25 09 2018

Շատ հավանական է՝ Նիկոլ Փաշինյանը խաղա Ղարաբաղյան գործիքի վրա․ ռուս քաղաքագետ․ «168 ժամ»

Շատ հավանական է՝ Նիկոլ Փաշինյանը խաղա Ղարաբաղյան գործիքի վրա․ ռուս քաղաքագետ․ «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է․ «Ժամանակը սկսում է աշխատել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-  մեզ հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացված Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին:

Նրա խոսքով՝ անկասկած, Երևան քաղաքում Փաշինյանի` «Իմ քայլը» դաշինքը հաղթեց, բայց ոչ այնքան համոզիչ, ինչպես «Իմ քայլի» ղեկավարը կցանկանար: Ըստ նրա, ամեն ինչ նման կերպ ստացվեց նույն վստահության և փողոցային «վառելիքի» շնորհիվ, որը մինչև հիմա աշխատում է, բայց արդեն ոչ այնքան անհրաժեշտ դինամիկայով: «Ինքնին Երևանը, որպես Հայաստանի վարչապետի հովանավորյալի գործունեության դաշտ, կոնկրետ աշխատանք է և նույնիսկ ոչ այնքան հասարակության կենսամակարդակի բարելավման, այլ ներկայիս պայմաններում, ես նույնիսկ կասեի, ներկայիս կենսամակարդակի պահպանման, որպեսզի այն չընկնի»,- ասաց Տրոֆիմչուկը:

Ժամանակը, նրա խոսքով, սկսում է աշխատել Փաշինյանի դեմ, քանի որ անհրաժեշտ է հստակություն` առավել ևս՝ ձմռանն ընդառաջ:

«40 տոկոսից մի փոքր ավելի մասնակցությունը խոսում է իր մասին. հասարակության վստահության կրեդիտը անվերջ չէ, և Փաշինյանը, դատելով ամեն ինչից, փայլուն կերպով հասկանում է, հենց այդ պատճառով էլ ակտիվացրել է ԱՄՆ-ից աջակցության փնտրտուքը՝ մասնավորապես հայկական Սփյուռքի ներսում: Բայց այնուամենայնիվ Փաշինյանը Հայաստանում ևս մեկ կարևոր իշխանական հենակետ զբաղեցրեց: Պոտենցիալ քաղաքապետ Հայկ Մարությանի անձը չեմ մեկնաբանի, քանի որ համաշխարհային քաղաքականությունը չունի դերասանների` իշխանության մաս կազմելու հաջող օրինակներ, Ռոնալդ Ռեյգանի միակ դասական բացառությամբ, ում մասին մշտապես հիշում են այս առնչությամբ»,- նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետը:

Անդրադառնալով հնարավոր հետագա զարգացումներին և ՀՀ ԱԺ ինքնալուծարման հնարավորությանը` Տրոֆիմչուկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն այն տակտիկան են որդեգրել, ըստ որի՝ Փաշինյանն ինքն իրեն կհեղինակազրկի, չտալով քաղաքացիներին այն, որի հույսը նրանք ունեին:

«Ուստի նրանց խնդիրն է՝ ջանալ, որքանով դա հնարավոր է՝ հանգիստ կերպով մի կողմում կանգնել այնքան, մինչև վարչապետի ֆիգուրն ինքն իրեն սպառի: Եթե միևնույն ժամանակ հանրապետականներին և նրանց հետ կապված անձանց Փաշինյանը թափ չտար, չդիպչեր՝ շատ ավելի լավ կլիներ նրանց համար: Խորհրդարանի ինքնալուծարումը, ինչպես հայտնի է, օրենքով անհնար է, սակայն Փաշինյանը ժամանակ ևս չունի, ինչպես ասացի, ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում:

Ուստի նրան հարկավոր է հավելյալ աջակցություն դրսից, ինչը տեղի ունեցավ խորհրդարանում Փաշինյանի թեկնածության օգտին քվեարկության շեմին: Վստահ եմ, որ ԱՄՆ-ում քննարկվել է այդ հանգամանքը»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը պետք է շտապի լուծել լուռ «պառկած», բայց դեռ թշնամական խորհրդարանի հարցը, քանի որ առանց այդ հենակետի գրավման նրա հաղթանակը չի կարող համարվել ամբողջական ու վերջնական: Նրա խոսքով, ավելի պարզ եթե ասենք, ապա հեղափոխություն ողջ ծավալով դեռ տեղի չի ունեցել: «Բացի դրանից, ընտրողների մասնակցությունն ի աջակցություն Փաշինյանի՝ կարող է անկում ապրել:

Ուստի Փաշինյանը պետք է լուծի խորհրդարանի հարցը, և կարծում եմ, որ նրա շրջապատում արդեն մտածում են այդ հարցը լուծելու ոչ այնքան սահմանադրական եղանակներ, որը կարող է «էլ ավելի շատ կտրել ձգանը»: Էլ չեմ ասում այնպիսի ուժեղ, երաշխավորված կերպով ուշադրությունը շեղող գործիքների մասին` ոչ միայն հայ ընտրողների, այլ ողջ աշխարհի համար, ինչպիսին Ղարաբաղն է: Եվ Նիկոլ Փաշինյանը, շատ հավանական է, խաղա այդ գործիքի վրա»,- նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ