15 01 2025

Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին․ «Ժողովուրդ»

Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է սահմանադրական անկախ մարմնի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված, Դատական իշխանությանը նվիրված միջոցառման օրակարգը, որտեղ նշված է, որ ժամը 12:15-ին պետք է 5 րոպեանոց ելույթով հանդես գա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ հունվարի 8-ին պաշտոնապես հայտարարություն տարածվեց, որ ԱԺ նախագահը հունվարի 8-14-ը լինելու է ամենամյա արձակուրդում:

Այսինքն՝ ԲԴԽ նորանշանակ նախագահ Արթուր Աթաբեկյանը չի տիրապետում իրավիճակին եւ անգամ չի հանձնարարել ճշտել պետական պաշտոնյաների գրասենյակից՝ նրանք կմասնակցե՞ն միջոցառմանը, հաստատվե՞լ է նրանց ելույթը, թե՞ ոչ: Սա ուղիղ գնահատական է ԲԴԽ աշխատանքի վերաբերյալ եւ փաստում է, թե որքան են նրանք կտրված իրականությունից եւ որքան կախված՝ իշխանությունից: Անգամ հարկ չեն համարել միջոցառմանը չմասնակցող ԱԺ նախագահի անունը հանել օրակարգից:

Ի դեպ, թերեւս պատմության մեջ առաջին անգամ է, որ դատական իշխանության կողմից կամ դատաիրավական ոլորտում կազմակերպվում է միջոցառում, որտեղ հրավիրված չեն փաստաբանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը չի հրավիրվել ու չի մասնակցել միջոցառմանը: Փաստաբանների պալատից փորձեցինք պարզել` ինչու։ Ի պատասխան` աշխատակազմից միայն հայտնեցին, որ պաշտոնապես հրավեր չեն ստացել։

Սա ակնհայտ խտրական վերաբերմունք է, որը երբեք չի դրսեւորվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ