«Ակնհայտորեն հնարավոր չէ ունենալ իրական և աճող անկախություն, բարգավաճում և անվտանգություն առանց խաղաղության։ Դա ուղղակի անհնար է»,- Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում ելույթից հետո ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթի հարցին, թե «ինչո՞ւ եք այդպես հաստատակամ գնում դեպի Ադրբեջանի հետ խաղաղության»։
Փաշինյանը շարունակել է. «Հայաստանում մարդիկ և քաղաքական ուժերը քննարկում են, թե ինչպե՞ս է հնարավոր և ո՞րն է ամենահուսալի գործիքը մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Սա իսկապես շատ հրատապ և կարևոր հարց է։ Մեր պատասխանն այն է, որ խաղաղությունն է միակ հուսալի գործիքն անվտանգության համար, միակ հուսալի գործիքը բարգավաճման համար խաղաղությունն է։
Խաղաղությունն առանցքային է նույնիսկ ժողովրդավարության համար, որովհետև մենք չենք կարող ունենալ ժողովրդավարություն պատերազմի միջավայրում։ Կարող եմ ասել, որ պատմական գործոններով պայմանավորված, Հայաստանում մարդիկ այնքան էլ լավատես չեն խաղաղության օրակարգի առումով։ Բայց մյուս կողմից, եթե ինձ հարցնեիք` ես լավատես եմ, թե վատատես, այդ հարցին ես կպատասխանեի, որ չեմ կարծում, որ մենք պետք է լինենք լավատես կամ վատատես, մենք պետք է լինենք նախաձեռնող, ստեղծագործող և շարունակաբար աշխատենք այդ օրակարգի իրականացման ուղղությամբ։
Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ գործընթացը հաջող կլինի, դրա միակ երաշխիքը համառ աշխատանքն է, ստեղծագործող և նախաձեռնող լինելն է, չհանձնվելն է և շարունակաբար ցանկալիին հասնելու համար աշխատելն է։ Ակնհայտորեն, խաղաղության պոտենցիալ բարիքները կարևոր են ոչ միայն Հայաստանում ապրող մարդկանց համար, այլ ամբողջ տարածաշրջանի, նույնիսկ միջազգային հանրությունը կշահի այդ խաղաղությունից։
Այսպիսով, մենք ընկալում ենք այս գործընթացը որպես մեր ներդրումը համաշխարհային խաղաղությանը, որովհետև ինչպե՞ս է ձևավորվում համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը, երբ հնարավորինս շատ միջազգային հարաբերությունների շահագրգիռ կողմեր ներդրում անեն այդ գործին, աշխատեն այդ ուղղությամբ։ Եվ մենք այս գործընթացին այդ տեսանկյունից ենք նայում, դա ոչ միայն մեր պարտքն է մեր քաղաքացիների հանդեպ, մեր տարածաշրջանի հանդեպ, այլ դա մեր պարտականությունն է միջազգային հանրության, միջազգային կայունության և խաղաղության հանդեպ։
Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ևս այս գործընթացին այդ տեսանկյունից կնայի։ Մենք ակնկալում ենք ստանալ մեր միջազգային գործընկերների աջակցությունը, այս ճանապարհը շարունակելու նրանց խրախուսումը։ Սա է պատճառը, որ փորձում ենք բացատրել մեր բոլոր մտադրությունների նյուանսները մեր միջազգային գործընկերներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը