«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր խոսքում բազմաթիվ անգամներ թիրախավորել է կին գործիչներին եւ կիրառել է անթույլատրելի որակումներ, որոնք պարունակում են սեքսիզմի ակնհայտ դրսեւորումներ:
Այսինքն` վերջինս քննադատում է կին ընդդիմադիր գործիչներին՝ հատուկ թիրախավորելով կամ ակնարկելով նրանց սեռական պատկանելությունը:
Խոսենք փաստերով:
Նախ, երեկ նա տգեղ բառապաշարով վիրավորեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին: Երբ Եռաբլուրից հեռանալիս Մետաքսե Հակոբյանը ՔՊ-ականների ուղղությամբ բացականչեց՝ «Հարգանքի տուրքը ստացվեց, էլի. մադասպաննե՛ր», Ալեն Սիմոնյանն իրեն բնորոշ սանձարձակ պահվածքով արձագանքեց արցախցի պատգամավորին՝ «Զիբիլի վրայի կատվին տարե՛ք էստեղից»:
Եվ սա առաջին անգամը չէ, որ նա նման պահվածք է ցուցաբերում կին գործիչների նկատմամբ:
Դեռ նախորդ տարի՝ ԱԺ նիստերից մեկի ժամանակ, հենց նախագահությունից Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահին անհարիր բառերի մի շարան էր հնչեցրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հասցեին:
Ընդդիմադիր կին պատգամավորի սուր ելույթին Ալեն Սիմոնյանը արձագանքել էր՝ «Տխմարը դու ես, ա՛յ չինական…»: Իսկ երբ Աննա Մկրտչյանը, ի պատասխան Ալեն Սիմոնյանի վիրավորանքների, հեգնեց, թե կարող է անվտանգության աշխատակիցների կանչել, Սիմոնյանն արձագանքել էր՝ «…Որ գրկի»։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան եւս անմասն չէր մնացել Ալեն Սիմոնյանի թիրախավորումներից:
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Զախարովային անվանել էր «ինչ-որ քարտուղարուհի»։ «Չեմ պատրաստվում պատասխանել ինչ-որ գերատեսչության քարտուղարուհու, կարծում եմ՝ դա իմ մակարդակը չէ», – ասել էր Սիմոնյանը։
Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը, ով վերամբարձ խոսում է հանդուրժողականության մասին, իր խոսքում նպատակադրված թիրախավորում է կին ընդդիմադիր գործիչներին՝ ովքեր ՔՊ-ական չեն եւ քննադատում են իշխանություններին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը