28 08 2018

Ո՞ւր է գնում կառավարությունը․ «Հայոց աշխարհ»

Ո՞ւր է գնում կառավարությունը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Իշխանափոխությունից հետո Հայաստանում ձևավորված կառավարության գործունեությունը տնտեսության ոլորտում լեցուն է անորոշություններով։ Մինչ օրս հեղափոխական փոփոխություններ խոստացող կառավարությունը չի ներկայացրել անգամ տնտեսական քաղաքականության հստակ հայեցակարգ։ Արծարծվում են ընդհանուր գաղափարներ, որոնց իրականացման ժամկետները շարունակում են անորոշ մնալ։   

Գործունեության 100 օրերին միակ բանը, որը կառավարությունն արել է՝ մեծածավալ կոռուպցիոն բացահայտումների նմանակում ստեղծելն է։ Բացահայտումներ, որոնք շատ դեպքերում հիմնավորված չեն եւ ունեն հիմնականում հասարակության շրջանում տպավորություն գործելու նպատակադրում։ Պատահական չէ, որ վերջին շրջանում այլեւս չի խոսվում դրանց շնորհիվ պետական գանձարան մտած մեծածավալ գումարների մասին։   

Այն, որ բարձր տնտեսական ակտիվությունը կառավարությունը փորձում է ներկայացնել որպես լուրջ ձեռքբերում, ամենեւին էլ իր ծառայությունը չէ։ Տնտեսությունը ինքնաբերաբար առաջ է ընթանում։ Ընդ որում՝ իշխանափոխությունից հետո գրեթե բոլոր ոլորտներում նկատվում է ցուցանիշների վատացում։ Ընկել է տնտեսական ակտիվության որակը։ Այնպես որ տեղին չէ նախորդ կառավարության գրանցած արդյունքները ներկայացնել որպես սեփական ձեռքբերում։   Տնտեսական տարին Հայաստանում չափազանց ակտիվ սկսվեց։ Առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը հասավ ընդհուպ 10,6 տոկոսի։ Դրան հաջորդող շրջանում ակտիվության մակարդակը աստիճանաբար դանդաղեց։ Տարվա առաջին կեսին տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմեց 8,9 տոկոս, որի հիմնական մասը ձեւավորվել է առաջին եռամսյակի արդյունքներով։   

Նվազեց հատկապես արդյունաբերության մասնակցությունը տնտեսական ցուցանիշների ձեւավորման գործում։ Երեք ամսում աճը այս ոլորտում գրեթե կրկնակի կրճատվեց։ Հակառակ դրան, տնտեսական ակտիվության հարցում մեծացավ ծառայությունների եւ հատկապես գյուղատնտեսության դերակատարությունը, որտեղ անհասկանալի աճ արձանագրեցին։ Տարեսկզբի կտրուկ դրսեւորումներից հետո աստիճանաբար անհետացավ նաեւ շինարարության ոլորտի ակտիվությունը։   

Տնտեսության տարբեր ճյուղերում տեղի ունեցող այս դրսեւորումներն ուղղակիորեն արտահայտվեցին առեւտրաշրջանառության վրա։ Ընդ որում՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին։   

Նկատելիորեն խորացել է արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը։ Եթե առաջին եռամսյակում արտահանումը 1,8 անգամով էր զիջում ներմուծմանը, ապա արդեն երկրորդում այն հասել է 2,2-ի՝ պայմանավորված մի կողմից արտաքին շուկաներում մատակարարումների ծավալների աճի դանդաղումով, մյուս կողմից ներմուծման ակտիվացմամբ։   

Կառավարության գործողությունները մեծացրել են ներքին տնտեսության վտանգները։ Մինչ վարչապետը խոսում է արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսություն ձեւավորելու մասին, տեղական արտադրանքը դուրս է մղվում ներքին շուկայից՝ փոխարինվելով ներմուծմամբ։ Խնդիրներ ունեն մասնավորապես մսամթերք արտադրողները։   

Ներքին շուկայից դուրս մղվելու վտանգի առջեւ է տեղական ցեմենտի արտադրությունը։ Կառավարության անգործության կամ թողտվության հետեւանքով լուրջ բարդությունների առաջ է հայտնվել հանքարդյունաբերությունը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի տնտեսության առանցքային եւ համակարգաստեղծ ճյուղերից մեկը։   

Գործադիր իշխանության ղեկավարների քայլերը որեւէ տրամաբանության չեն ենթարկվում տնտեսության մեջ արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման առումով։ Ներդրումների բում խոստացող կառավարությունը գործունեության նախորդ ամիսներին չկարողացավ գոնե մեկ քիչ թե շատ լուրջ ծրագիր մեկնարկել։   

Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ է տեղի ունենում այս ոլորտում։ Մի կողմից հայտարարելով ներդրումների պաշտպանության մասին, մյուս կողմից՝ կառավարությունն իր չպատճառաբանված գործողություններով խնդիրներ է ստեղծում արդեն սկսված ներդրումային ծրագրերի համար։ Արդեն գրեթե երկու ամիս կասեցված է ավարտին մոտեցող խոշոր ներդրումային ծրագրերից մեկը՝ ի դեմս Ամուլսարի։ Կառավարության գործողությունների հետեւանքով հարցականի տակ են հայտնվել էներգետիկ ոլորտի մի շարք նախագծեր։   

Չնայած ձեւավորված սպասումներին, այնուհանդերձ չկան փոփոխություններ հասարակության սոցիալական վիճակում։ Չեն երեւում խոստացված աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի և սոցիալական այլ վճարների ավելացման հիմքերը։ Վերջին շրջանում զգալիորեն մեծացել են գնաճային ճնշումները առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների շուկաներում։ Հասարակության գնողունակության անկման հետեւանքով կրճատվել է ներքին մանրածախ առեւտրի ծավալը։   

Իշխանության գալուց հետո կառավարական ուժերը մոռացան էներգակիրների գների նվազեցման վերաբերյալ տված խոստումները։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում դրան հասնելու համար համառորեն պայքարում էին նախորդ իշխանությունների դեմ։ Մեծ ջանքեր պետք չէր՝ նվազեցնելու հատկապես բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի ակցիզային հարկը, որը տարեսկզբին գների բարձրացման պատճառ դարձավ։ Ժամանակին այդ նպատակով Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը նույնիսկ փորձեց հրապարակային միջոցառումներ կազմակերպել՝ պահանջով նվազեցնել վառելանյութի ակցիզային հարկը։   

Այսօր արդեն կառավարությունը ոչ միայն չի հիշում այդ մասին, այլև պատրաստվում է հաջորդ տարվանից այն դարձյալ բարձրացնել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ