05 02 2025

Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա. Փաշինյան

Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա. Փաշինյան

«Մենք Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն ունենք»,- Վաշինգտոնում  Ատլանտյան խորհրդում ունեցած ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նա մանրամասնել է, որ վերջին տարիներին մի քանի հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, վերջերս հանդիպել է Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում. «Մենք շատ կոնկրետ համաձայնություն ունենք՝ առաջին փուլով բացել մեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար, և հույս ունենք հնարավորինս արագ հասնել այս համաձայնագրի իրականացմանը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Մյուս կողմից մենք խորացնում ենք համագործակցությունը տարածաշրջանային այլ գործընկերների հետ, նկատի ունեմ՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, կա միջազգային մի իրավիճակ, որը խոչընդոտում է մեր հարևանների հետ հարաբերությունների խորացմանը, և այս հանգամանքները բոլորին հայտնի են, ես չեմ նշի դրանք։ Բայց կարծում եմ` մեզ հաջողվում է հաշվի առնել այս բոլոր հանգամանքները, իսկ մյուս կողմից զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Իհարկե, հույս ունենք, որ մեր տարածաշրջանային իրավիճակում բեկում կլինի, երբ մեզ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բերել վերջնական տեսքի և ստորագրել այն, ինչպես նաև Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման, ինչը ոչ միայն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանային իրավիճակը, այլ նաև կարծում եմ` շատ շոշափելի ու զգալի ազդեցություն կունենա միջազգային իրավիճակի վրա»։

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթը հարցրել է, թե Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ինչպիսի՞ հեռանկարներ կան, նա պատասխանել է. «Մենք կշարունակենք և շարունակում ենք այդ երկխոսությունը։ Կարծում եմ` Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա։ Փաստացի, Թուրքիայի հետ հաղորդակցության որևէ խոչընդոտ չկա և մենք շարունակական կապի մեջ ենք։ Մեր արտգործնախարարներն են հանդիպում և խոսում շարունակաբար, մեր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են և մենք շատ ակտիվ աշխատում ենք ու անելիքների մասով կա ընդհանուր պատկերացում։ Բայց իհարկե, գոյություն ունեն որոշ նյուանսներ և իրական արդյունքի հասնելու համար որոշակի վերջնական քայլերի կարիք կա։ Հուսով ենք, որ շատ շուտով արդյունքը կլինի»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ