18 09 2018

Հասկանալի չէ, թե ինչպես է «ասֆալտապառկեցումը» ընտրվել ժողովրդավարության չափանիշ․ «Իրատես»

Հասկանալի չէ, թե ինչպես է «ասֆալտապառկեցումը» ընտրվել ժողովրդավարության չափանիշ․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Հազիվ թե ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ստիպված լինի երկար հետևել «ռեյդեր անելու» հրամանին, որով «ասֆալտներին պառկացնելու» մարդ չի մնա:

Գուցե կգտնվի խիզախ մեկը, որ Նիկոլ Փաշինյանին կասի` օլիգարխներն ու նախկին պաշտոնյաները ստեղծել են մասնավոր պահնորդական կազմակերպություններ օրինական ճանապարհով. 2012-ից գործում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը, և 500 000 դրամ պետական տուրք մուծելուց հետո հնարավոր է ոստիկանությունից լիցենզիա ստանալ ու բացել պահնորդական ընկերություն: Միանգամայն օրինական հիմքերով են գործում «Ալֆա Դելտան», «Երկրապահ սեքյուրիթին», «Լեգիոնը», «Գրիֆը», «Միհրը», «Սպեցնազը» և մյուսները:

Փոխեք օրենքը և զրկեք լիցենզիայից կամ փոխեք պայմանները, զրկեք զենք կրելու ու կիրառելու իրավունքից: Ինչքան էլ Օսիպյանը նրանց կամ այլոց «ասֆալտներին պառկացնի», հետո բաց է թողնելու: Ու ի՞նչ: Հասկանալի չէ, թե ինչպես է «ասֆալտապառկեցումը» ընտրվել ժողովրդավարության չափանիշ` ցույց տալու, որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ:

Աշունն ու ձմեռն էլ հետը` քաղաքական կյանքի քրեական քրոնիկոնի փոխակերպման հետ ենք բախվելու: Ձևակերպումները տարբեր են լինելու` պայքար կոռուպցիայի դեմ, թալանի վերականգնում, արդարության վերահաստատում: Ամբողջ հմայքն այն է, որ այդ ամենը ճիշտ է լինելու: Բայց` ընտրովի: Ու այս ամենի հանրագումարը Հայաստանը դարձնելու է անկանխատեսելի երկիր, որտեղ ոչ ոք չգիտի, թե ինչպես են անցնելու իր առավոտը, կեսօրն ու երեկոն:

Ո՞վ ներդրում կանի այս Հայաստանում: Պատկերացնու՞մ եք` Օսիպյանի ենթակաները պատահաբար կանգնեցնեն ու ասֆալտին փռեն հայկական համարանիշներով մեքենաներով երթևեկող այսինչ երկրի այնինչ գործարարի` իր աշխատողների աչքի առաջ: Դե արի ու բացատրիր` ռեյդ ենք անում հակահեղափոխության դեմ, դուք մեր գլխի վրա տեղ ունեք, ձեր դեմ ոչինչ չունենք: Ու սա զավեշտ չէ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ