուստի պետք է նրանցից պաշտպանել հեղափոխության իդեալները։  

Այսպիսով խորհրդարանական ընտրություններն արագացնելու գաղափարը քաղաքական օրակարգ մտավ այն բանից հետո, երբ իշխանությունը զգաց, որ չի կարողանալու գոնե մեկ տարի այնպես ղեկավարել երկիրը, որ հանրությունը չհուսախաբվի իրենից։ Ուստի որոշվեց գնալ վա-բանկ եւ նախկինների կերպարը դարձնելով բացասական քարոզչության թիրախ՝ դժգոհության նորանոր ալիքներ բարձրացնել Հայաստանում։   

Սա 1937 թվականին՝ ստալինյան վարչակարգի եւ 1960-ական թվականների չինական կուլտուրական հեղափոխության շրջանում՝ Մաո Ցզե Դունի եւ նրա խունվեյբինների կողմից բազմիցս հաջողությամբ գործադրված հնարք է։ Հարկավոր է նախկինների շրջանում փնտրել նորանոր թշնամիներ ու նրանց քարկոծելու միջոցով գտնել երկիրը վերահսկելու նոր աշխատակարգեր։  

Ակնհայտ է, որ այս հնարքն ունի նաեւ արտաքին պատվիրատուներ, որոնք շահագրգռված են Հայաստանի աշխարհաքաղաքական կացության արմատական փոփոխությամբ։ Ուստի նրանք պահանջում են ոչ թե ժողովրդավարություն կամ տնտեսական առաջընթաց, այլ նորանոր ցնցումներ ու ամբոխավարական հաշվեհարդարներ բոլոր այն ուժերի ու գործիչների հանդեպ, որոնք առաջնորդվում են ազգային շահերով։ Եվ քանի դեռ հայ ժողովուրդը հիպնոսի մեջ է, հարկավոր է ամբողջովին կառավարելի դարձնել Հայաստանի քաղաքական դաշտը ու երկիրը զրկել դիմադրողականությունից։  

Նման պայմաններում Ազգային ժողովի ընտրությունների արագացումը ձեռնտու է նաեւ Ադրբեջանին, որն իր հույսը չի կտրել Հայաստանի նոր իշխանություններից, որոնց մեջ տեսնում է Լ.Տեր-Պետրոսյանի արտաքին-քաղաքական ուղեգծի շարունակողներին։  

Հայաստանի ներքաղաքական իրողությունների արագ փոփոխության սցենարը հղի է նաեւ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ պրոբլեմներ ստեղծելու վտանգով, որովհետեւ պաշտոնական Մոսկվան բազմիցս է ճանաչել 2017 թվականին ընտրված Ազգային ժողովի լեգիտիմությունը։  

Այս բոլոր ռիսկերի ու վտանգների գոյության պայմաններում չի կարելի թույլ տալ սահմանադրության պահանջները ոտնահարող ընտրությունների անցկացում, ուստի միակ ելքը մնում է բանական փոխզիջումը Ազգային ժողովում ներկայացված ուժերի միջեւ, որը կարող է ձեռք բերվել կոնսենսունսի հիման վրա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ