«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Կառավարությունը կարծես մտափոխվել է եւ մտադիր չէ նվազեցնել ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների եկամտային հարկի դրույքաչափը։ Զարմանալի է թերեւս այն հիմնավորումը, որ դրվել է նման մոտեցման հիմքում. կառավարության կարծիքով, այսպես, թե այնպես, դրանից այս խմբում ընդգրկված աշխատողների եկամուտների շոշափելի ավելացում չի լինի։ Թե որքանո՞վ է հիմնավորված այս փաստարկը, դատեք ինքներդ։
Մի բան ակնհայտ է, որ հերթական անգամ սոցիալապես անապահով հատվածը կանգնում է կոտրած տաշտակի առջեւ։ Կառավարությունը հակված չէ առավել նվազ եկամուտներ ունեցողների համար եկամտային հարկը դարձնել 20 տոկոս։ Թեեւ ներկայացված տարբերակներից մեկը ենթադրում է այդպիսի մոտեցում, այնուհունդերձ ակնհայտ է, որ կառավարությունը պատրաստ չէ գնալ այդ ճանապարհով։
Այնպես որ եկամտային հարկի հաշվին հասարակությանը խոստացված փաստացի վճարվող աշխատավարձի աճը, ըստ էության աշխատողների առնվազն կեսը չի զգա։ Թվում է, թե կառավարությունը պետք է մտածեր առաջին հերթին ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների եկամուտների ավելացման մասին։ Այնուհանդերձ նախապատվությունը տրվում է բարձր եկամուտ ունեցողներին։ Այդ մասին Հարկային օրենսգրքի փոփոխությունների առնչությամբ ակնարկեց նաեւ կառավարության ղեկավարը։
Ուստի ենթադրվում է, որ եկամտային հարկի վերջնական տարբերակը այդպիսին էլ կլինի։ Այլ հարց է, թե դա որքանով է բխում նաեւ հասարակության լայն զանգվածների շահերից։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից գործող օրենքի համաձայն, Հայաստանում սահմանված է եկամտային հարկի երեք սանդղակ։ Ըստ այդմ, մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում եկամտային հարկը կազմում է 23,150 հազարից մինչեւ 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս։ Ավելի բարձր եկամուտ ունեցողները հարկվում են 36 տոկոսով։ Երկար ժամանակ թմբկահարելով եկամտային հարկի նվազեցման թեման, այժմ կառավարությունը նախընտրում է այն տարբերակը, որ մինչեւ 150 հազար դրամ ստացողները պետք է շարունակեն հարկվել 23 տոկոսով։ Փոխարենը՝ նպատակահարմար է համարվում նվազեցնել երկրորդ եւ երրորդ խմբերում ընդգրկվածների եկամտային հարկի դրույքաչափերը՝ հավասարեցնելով 23 տոկոսի։
Ենթադրվում է, որ դրա շնորհիվ նրանք կստանան մի քանի տասնյակ միլիարդ դրամի հավելյալ եկամուտ։ Հատկապես երրորդ խմբում ընդգրկված քաղաքացիների համար, որոնց եկամուտներն առանց այդ էլ բարձր են, այս տարբերակը հարկային բեռի բավականաչափ կտրուկ իջեցում է։ Որ այս փոփոխության շնորհիվ հասարակության մի հատվածի եկամուտները կավելանան, անշուշտ լավ է։ Սակայն մեծ թվով քաղաքացիներ, ովքեր առանց այն էլ ունեն նվազ եկամուտներ, դրանից ոչինչ չեն ստանա։ Ընդհակառակը, նրանց մի մասի եկամուտները նույնիսկ կնվազեն։ Խոսքը հուլիսի 1-ից կենսաթոշակային կուտակային համակարգին միացած քաղաքացիների մասին է։
Ինչպես հայտնի է, եկամտային հարկի վերանայումից հետո օրենքը նախատեսում է վերականգնել կուտակային պարտադիրի բաղադրիչի նախկին համամասնությունը։ Այսինքն՝ 2,5 տոկոսի փոխարեն նրանք ստիպված են լինելու 5 տոկոս վճարել կուտակային կենսաթոշակային համակարգին։ Ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի դրույքաչափի պահպանումը պարզապես ապտակ է սոցիալական խոցելի խավերին։
Ինչպես հայտնի է, հաջորդ տարի եւս Հայաստանում աշխատավարձերի բարձրացում չի ակնկալվում, չնայած մինչեւ իշխանափոխությունը նման խոստումների պակաս չկար։ Ավելին՝ Հարկային օրենսգրքում նախատեսվում են մի շարք այլ փոփոխություններ, որոնք հանգեցնելու են բազմաթիվ ապրանքների գների բարձրացման։ Այդ մասին կառավարությունն առայժմ չի խոսում, բայց պատրաստվում է գնալ դրան։
Եկամտային հարկի բյուջետային կորուստներն ակնկալվում է փոխհատուցել սպառողական հարկերի բարձրացման հաշվին։ Դրանք հարկեր են, որոնք վճարում են սպառողները, այդ թվում՝ նրանք, որոնց համար կառավարությունը մտադիր չէ թեթեւացնել եկամտային հարկը։
Թե ուր մնացին սոցիալական արդարության սկզբունքները, որոնց շուրջ իշխանության եկած քաղաքական ուժերը սիրում էին ճառել, հայտնի չէ։ Եթե կառավարությանը թվում է, որ առաջիկա 5 տարիներին տարեկան 0,5 տոկոսով եկամտային հարկը նվազեցնելու պարտավորություն վերցնելով՝ լավություն է անում հասարակությանը, ապա չարաչար սխալվում է։ 100 հազար դրամ աշխատավարձի մեջ 0,5 տոկոսը ընդամենը 500 դրամ է։ Ահա թե ինչ է առաջարկում հասարակության կյանքում հեղափոխական փոփոխություններ խոստացած կառավարությունն աշխատող քաղաքացիների այն հիմնական խմբին, ովքեր ստանում են մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ։
Ակնհայտ է, որ այն, ինչ ի սկզբանե ակնկալվում էր, չի լինելու։ Ցածր աշխատավարձ ստացողները եկամտային հարկի տեւական ժամանակ թմբկահարվող թեթեւացումից կստանան հերթական դատարկ խոստումները։
Միամտություն է կարծել, որ 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ունեցողների եկամտային հարկի նվազեցումը պայմաններ կստեղծի թաքնված աշխատավարձերի բացահայտման համար։ Այդ հատվածում դրանք հիմնականում բացահայտված են։ Այլ հարց է, որ խնդիր կա ցածր աշխատավարձերի դեպքում։ Սակայն այն, ինչ մտադիր է անել կառավարությունը, չի նպաստելու նաեւ այդ խնդրի լուծմանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը