14 02 2025

ԵՄ-ն անտեսում է Հայաստանին. «Ժողովուրդ»

ԵՄ-ն անտեսում է Հայաստանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ԱԺ ՔՊ խմբակցությունը ԱԺ ամբիոնից մեծ-մեծ խոստումներ էր տալիս, թե Հայաստանը համապատասխան օրենքի ընդունումից հետո գնալու է Եվրոպական միություն, այդ կառույցն իրականում անտեսում է Հայաստանին:

Փետրվարի 12-ին Հայաստանի խորհրդարանը ՔՊ ոչ ամբողջական՝ 63 կողմ, 7 դեմ ձայներով մեծ շուքով ընդունեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի» մեկնարկի մասին օրինագիծը, որն ԱԺ էր բերվել արտախորհրդարանական ուժերի կողմից: Ու թեեւ ՔՊ-ականները սա ներկայացնում են իբրեւ հույսի օղակ, հանրությանը հրամցնում են, թե ուր որ է Եվրոպայի դռները, առանց վիզայի, բացվելու են մեր առջեւ, իրականությունն այն է, որ սա ընդամենը համաձայնություն է գործընթացի մեկնարկի մասին. ոչինչ ավելին: Իսկ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության տեսլականը դեռ մշուշոտ է, եթե ոչ՝ անիրատեսական:

 

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ թեեւ նախագծի ընդունումից արդեն 2 օր է անցել, բայց ԵՄ-ից՝ ձայն բարբառո հանապատի:

Ո՛չ Եվրահանձնաժողովը, ո՛չ Եվրապառլամենտը ինստիտուցիոնալ արձագանք չտվեցին մինչեւ երեկ՝ իրենց աշխատանքային օրվա ավարտը: Ասել է թե՝ Եվրամիության բաղձալի օրենքի ընդունումից 48 ժամ անց որեւէ կառույց չի ողջունել, չի շնորհավորել եւ ոչ էլ որեւէ կերպ ինստիտուցիոնալ արձագանք է տվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպա գնալու մտադրությունների նախագծին:

Ստացվում է, որ սա փաշինյանական հերթական բլեֆն է՝ ընտրություններից առաջ մեր հանրության եվրոպամետ զանգվածի համար, կամ էլ պարզապես պոպուլիստական հերթական քայլը, որը չեն ողջունում նաեւ այդ «մեծ ընտանիքի» անդամները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ