27 09 2018

Խորհրդարանի սահմանադրական զավեշտը. «Ժողովուրդ»

Խորհրդարանի սահմանադրական զավեշտը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում իսկապես աննորմալ իրավիճակ է ստեղծվել. ամբողջությամբ խախտված են քաղաքագիտական սահմանները: Ու այսօր դժվար է միանշանակ ասել՝ որ քաղաքական ուժն է իշխանություն, եւ որը ընդդիմություն:

ՀՀԿ-ն թավշյա հեղափոխության արդյունքում հեռացվեց գործադիր իշխանությունից, հետո ԱԺ-ում իրեն հայտարարեց ընդդիմություն, բայց եւ ԱԺ-ում շարունակում է պահպանել օրենսդիր իշխանության լծակները: Մյուս կողմից գործադիր իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, բայց ԱԺ «Ելք» խմբակցությունը, որի մաս է նաեւ վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կայուն մեծամասնություն չունի, այլ այնտեղ 9 պատգամավոր է:

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեեւ Փաշինյանի կառավարության մաս են կազմում, բայց նրանց էլ դժվար է ԱԺ-ում համարել իշխանություն, միաժամանակ նաեւ դժվար է համարել ընդդիմադիր: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում ասված է. «Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր»:

Այսօր Հայաստանում, ըստ էության, կառավարության կազմավորման վերաբերյալ չկա ստորագրված հուշագիր: Ու այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ ԱԺ-ում բոլորն են ընդդիմադիր խմբակցություն,՛ բայց եւ բոլորը իշխանական լծակներ ունեն՝ ՀՀԿ-ն` օրենսդիրում, մյուսները՝ գործադիրում:

Սա, ի դեպ, Սերժ Սարգսյանի համար գրված սահմանադրության եւ օրենսդրության հետեւանք է: Պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ Քննիչ հանձնաժողովի առաջին նիստում խորհրդարանական ուժերը շուրջ 40 րոպե գլուխ էին կոտրում մեկ հարցի շուրջ՝ ո՞վ է հայաստանյան գործող խորհրդարանի ընդդիմությունը: Բանն այն է, որ Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Ուստի մինչ այդ հարկավոր էր ճշտել այդ հարցը: Ի վերջո, երկար բանավեճերից հետո Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որն այս օրերին ԱՄՆ-ում է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ