02 08 2018

Խոսքի և գործի տրամագծորեն տարբեր լինելու հետևանքները. «Հայոց աշխարհ»

Խոսքի և գործի տրամագծորեն տարբեր լինելու հետևանքները. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին՝ այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի», առաջին լուրջ ազդանշանն է, որ պաշտոնական Մոսկվան չի վստահում վարչապետ Փաշինյանին և իր «նախընտրական» խոստումներին։

Այս դեպքում խոսքը վերաբերում է հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ սկսված քաղաքական հաշվեհարդարին, բայց սա ռուսաստանյան քաղաքական վերնախավի անհանգստության միակ առիթը կամ պատճառը չէ։

Այն, որ Կրեմլում հալած յուղի տեղ չեն ընդունում «թավշահեղափոխական» վարչապետի հավաստիացումները, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվել՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը մնում է մեր արտաքին օրակարգի հիմնական գերակայություններից մեկը, հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, ավելին՝ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններն ավելի են ընդլայնվելու ու խորանալու, պարզ էր ի սկզբանե։

Եվ դա հասկանալի է. եթե մարդը ընդամենը կես տարի առաջ ԱԺ ամբիոնից հիմնավորում էր, թե ինչու պետք է օր առաջ դուրս գալ Հայաստանին վնասից բացի ոչ մի օգուտ չտվող ինտեգրացիոն այդ գործընթացից, առնվազն միամտություն կլիներ հավատալ նրա անկեղծությանը։

Մոսկվան, ըստ այդմ, սպասողական կեցվածք էր ընդունել և լուռ հետևում էր «Նոր Հայաստանում» ընթացող «հեղափոխական զարգացումներին»՝ փորձելով հասկանալ, թե ինչ երևույթի հետ գործ ունեն։ Եվ որքան էլ Փաշինյանն ու իր թիմակիցները ջայլամի պես գլուխը մտցնեն ավազի մեջ՝ կարծելով, թե չեն երևում, չէին կարող չտեսնել, որ հայաստանյան «նոր իշխանությունների» խոսքը, մեղմ ասած, գործին չի համապատասխանում։

Ռոբերտ Քոչարյանին հաշված ժամերի ընթացքում մեղադրանք առաջադրելու և ուշ գիշերով կալանքի տակ վերցնելու «պատմական որոշումից» առաջ էլ արդեն ակնհայտ էր, որ Նիկոլը կտրուկ շրջադարձ է արել Հայաստանը «սիրո և համերաշխության» օազիս դարձնելու, «վենդետաներ չանելու», «թշնամանքի և ատելության էջը փակելու» խոստումների առումով և վհուկների որս սկսել նախկին իշխանավորների ու նրանց մերձավորների դեմ։

Երկրորդ նախագահի դեմ այս անթույլատրելի ոտնձգությունը, երբ, թքած ունենալով սահմանադրության վրա և գլխիվայր շուռ տալով իրողությունները, փորձում են մեղադրել «սահմանադրական կարգը տապալելու» մեջ, դարձավ լակմուսի այն թուղթը, որ համոզիչ կերպով ցույց տվեց. Փաշինյանն ասում է մի՛ բան, անում ճի՛շտ հակառակը։ Եվ ուրեմն որևէ երաշխիք չկա, թե «հայ-ռուսական անխախտ բարեկամության» մասին երդումներն էլ նույն բախտին չեն արժանանա։

Արևմուտքը ևս խիստ զգուշավոր է վերաբերում Փաշինյանի հռչակած «ժողովրդավարական բարեփոխումներին» և չի շտապում ծնծղաներ զարկել Հայաստանում «կոռուպցիայի դեմ» սկսված պատերազմի կապակցությամբ։

Եվ սա նույնպես հասկանալի է. զարմանալի կլիներ, եթե Հայաստանում փթթող ընտրովի «արդարադատությունը» հավատ ներշնչեր այդ հարցերում մասնագիտացած եվրոպացիներին ու ամերիկացիներին։ Ասածի վառ ապացույցը ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պյոտր Սվիտալսկու և ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններն են։

Առաջինը բավական կոշտ արձագանքեց Փաշինյանի «մուննաթախառն» ակնարկներին, թե կաշվից դուրս եկանք՝ կոռուպցիայի դեմ պայքարելով, ԵՄ-ի հե՛չ պետքը չի՝ Հայաստանին տրամադրվող պարգևավճարները դրանից չեն ավելանում. ասաց՝ ի՞նչ եք արել Եվրամիության հետ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ, որ ավելին եք ուզում։

ԱՄՆ դեսպանն էլ, որ մինչ ապրիլյան հեղաշրջումը խոսում էր Հայաստանում իրականացվելիք ամերիկյան խոշոր ներդրումների մասին, պակասը լրացրեց՝ ասելով. հիմա դրա ժամանակը չէ՝ «Լիդիանի» հարցը լուծեք, հետո խոսենք ներդրումների մասին։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը նույնպես լավագույն միջոցը չէ՝ արժանանալու Արևմուտքի բուռն և երկարատև ծափահարություններին։ Ի վերջո, և՛ ԵՄ երկրները, և՛ Միացյալ Նահանգները Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին շատ արդյունավետ համագործակցել են Հայաստանի հետ։

Չմոռանանք, որ հենց նրա օրոք Հայաստանը ներգրավվեց «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում, որի պարտադիր պայմանը մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերում որոշակի առաջընթաց արձանագրելն էր։ Դժվար թե այնտեղ ոգևորված լինեն նրանով, որ 10 տարի շարունակ նախագահի պաշտոն զբաղեցրած անձի վրա գործ են սարքում՝ անհեթեթ ինչ-որ մեղադրանքով։

Առավել ևս, որ ո՛չ ամերիկացիները, ո՛չ Եվրոպայի խորհուրդը և Եվրամիությունը երբևէ չեն էլ փորձել կասկածի տակ դնել մարտի 1-ի խժդժությունները կասեցնելու նպատակով Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու որոշումը. նրանց բոլոր հայտարարությունները, դիտողությունները և առաջարկությունները՝ «Մարտի 1»-ի գործի հետ կապված, բացառապես 10 սպանությունների լիարժեք բացահայտման մասին էին։

Փաշինյանի խոսքի և գործի տրամագծորեն տարբեր լինելու հանգամանքը պետք է մտահոգի նաև հայաստանյան քաղաքական ուժերին։ Ո՞րն էր վարչապետի հիմնական «նախընտրական» կարգախոսը. ստեղծել հավասար հնարավորություններ բոլոր քաղաքական ուժերի համար և գնալ Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող «ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների», լավագույնս օգտագործել հայության մտավոր և մասնագիտական ներուժը՝ անկախ կուսակցական պատկանելությունից։

Եվ ի՞նչ։ Այսօր մարդը ճիշտ հակառակն է անում՝ կառավարման բոլոր «ծակուծուկերը» լցնում է յուրային «պոլի փետերով»։

Եթե հայրենի քաղաքական ուժերը շարունակեն առաջնորդվել «Փաշինյանի մասին՝ կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» սկզբունքով՝ վախենալով վարչապետի ֆանատների «քացու տակ» ընկնելուց, հաստա՛տ վատ է լինելու բոլորի՝ թե՛ պետության, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ընդհանուր առմամբ հասարակության համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ